Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ԼՂՀ պարի պետական համույթը անցկացնում է համերգներ Ֆրանսիայում

 Հուլիսի 6-ից 14-ը Ֆրանսիայի Մարսել քաղաքի Գոմբերի ամրոցում անցկացվելիք պարի ազգագրական փառատոնին կմասնակցի նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պարի պետական համույթը:

 Փառատոնի շեմին` hուլիսի 2-ին, տեղի ունեցավ համույթի անդրանիկ ելույթը Վալանս քաղաքում: Միջոցառումը նաև առիթ հանդիսացավ, որպեսզի ներկայացվի «Արցախ. հայկական ավանդույթների և արվեստի այգի » գիրքը`  նվիրված Արցախի անկախության 20 ամյակին:  Դասախոսություններով հանդես եկան պատմաբան Կլոդ Մութաֆյանը և Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը: Վերջիններս ներկայացրին Արցախի հարուստ մշակութային ժառանգությունը: Միջոցառմանը ներկա Վալանսի քաղաքապետ Ալեն Մորիսը իր վստահությունը հայտնեց առ այն, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել միայն խաղաղ երկխոսության միջոցով և ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա:

Միջոցառումը կայացավ հայկական կազմակերպությունների համակարգի (COADA) տնօրինության  և Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցչության նախաձեռնությամբ:

Հուլիսի 3-ին Ֆրանսիայի Վիլյորբան քաղաքի մշակութային կենտրոնի 700 տեղանոց լեփլեցուն դահլիճում տեղի ունեցավ Արցախի հանրապետության պարի պետական համույթի հերթական համերգը: Համերգին նախորդեցին  պատմաբան` Կլոդ Մութաֆյանի և արվեստի պատմության մասնագետ`  Տիգրան Կույումջյանի դասախոսությունները` Արցախի պատմության և  մանրանկարչական արվեստի վերաբերյալ : Այնուհետև ելույթով հանդես եկավ Վիլյորբանի  քաղաքապետ` Ժան-Պոլ Բրետը, որի հովանու ներքո կազմակերպվել էր միջոցառումը: Քաղաքապետը, մասնավորապես, նշեց Վիլյորբան քաղաքի և Արցախի միջև խորը մշակութային կապեր հաստատելու մտադրության մասին:

  Միջոցառմանը ներկա էին տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնական ներկայացուցիչներ, հայկական համայնքի անդամներ, լրագրողներ:

ԼՂՀ պարի պետական համույթի հաջորդ ներկայացումը կանցկացվի Էքս-ան-Պրովանս քաղաքում, որը Ստեփանակերտ քաղաքի հետ մտադիր է դառնալ քույր քաղաքներ:

 

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն