ԼՂՀ պատվիրակության այցը Միացյալ Թագավորություն

  Հունիսի 11-ից ԼՂՀ պաշտոնական պատվիրակությունը՝ Ազգային ժողովի նախագահ  Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ, գտնվում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոնում: Պատվիրակության կազմում են մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը և արտաքին գործերի նախարարության բազմակողմ հարաբերությունների վարչության պետ Արմինե Ալեքսանյանը:

Պատվիրակությունը Լոնդոն է ժամանել հայ-բրիտանական բարեկամության բազմակուսակցական խորհրդարանական խմբի հրավերով:

Այցի առաջին աշխատանքային օրը Միացյալ Թագավորության Լորդերի պալատում ԼՂՀ  պատվիրակությունը մասնակցեց հայ-բրիտանական բարեկամության խմբի տարեկան ժողովին, որն այս տարի հոբելյանական էր` ի նշանավորումն խմբի կազմավորման 20-ամյակի: Բացելով հանդիպումը՝ հայ-բրիտանական բարեկամության խմբի ղեկավար բարոնուհի Քերոլայն Կոքսը ողջունեց Արցախի ներկայացուցիչներին և իր տպավորությունները ներկայացրեց վերջերս Արցախ կատարած այցելությունից:

Պատասխան խոսքում Արցախի խորհրդարանի նախագահ Ա. Ղուլյանը ողջունեց բրիտանացի խորհրդարանականներին և շնորհակալություն հայտնեց նրանց` Արցախի ժողովրդի հոգսերով ապրելու, երիտասարդ հանրապետությանն ըստ ամենայնի աջակցելու և տարբեր ծրագրերի իրականացման գործում իրենց ներդրումը բերելու համար: Այնուհետև նա  բրիտանացի խորհրդարանականներին ներկայացրեց Արցախի հանրապետության  քսան տարիների ձեռքբերումներն ու հաջողությունները` պետականաշինության, տնտեսական զարգացման և ժողովրդավարական արժեքների արմատավորման ու ամրապնդման գործում, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ներկա փուլի ու հնարավոր զարգացումների մասին ղարաբաղյան կողմի տեսակետները և պատասխանեց ներկաների հարցերին:

Հանդիպմանը մասնակցում էր նաև Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանը, ով նույնպես իր շնորհավորական խոսքն ուղղեց բրիտանացի պատգամավորներին:

Հունիսի 12-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ելույթ ունեցավ Լոնդոնի համալսարանի Արեւելքի և Աֆրիկայի ուսումնասիրությունների ինստիտուտում` ‘’Կովկասում կայունության և առաջընթացի հեռանկարները. խաղաղությունը և պետականաշինության գործընթացը Լեռնային Ղարաբաղում’’ թեմայովՀանդիպմանը մասնակցում  էին դասախոսներ և ուսանողներ, ինչպես նաև Լոնդոնի հայ համայնքի ներկայացուցիչներ:  Բանախոսությունից հետո Արցախի խորհրդարանի նախագահը պատասխանեց ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցային գործընթացին, տարածաշրջանային համագործակցության խոչընդոտներին, հետխորհրդային տարածքի երկրների միջև կապերին, ԼՂՀ-ում իրականացվող բարեփոխումներին և օտարերկրյա ներդրումների պաշտպանվածությանը:

Այնուհետև  ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի պատվին, Միացյալ Թագավորությունում ՀՀ  դեսպանի մասնակցությամբ, Մեծ Բրիտանիայում Հայ Առաքելական Եկեղեցու թեմակալ առաջնորդ Վահան եպիսկոպոս Հավհաննիսյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց ընդունելություն, որին հրավիրված էին բրիտանահայ կառույցների ղեկավարները: ԼՂՀ պատվիրակության անդամներն իրենց խոսքում կարևորեցին Սփյուռքի հայկական կազմակերպությունների համակողմանի աջակցությունը, ինչի շնորհիվ Արցախը հաջողությամբ դիմագրավում է ներկա մարտահրավերները և շեշտադրեցին դրանք շարունակելու անհրաժեշտությունը:

Պատվիրակության այցը Լոնդոն շարունակվում  է:

ԼՂՀ ԱԺ ՄԱՄԼՈ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ