Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԸ

Ապրիլի 26-ին տեղի է ունեցել ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը, որը վարում էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։

Հաստատելով, նախ, նստաշրջանի օրակարգում առաջարկված լրացումը, ապա և լիագումար նիստի օրակարգը, խորհրդարանն առաջինը քննության առավ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին»  ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ 

Որպես կառավարության պաշտոնական ներկայացուցիչ՝ այն ներկայացրեց անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Լևոն Գրիգորյանը։ Նրա հաղորդմամբ՝ առաջարկված փոփոխությունները և լրացումները նպատակ ունեն համապատասխան որակավորում ունեցող անձանց կողմից քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության աշխատանքների իրականացման հնարավորության ընձեռման պայմաններում որակավորման վկայականի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու օրենսդրական բավարար հիմքեր սահմանել։ 

Օրինագծի կապակցությամբ գլխադասային՝ պետական-իրավական և արտադրության ու արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ ընդունած դրական եզրակացությամբ, որը նիստում ներկայացրեց նշված խորհրդարանական կառույցներից առաջինի  նախագահ Գագիկ Պետրոսյանը, առաջարկվեց օրենքն ընդունել առաջին ընթերցման ընթացակարգով՝ լրացուցիչ քննարկումների նպատակով։

Առաջարկությունն արժանացավ պատգամավորների հավանությանը, և օրենքն ընդունվեց առաջին ընթերցմամբ։

Օրակարգի երկրորդ հարցը վերաբերում էր «ԼՂՀ պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության ու մշակույթի անշարժ հուշարձանների մասին»  օրենքի նախագծին, որը խորհրդարանի նախորդ նիստում ընդունվել էր առաջին ընթերցմամբ։ Կառավարության լիազորմամբ ներկայացնելով այն, ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության վարչության պետ  Սերգեյ Շահվերդյանը հաղորդեց, որ անցած ժամանակամիջոցում պատգամավորներից ստացվել են մի շարք առաջարկություններ, որոնց մի մասը գործադիրը հաշվի է առել։

Օրինագծի վերաբերյալ դրական էր գլխադասային՝ արտաքին հարաբերությունների և գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության ու սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների ընդհանրական եզրակացությունը։ Երկու հանձնաժողովի անունից ներկայացնելով այն, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանն ի լրումն նշեց, որ առաջարկություններն ունեին երկակի բնույթ՝ խմբագրական և սկզբունքային, որոնք կառավարությունը հիմնականում ընդունել է։

Օրենքն ընդունվեց ձայների մեծամասնությամբ։

Ավարտելով օրենսդրական նախաձեռնությունների քննարկումները, նիստն այնուհետև, համաձայն կանոնակարգային պահանջի, լսեց մի շարք տարեկան հաշվետվություններ ու հաղորդումներ՝ 2009-2011թթ. ԼՂՀ պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագրի կատարման հաշվետվությունը (ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյան), ԼՂՀ վերահսկիչ պալատի 2011թ. գործունեության տարեկան հաշվետվությունը (ԼՂՀ վերահսկիչ պալատի նախագահ Արթուր Մոսիյան), ԼՂՀ  հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Նորեկ Գասպարյանի  հաղորդումը հեռուստառադիոընկերության 2011թ. գործունեության մասին,  ԼՂՀ տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման կարճաժամկետ  ծրագրով նախատեսված 2011թ. աշխատանքների կատարման վերաբերյալ հաղորդագրությունը («ՍՊԱրԾ»  ՊՈԱԿ գործադիր տնօրեն Բորիս Պետրոսյան)։

Որպես օրակարգային հարց՝ խորհրդարանն այնուհետև քննարկեց հանրապետության նախագահի առաջարկությունը ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Արթուր Աբրահամյանին և վերաքննիչ դատարանի դատավոր Գրետա Արզումանյանին Ազգային ժողովի կողմից ԼՂՀ գերագույն դատարանի դատավորներ նշանակելու մասին։ Պետության ղեկավարի նամակը, որպես պաշտոնական ներկայացուցիչ, նիստում ներկայացրեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության պետ Արայիկ Լազարյանը։

Հարցի առնչությամբ լսվեցին նաև առաջարկված թեկնածուների ելույթներն իրենց անցած աշխատանքային ուղու մասին։

Համաձայն  ԱԺ կանոնակարգով սահմանված ընթացակարգի, տեղի ունեցավ գաղտնի քվեարկություն։ Արդյունքում՝ Արթուր Ալեքսանդրի Աբրահամյանը 28 ձայնից՝ 25 կողմ և 3 դեմ և Գրետա Միքայելի Արզումանյանը 23 կողմ ու 5 դեմ ձայների հարաբերակցությամբ նշանակվեցին ԼՂՀ գերագույն դատարանի դատավորներ։ Հրապարակելով Ազգային ժողովի համապատասխան որոշումները, ԱԺ նախագահը խորհրդարանի անունից  Ա. Աբրահամյանին և Գ. Արզումանյանին  շնորհավորեց այդ պատասխանատու պաշտոնում  նշանակվելու կապակցությամբ, մաղթեց հաջողություններ։

Ըստ օրակարգի, կառավարության անդամների մասնակցությամբ նիստում տեղի ունեցավ օրենսդիր¬գործադիր ավանդական հարցուպատասխանի հերթական ընթացակարգը։ Պատգամավորների բարձրացրած հարցերը վերաբերում էին հանրապետության կենսագործունեության տարբեր բնագավառների ու  ոլորտների։

Այդպիսով՝ ԼՂՀ  5-րդ գումարման Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստն ավարտեց աշխատանքը։

 

ԼՂՀ ԱԺ ՄԱՄԼՈ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ