ԺԱՄԿԵՏԱՆՑ ՊԱՐՏՔԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԸ ԿԱԶԱՏՎԵՆ ՀՈՂԻ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՏՈՒՅԺ-ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻՑ
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մայիսի 17-ին գյուղատնտեսության նախարարի, շրջանների վարչակազմերի ղեկավարների և ՙԳյուղի և գյուղատնտեսության հիմնադրամի՚ տնօրենի մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված ընթացիկ տարվա բերքահավաքի աշխատանքների կազմակերպման աշխատանքներին։
Ողջունելով ներկաներին՝ պետական նախարարը կարևորել է գյուղացիներին սահմանված ժամկետում մթերման գործընթացի մասին տեղեկացնելու, ինչպես նաև անկորուստ բերքահավաք կազմակերպելու հարցերը։ ՙՊետք է հողօգտագործողների համար ապահովենք առավելագույն հնարավորություններ, որպեսզի իրացման և մթերման համար խոչընդոտներ չլինեն, և գործընթացը կազմակերպվի հնարավորինս ընդունելի գներով՚,- ասել է Գ. Մարտիրոսյանը։
Խորհրդակցության ընթացքում գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը ներկայացրել է հացահատիկային դաշտերի իրավիճակի, հունձի նախապատրաստական աշխատանքների ընթացքի և գյուղատնտեսական տեխնիկայի՝ առկա և անհրաժեշտ քանակի մասին տեղեկություններ։
Խոսելով բերքահավաքի գործընթացի կազմակերպման մասին՝ Գ. Մարտիրոսյանը բոլոր վարչակազմերի ղեկավարներին հանձնարարել է նախնական տեղեկություններ հավաքագրել սպասվող բերքի ծավալների և բերքատվության վերաբերյալ, իսկ գյուղատնտեսության նախարարին ու ՙԳյուղի և գյուղատնտեսության հիմնադրամի՚ տնօրենին՝ սահմանված ժամկետում ուսումնասիրել հացահատիկային մշակաբույսերի շուկայական գինը և առաջարկություններ ներկայացնել մթերման գների վերաբերյալ։
Գ. Մարտիրոսյանը ՙԳյուղի և գյուղատնտեսության հիմնադրամի՚ տնօրենին հանձնարարել է, որ մթերում և բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների հետ բանակցություններ տարվեն, որպեսզի այս ուղղությամբ նույնպես ժամկետների ուշացումներ չլինեն։
Խորհրդակցության ընթացքում պետական նախարարը հանդես է եկել կարևոր հայտարարությամ. ՙԿառավարության համապատասխան որոշմամբ կսահմանվի նոր կարգ, համաձայն որի՝ շրջանների հողօգտագործողները, որոնք ունեն կուտակված վարձավճարների պարտավորություններ և որոնց վրա կա հաշվարկված տույժեր և տուգանքներ՝ սահմանված ժամկետանց պարտավորությունների մարման դեպքում՝ կազատվեն կուտակված տույժ-տուգանքներից՚։
Հանդիպման վերջում մտքեր են փոխանակվել հակահրդեհային պայքարի շրջանակներում հսկողության խստացման, ճանապարհների բարեկարգման և այլ հարցերի շուրջ:
ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ
կապերի բաժին