[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության խորհրդարանն ամփոփել է 7-րդ գումարման 3-րդ նստաշրջանի աշխատանքները

 

Հունիսի 30-ին  Արթուր Թովմասյանի նախագահությամբ  հրավիրվել է 7-րդ գումարման 3-րդ նստաշրջանի եզրափակիչ նիստը:

Նիստին ներկա էին 31 պատգամավորներ:

Ամենամյա հաղորդմամբ հանդես է եկել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:Նա ներկայացրել է 2020 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման ընթացքը և արդյունքները, ինչպես նաև 2021 թ. ծրագիրը: Հաղորդումն ամփոփել է ինչպես մինչև 2020 թ.մայիսի 21-ը՝ նախագահ Բակո Սահակյանի, այնպես էլ դրանից հետո՝ Արայիկ Հարությունյանի նախագահության ժամանակահատվածները:

Պաշտպանություն, արտաքին քաղաքականություն, տնտեսական ու սոցիալական  ոլորտ՝ նախագահը  անդրադարձ է կատարել յուրաքանչյուրին:

«Պատերազմական գործողությունների ողջ ընթացքում պետական մարմինները կատարել են իրավիճակին համապատասխան իրենց լիազորություններըԻնչ վերաբերվում է բացթողումներին ու սխալներինապա դրանք ենթակա են առանձին քննության ու վերլուծության»,-իր ելույթում ասել է Արայիկ Հարությունյանը:

Նա անդրադարձել է հետպատերազմյան իրողություններում անվտանգության ապահովման նոր մարտահրավերներին:

Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը մնում է արտաքին քաղաքականության հիմնական նպատակը:Դրան ավելացել է երկրի տարածքային ամբողջականության վերականգնումն ու  բռնի տեղահանվածների վերադարձի ապահովումն իրենց բնակավայրեր:

Առողջապահության համակարգը արժանապատվորեն դիմակայել է երկու հզոր ալիքի՝ համավարակին ու պատերազմին: 2021 թ. աշխատանքներ են տարվել ու տարվում պատերազմից տուժած բուժհիմնարկների վերականգնման, ինչպես նաև առողջապահությունը էլ ավելի հասանելի դարձնելու ուղղությամբ:

Պատերազմից մեծապես տուժել են  կրթական համակարգն ու մշակութային ժառանգությունը: Աշխատանքներ են տարվում Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած մշակութային ժառանգությունը պահպանելու ու  վերադարձնելու ուղղությամբ:

Իրականացվել են բնակչության սոցիալական պաշտպանության ծրագրեր:Կառավարությունը միջոցներ է ձեռնարկել տեղահանված բնակիչներին կացարանով, սննդով և հագուստով ապահովելու ուղղությամբ: Համակարգվել են բարեգործական ծրագրերը, որոնց ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 1.2 մլրդ. դրամ:

Մեկնարկել է բնակարանաշինության լայնածավալ ծրագիր, որի արդյունքում շուրջ 3000 ընտանիք գյուղական բնակավայրերում կապահովվի կացարանով, իսկ Ստեփանակերտում կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերով կապահովվեն կոնկրետ շահառու խմբեր,   ինչպես նաև Շուշիի ու Հադրութի բնակիչները:

2020 թ. տնտեսության ակտիվության ցուցանիշը կազմել է 76,8 տոկոս: 2021 թ. տնտեսական քաղաքականության գերակա խնդիրներից են Արցախին հասցված վնասների գույքագրումն ու բնակչության տնտեսական գործունեության խթանումը: Հաստատվել  է ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագիրը:

Պատերազմի հետևանքով տուժել են ցանքատարածությունների կեսից ավելին, 2020 թ. հիմնադրված այգիները լրիվությամբ մնացել են բռնազավթված տարածքներում: 2021 թ. գյուղատնտեսության ոլորտում կառավարության գործունեությունը ուղղված կլինի պտղաբուծության ճյուղի զարգացմանը, առկա անասնաշենքերի ողջ պոտենցիալի օգտագործմանը:

Իր ելույթի վերջում Արայիկ Հարությունյանը 2021 թվականը որակեց վերականգնման տարի, հետագա զարգացման հիմքերի ամրապնդման ու բարեփոխման տարի:

Հանրապետության նախագահը պարզաբանումներ է տվել պատգամավորների հնչեցրած՝ հաղորդմանն առչնվող հարցերին:

Ընդմիջումից հետո 11 պատգամավորներ  22 հարց են ուղղել Հանրապետության նախագահին և կառավարոթյան անդամներին: Պատգամավորների բարձրացրած հարցերը վերաբերում էին Արցախի ինքնորոշմանը, էներգետիկ և պարենային անվտանգությանը, ջրային ռեսուրսների պահպանությանը, ԱՀ և ՀՀ միջպետական այլընտրանքային ճանապարհի կառուցմանը, միջհանրապետական ճանապարհաշինությանն ու բնակարանաշինությանը, վարկային ծրագրերին, էկոլոգիական անվտանգությանը և այլն:

Ձայների 24 կողմ, 5 դեմ  հարաբերակցությամբ խորհրդարանը հաստատել է ԱՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ՝ եկամուտների գծով՝ 124,622,757.6 հազ. ՀՀ դրամ, ծախսերի գծով՝ 122, 557,882.4 հազ.  ՀՀ դրամ, բյուջեի հավելուրդը՝ 2,064,875,2 հազ. ՀՀ դրամ:

2020թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ ԱՀ հաշվեքննիչ պալատը ներկայացրել է դրական եզրահանգում:

Օրակարգի հաջորդ հարցը Հաշվեքննիչ  պալատի  նախագահի ընտրության հարցն էր:

ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում ներկայացրել է  Տիգրան Տիգրանի Ծատրյանի  թեկնածությունը: Խոսելով թեկնածուի կենսագրական և մասնագիտական տվյալների մասին՝ գլխադասային հանձնաժողովի նախագահը նշել է, որ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել թեկնածուի օգտին:

«Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում գործունեությունս առաջին հերթին ուղղված կլինի հետևյալ հիմնական նպատակների իրագործմանը.

  • ԱՀ –ում հաշվետվողականության միջազգային ստանդարտներին համապատասխանեցում և լավագույն միջազգային փորձին համահունչ արտաքին պետական  հաշվեքննության համակարգի ամբողջական ձևավորում:
  • ԱՀ Հաշվեքննիչ պալատի անկախության հետագա ամրապնդում:
  • Հաշվեքննության պլանավորման մեեթոդաբանության կատարելագործում:
  • Հաշվեքննության արդյունքների հետհսկողության համակարգի բարելավում:
  • Մասնագիտական կարողությունների զարգացում և անընդհատ կատարելագործում»
  • Արդյունավետ համագործակցություն բոլոր գործընկեր կառույցների հետ»,-իր ելույթում ընդգծել է Տիգրան Ծատրյանը,ապա հավաստիացրել, որ խորհրդարանի վստահության քվեին արժանանալու դեպքում իր ջանքերն ուղղված կլինեն Հաշվեքննիչ պալատի առջև ծառացած խնդիրների լուծման միջոցով ԱՀ  պետական կառավարման համակարգը ավելի արդյունավետ դարձնելուն՝ ի շահ մեր երկրի պետականության ամրապնդման:

Ամփոփելով գաղտնի քվեարկության արդյունքները՝ 23 կողմ, 5 դեմ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանը Տիգրան Տիգրանի Ծատրյանին ընտրել է Հաշվեքննիչ պալատի նախագահ՝ մինչև 2027 թվականի փետրվարի 4-ը պաշտոնավարման ժամկետով:

Հաջորդիվ պատգամավորները  լսել և ի գիտություն են ընդունել ԱՀ դատախազության 2020 թվականի գործունեության մասին հաղորդումը և ԱՀ 2018-2020թթ. պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագրի կատարման հաշվետվությունը:

Լիագումար նիստի երկրորդ ընթերցմանն է ներկայացվել  «Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի նախագիծը, որը գլխադասային հանձնաժողովի կողմից արժանացել էր դրական եզրակացության: 24 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ այն ընդունվել է որպես օրենք:

ԱՀ արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանի ներկայացրած «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»,«Հարկերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,«Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,«Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,«Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթը գլխադասային հանձնաժողովի նիստում նախապես նույնպես արժանացել էր հավանության: 28 կողմ ձայնով նախագծերի փաթեթը ընդունվել է որպես օրինափաթեթ:

ԱՀ ոստիկանապետ Արտեմ Հարությունյանը ներկայացրել է ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և  ««Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը:

Գլխադասային հանձնաժողովում օրինագծերին տրվել էր դրական եզրակացություն:

««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծին պատգամավորները տվել են  27 կողմ քվե, իսկ ««Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրինագծին խորհրդարանը քվեարկել է 27 կողմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

««Կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը նախապես քննարկվել էր գլխադասային հանձնաժողովի նիստում, առաջարկություններ են եղել ժամկետների հստակեցման առումով, ինչը ընդունվել է հեղինակի կողմից: Օրինագծին հանձնաժողովը տվել էր դրական եզրակացություն:

27 կողմ ձայնով օրենքի նախագիծը ևս ընդունվել է որպես օրենք:

 Աժ  ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի կողմից հավանության արժանացած ««Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը լիագումար նիստում  ընդունվել է 27 կողմ ձայնով:

««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը քննարկվել  և դրական եզրակացության էր արժանացել Աժ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: 28 կողմ ձայնով ներկայացված օրինագիծը խորհրդարանի կողմից ևս ընդունվել է որպես օրենք:

Պատգամավորական հայտարարությամբ հանդես է եկել «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը:

Վերջում ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել է ԱԺ 7-րդ գումարման 3-րդ նստաշրջանի աշխատանքների ավարտի մասին:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին