[ARM]     [RUS]     [ENG]

Նախագահի հանձնարարությամբ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում կավարտվի Մոր և մանկան առողջության պահպանման նոր կենտրոնի համար նախատեսված կիսակառույց շենքերի շինարարությունը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 13-ին քաղաքաշինության և առողջապահության նախարարների ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտում կառուցվող Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի շինհարթակ:

Երկրի ղեկավարը նշել է, որ, հաշվի առնելով հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվածների թվի ինտենսիվ աճը, համավարակի դեմ պայքարի կանոնները խստացնելուն զուգահեռ՝ անհրաժեշտ է նաև առողջապահական համակարգը պատշաճ պատրաստվածության բերելու ուղղությամբ շտապ քայլեր ձեռնարկել: Նախագահի խոսքով՝ տեղի ունեցած շահագրգիռ քննարկումների արդյունքում որոշվել է կարճ ժամկետներում ավարտել Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման նոր կենտրոնի ու նրա հարակից տեղամասային պոլիկլինիկայի համար նախատեսված կիսակառույց շենքերի շինարարությունը և, համավարակի հնարավոր մեծ տարածման դեպքում, դրանք ամբողջությամբ ծառայեցնել հիվանդների տեղավորմանն ու բուժմանը: Խնդրի լուծման նպատակով նախագահ Հարությունյանը համապատասխան հանձնարարականներ է տվել քաղաքաշինության և առողջապահության նախարարներին՝ ինչպես շինարարական ռեսուրսների կենտրոնացման, այնպես էլ բուժսարքավորումների և մահճակալների տեղադրման առումներով: 2020-06-13