[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 26-ին այցելել է Մարտունու շրջանի Սոս գյուղ եւ հանդիպում ունեցել տեղի բնակչության հետ:

altԱյցի համար պատճառ է հանդիսացել նախօրեին երկրի ղեկավարին հղված գյուղի մի խումբ բնակիչների դիմում-բողոքը համայնքի ղեկավարի գործունեության վերաբերյալ:

Լսելով գյուղացիների կարծիքները տվյալ հարցի շուրջ` Նախագահն ընդգծել է, որ համայնքը հանդիսանում է կառավարման սկզբնական օղակը եւ նրա աշխատանքից է կախված նաեւ մյուս օղակների գործունեության արդյունավետությունը: Հետեւաբար այստեղ առկա բոլոր խնդիրները գտնվում են պետության ուշադրության կենտրոնում: Բակո Սահակյանը հանձնարարել է ԼՂՀ կառավարությանը, դատախազությանը եւ ոստիկանությանը մանրակրկիտ կերպով ուսումնասիրել ստեղծված իրավիճակը եւ ներկայացնել համապատասխան առաջարկություններ:

Այցի ընթացքում Նախագահին ուղեկցում էին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք: