[ARM]     [RUS]     [ENG]

Հարցերի հարցը Արցախի կարգավիճակի ճշգրտումն է. Արայիկ Հարությունյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 9-ին Երևանում աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետի  պաշտոնակատար  Նիկոլ Փաշինյանի հետ:

Սա առաջին հանդիպումն է Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից և Նիկոլ Փաշինյանի՝ հուլիսի 7-ին Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցից անմիջապես հետո:

         Հաջողություն մաղթելով ՀՀ-ում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում ժողովրդի վստահության քվեն ստանալու կապակցությամբ՝ նախագահ Հարությունյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է, որ դա հնարավորություն կտա համատեղ իրականացնել Արցախի զարգացման սոցիալ-տնտեսական այն ծրագրերը, որոնք ժամանակի ընթացքում քննարկել են:

«Այսօր Արցախում իրականացվող սոցիալական քաղաքականությունը թույլ է տալիս վստահորեն հայտարարել, որ չկա գրեթե մի ընտանիք, որը չի եղել ուշադրության կենտրոնում, և դա, միանշանակ, Հայաստանի կառավարության կողմից հատկացված գումարների շնորհիվ է: Իսկ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքագրած գումարներն արդեն իսկ սկսել են ուղղվել բնակարանաշինությանը և ենթակառուցվածքների զարգացմանը: Այսօր Արցախը մի մեծ շինհարթակ է: Ծրագրերը պետք է շարունակել և, առաջին հերթին, բնակարանաշինությունը, որը մեր գլխավոր խնդիրն է: Այսօր Արցախում բնակարանների խնդիրն այնքան խիստ է, որ օրը մեկ բնակարան կառուցելն էլ քիչ է: Մեր ծրագրերն իրականացնելու համար պետք է հասնենք նրան, որ առնվազն օրը մինչև 4-5 բնակարան կառուցենք: Այդ ծրագիրն ենք ուզում ներկայացնել հայությանը, որպեսզի ամեն մի հայ առաջիկա տարիներին մասնակցի բնակարանաշինության ծրագրերին»,-ասել է նախագահ Հարությունյանը: