Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2020 թվականի փետրվարի 12-ին կայացած հերթական նիստի վերաբերյալ
2020 թվականի փետրվարի 12-ին անցկացվել է Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստը` հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանի նախագահությամբ։ Նիստին մասնակցում էին ԿԸՀ անդամները, ԿԸՀ պատասխանատու աշխատողներ և ԶԼՄ ներկայացուցիչներ։
Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասը, նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, ծախսերի և դրանց հաշվարկման, կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար, Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ ստեղծվել է վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն, որի ղեկավար է նշանակվել Գառնիկ Շմավոնի Ավանեսյանը՝ հինգ տարի ժամկետով։
Նիստում քննարկվել և հաստատվել է Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի 2020 թվականի մարտի 31-ի հերթական ընտրությունների նախապատրատման և անցկացման հետ կապված Արցախի Հանրապետության ընտրական հանձնաժողովների (կենտրոնական ընտրական հանձնաժողով, 8 տարածքային և 282 տեղամասային ընտրական հանձնաժողովներ) ծախսերի նախահաշիվը` 99 642 350 (իննսունինը միլիոն վեց հարյուր քառասուներկու հազար երեք հարյուր հիսուն) ՀՀ դրամի չափով։ Ծախսերի մեջ զգալի մաս են կազմում ընտրությունների կազմակերպման և անցկացման աշխատանքներում ներգրավվող շուրջ 2500 հանձնաժողովականներին և այլ աշխատողներին տրվող փոխհատուցումների գումարներն ու աշխատավարձերը. շուրջ 75 745 200 դրամ կամ ընդհանուր ծախսերի 76,0 %-ը։
Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Ասկերան համայնքի ղեկավարի և Մարտակերտի շրջանի Վարնկաթաղ համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություններ նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին Արցախի Հանրապետության կառավարության 2020թ. փետրվարի 7-ի N 49-Ն որոշման հիման վրա, Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 140-րդ հոդվածին համապատասխան, նիստում քննարկվել և հաստատվել են Ասկերանի շրջանի Ասկերան և Մարտակերտի շրջանի Վարնկաթաղ համայնքներում 2020 թվականի մարտի 15-ին սպասվող ընտրությունների կազմակերպման ու անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը և ծախսերի նախահաշիվը։
Համաձայն ժամանակացույցի, թեկնածուների ինքնաառաջադրման կամ կուսակցությունների կողմից առաջադրման համար գրանցման փաստաթղթերը համապատասխանաբար Ասկերանի և Մարտակերտի տարածքային ընտրական հանձնաժողովներ ներկայացնելու ժամկետ է սահմանվել 2020 թվականի փետրվարի 19-ից մինչև փետրվարի 23-ի ժամը 18.00-ն, թեկնածուների գրանցումը կկատարվի փետրվարի 23-ից մինչև փետրվարի 25-ի ժամը 18.00-ն։ Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է փետրվարի 26-ից մինչև մարտի 13-ի ժամը 24.00-ն։
Միջոցառումների ժամանակացույցը և դրանցից բխող համապատասխան այլ իրավական ակտերն ու փաստաթղթերը տրամադրվել են շահագրգիռ գերատեսչություններին ու պատասխանատու կատարողներին։
Արցախի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողով