[ARM]     [RUS]     [ENG]

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ՀՀ կառավարությունում առաջին պաշտոնական հանդիպումն է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

 Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 28-ին ՀՀ կառավարությունում առաջին պաշտոնական հանդիպումն է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

 Շնորհավորելով Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ՝ նախագահ Հարությունյանն այն համարել է հայ ժողովրդի կյանքում պատմական բացառիկ իրադարձություն: Նախագահը նշել է, որ Արցախի իշխանությունները շարունակելու են գործադրել բոլոր ջանքերը միասնական ու արդյունավետ քաղաքականության կազմակերպման և ցանկալի արդյունքներ ունենալու համար: Արայիկ Հարությունյանն իր պատրաստակամությունն է հայտնել վարչապետ Փաշինյանին՝ հայրենիքի համար ստեղծված վճռական ու պատմական փուլում երկրի հանդեպ ստանձնած պարտավորությունները կիսելու առումով՝ ընդգծելով, որ մայր Հայրենիքին Արցախի ինտեգրման խորացումը որակական նոր փուլ կմտնի:

Վարչապետ Փաշինյանը փոխադարձ շնորհավորական խոսքից հետո նշել է, որ Արցախում տեղի ունեցած համապետական ընտրություններն ամրացրել են ստեղծված բոլոր նախադրյալները երկու կառավարությունների միջև ռազմավարական և երկարատև ծրագրեր իրականացնելու համար: Անդրադառնալով պաշտպանության խնդիրներին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ-ն և ԱՀ-ն անվտանգային ընդհանուր տարածք են, և այս առումով թե՛ անելիքները, թե՛ մարտահրավերները ակնհայտ են: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ միասին հնարավոր կլինի կառավարել այդ մարտահրավերները և մեր միասնական հայրենիքը դուրս բերել կայուն զարգացման ուղի:

Տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում ԱՀ նախագահ Հարությունյանն ու ՀՀ վարչապետ Փաշինյանն աշխատանքային լայն օրակարգ են քննարկել: Առանցքային ուշադրության են արժանացել տնտեսության, սոցիալական և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտների վերաբերող հարցեր:

 

ԱՐՑԱԽԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆԱԽԱԳԱՀԻԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

            ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԳԼԽԱՎՈՐՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ