ԿԸՀ-Ն ԸՆԴՈՒՆԵԼ Է ՆՈՐՄԱՏԻՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
2020թ. հունվարի 15-ին կայացած ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի այս տարվա անդրանիկ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանի ներկայացմամբ հանձնաժողովականների քննարկմանն են առաջարկվել 2020թ. հունվարի 1-ից գործության մեջ դրված ԱՀ ընտրական օրենսգրքից բխող նորմատիվ բնույթի շուրջ 6 տասնյակ իրավական ակտերի նախագծեր, որոնք, համաձայն ընտրական օրենգրքի 141-րդ հոդվածի 4-րդ մասի, պետք է ընդունվեն մինչև սույն թվականի հունվարի 31-ը։
Դեռ 2019թ. դեկտեմբերի 11-ին հանձնաժողովի մի շարք որոշումների նախագծեր ներկայացվել են հանրային կարծիքի, իսկ 2020թ. հունվարի 13-ին ԿԸՀ-ում կազմակերպվել են բաց քննարկումներ լրացուցիչ պարզաբանում պահանջող որոշ նախագծերի շուրջ։ Քննարկված հարցերը վերաբերվում էին ԱՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման, համապետական ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները սկանավորելու, տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից ընտրական փաստաթղթերն ու պարագաները փաթեթավորելու, ձերբակալվածների, կալանավորվածների ու դատապարտյալների քվեարկության, քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող ընտրողների համար քվեարկությունը մատչելի դարձնելու նպատակով լրացուցիչ հնարավորություններ սահմանելու կարգերին, ինչպես նաև Ընտրական օրենսգրքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի կիրարկման կարգի մշակման առանձնահատկություններին։
Հանրային կարծիքի հաշվառմամբ, ընտրական հանձնաժողովականների գործուն մասնակցությամբ, բաց քննարկումների արդյունքներով վերախմբագրված նախագծերը կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական քննարկման առարկան էին։ ԿԸՀ-ն ընդունեց համապետական և ՏԻՄ տարբեր ընտրությունների դեպքում ընտրության մասնակիցների (թեկնածուներ, վստահված անձինք, դիտորդներ, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ընտրական հանձնաժողովականներ, ընտրողներ` նրանց թվում սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ, ինչպես նաև քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցողներ) իրավունքներին ու պարտականություններին, ընտրական մի շարք նոր փաստաթղթերի ձևերի սահմանմանը և գործող ձևաթղթերի պարզեցմանը վերաբերվող որոշումներ։
Ընդունված որոշումներին մանրամասնորեն անդրադարձ կկատարվի Արդարադատության նախարարության կողմից դրանց պաշտոնական գրանցումից հետո։
ԱՀ կենտրոնական
ընտրական հանձնաժողով