ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՃԻՇՏ ՈՒ ՆՊԱՏԱԿԱՍԼԱՑ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Մեր ձեռքի տակ է ՌԴ Տագանրոգ քաղաքում վերահրատարակված ռուսերեն մի գիրք, որի հեղինակը քսաներորդ դարասկզբին Բաքվի քաղաքագլուխ Ալեքսանդր Նովիկովն է: Գրքի վերնագիրը` ՙՀպջվÿ Չ ըՈՍց 1905չ.՚, արդեն իսկ հուշում է տեքստի բովանդակության մասին: Մենք, իհարկե, հեռու ենք հեղինակի հայամետ լինելու մտքից, քանզի Նովիկովը, հանդիսանալով ցարական Ռուսաստանի գավառական պաշտոնյա, տրամաբանական է, արտահայտում էր ռուսական կայսրության տեսակետներն ու քաղաքական շահերը: Բայց գրքում ներկայացված տվյալներն անուղղակիորեն արտացոլում են նաև մեծապետականության խտրական բնույթը փոքր ազգերի նկատմամբ:
Մասնավորապես, նախկին քաղաքագլուխը, ներկայացնելով 1905-ի փետրվարին Բաքվում տեղի ունեցած ազգամիջյան բախումները, պատմածագումնաբանական հետևություններ է անում` համաձայն այն ժամանակվա պաշտոնական մեկնության, ըստ որի` բաքվահայերը ոչ հազվադեպ տեղի թաթարներին արյունալի բախումների առիթ են տվել, և որ միայն ՙպատիվն ու խիղճը կորցրած մարդիկ կարող են այդ ջարդերը վերագրել քաղաքապետարանի կամ նրա գործակալների կողմից հրահրված՚: Նովիկովը փորձ է անում հավաստիացնել, որ Բաքվի քաղաքային իշխանությունները ջանքեր են գործադրել կանխելու արյունահեղությունը, սակայն հայերն ու թաթարները եղել են բավարար չափով զինված ու իրար հանդեպ թշնամաբար տրամադրված, որի արմատները հնուց են գալիս:
Հասկանալ կարելի է Ալեքսանդր Նովիկովի խուսանավումները բախումների բուն պատճառներից, հատկապես որ մեզ քաջածանոթ է ռուսական հայատյաց քաղաքականությունը թե՜ նախորդ դարասկզբին և թե՜ դարավերջին: Ձեռագիրը նույնն է, ու կարծես ոչինչ չի փոխվել: Ակամայից հիշում ես սումգայիթյան նախճիրի առթիվ ԽՍՀՄ գլխավոր դատախազի տեղակալ Ալեքսանդր Կատուսևի ցինիկ մեկնաբանությունը, որը յուրօրինակ ծաղր էր հայ ժողովրդի հասցեին:
Նովիկովի պարագայում ուշագրավը, թերևս, փաստերի ՙդոկումենտալությունն՚ է: Նա լուսանկարներ է հրապարակել բացառապես հայերի ջարդերի, նրանց տները հրկիզելու վերաբերյալ: Անկախ պատճառների նենգափոխումից` դեպքերի արձանագրությունը վկայում է այդտեղ թուրքական յաթաղանի առկայության մասին, որին ռուսական սվիննն անզոր եղավ, թե՞ պարզապես չցանկացավ դիմագրավել: ՙԺողովուրդն ու մամուլն ինձ մեղադրում են, որ ես, իբր, չեմ օգտագործել իմ տրամադրության տակ գտնվող զորքերը, հարձակվողների դեմ ժամանակին զենքի ուժ չեմ գործածել…՚,- գրում է գրքի հեղինակը և հակադարձելով ընդդիմախոսներին` նշում է, որ ինքը ոչ միայն ամեն ինչ արել է ջարդերի դեմն առնելու համար, այլև մեծ ցավ է ապրել այդ սարսափելի տեսարանների վկան լինելուց: Նա, սակայն, չի պատասխանում կարևոր հարցադրմանը, թե որտեղի՞ց խաղաղ թաթարներին /հիմա` ներկայիս հորջորջյալ ազերիներին/ այդքան զենք ու զինամթերք:
Առավել տարակուսելին բախումների ՙսկզբնապատճառն՚ է, որ մեջբերում է նախկին քաղաքագլուխը: Այսպես, ըստ գրքի հեղինակի` հունվարի կեսերին երկու հայ զինվոր, հետապնդելով բանտից փախուստի դիմած թաթարին, ձերբակալելու պահին ծակող վերքեր են պատճառում նրան, որի հետևանքով վերջինս բանտ տանելու ճանապարհին մահանում է: Ինչքանո՞վ էր անհրաժեշտ սուր-ծակող գործիքով /հեղինակը չի նշում` դա եղել է սվին, դանակ, թե՞ ուրիշ բան/ դատապարտյալին մահացու վնասվածք պատճառելը, դժվար է ասել: Փաստից վրդովված թաթարական ազգության հանրությունն սկսում է անկարգություններ հրահրել քաղաքում, որը փետրվարի 6-ին վերաճում է հայերի նկատմամբ անկասելի բռնարարքների:
Բնականաբար, ջարդերից հետո տեղի է ունենում ՙդատավարություն՚, որին մասնակից 105 վկաները /գրքում նշված են նրանց անուններն ու ազգությունը/ ցուցմունքներ են տալիս տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ: Բաքվի փաստաբանական գրասենյակը հանդես է գալիս համապատասխան բանաձևով: Այնուհետև նմանատիպ բանաձևեր են հրապարակավ ներկայացնում նավթարդյունահանողների 20-րդ համագումարը, բիրժային կոմիտեն, Բիբի-Հեյբաթյան ինժեներները, իսկ փետրվարի 13-ին և 16-ին Բաքվում տեղի ունեցած բազմազգ և մուսուլմանական հանրահավաքներում ընթերցվում են խաղաղասիրական բովանդակության կոչեր… Ասես տեղի է ունեցել դրկից կանանց խոսքակռիվ, այլ ոչ թե ահավոր մի սպանդ, որին զոհ են գնացել հազարավոր անմեղ հայեր:
Հատկանշական է, որ հետագայում խորհրդային/ադրբեջանական կինեմատոգրաֆիան գեղարվեստական ֆիլմ էր նկարահանել հիշյալ ողբերգական դեպքերի առնչությամբ, որտեղ, սակայն, զավեշտախառն շեշտումներով են մատուցվում 1905 թվականի փետրվարի 6-9-ի դեպքերը: Ավագ սերնդի ներկայացուցիչները երևի կհիշեն հայտնի դրվագը տվյալ ֆիլմից, երբ կռվի թունդ պահին ՙաշխարհից բեյխաբար համբալը՚, ձեռքերը տարածելով, փորձում է բարիշեցնել կռվող կողմերին` ասելով. ՙԱդա բոլա է~, ա՜յ էրմենի ա՜յ մուսուլման, ադա բոլ է~՚: Ահա խաղաղասիրական նախաձեռնությունների ազերական ամփոփ պատկերացումը…
Գրքի վերահրատարակման խմբագիր Վադիմ Հարությունովն առաջաբանում գրում է. ՙՀայոց պատմությունը կարիք չունի հարձակման: Հարձակվում են նրանք, ովքեր դատարկություն են զգում իրենց անցյալի հանդեպ ու ձգտում են հարստանալ մշակույթով ու պատմությամբ հարուստ հարևանների հաշվին: Հայերի համար կարևոր է պաշտպանվել տեղեկատվական պատերազմում: Եվ գիրքը նման դեպքերում լավագույն վահանն է՚:
Կուզենայինք նրա ասածին ավելացնել` Ալեքսանդր Նովիկովի գիրքը նույն պարունակն ունի, միայն թե պետք է կարողանալ այն ճիշտ ու նպատակասլաց օգտագործել: