[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի նախագահի աշխատակազմի 119 թեժ գծին վերջին շաբաթում ստացվել է 1,261 զանգ

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից գործարկված արագ արձագանքման թեժ գծի 119 հեռախոսահամարին ընթացիկ տարվա մարտի 8-ից մինչև մայիս 7-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 5,192 զանգ, որից 1,261-ը՝ վերջին շաբաթվա (մայիսի 3-7) ընթացքում:

                 Թեժ գծի գործարկումից ի վեր կատարվել է 1143 հետզանգ, որն իրականացվում է բացթողնված զանգերին պատասխանելու և բարձրացված հարցերի ճշտման նպատակով:

                 Զանգերի հիմնական մասը վերաբերել է վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագրին, բնակարանային ապահովությանը և տեղահանված անձանց այլ խնդիրներին: Նախագահի աշխատակազմի լիազորությունների շրջանակներում իրականացվել են իրազեկման, խորհրդատվության, խնդիրների վերհանման ու արագ արձագանքման գործառույթներ:

                 Թեժ գծին հնարավոր է զանգահարել Արցախից՝ 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով: Աշխատանքային ռեժիմն է՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:00 - 18:00-ն։

                 Նշենք, որ սոցիալական բնույթի հարցերով ցանկալի է զանգահարել ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության թեժ գծին՝ 114 կարճ հեռախոսահամարով:

 

Երեքշաբթի, 11 մայիսի 2021 թ.