[ARM]     [RUS]     [ENG]

Ստեփանակերտի քաղաքապետի շնորհավորական ուղերձը Երևանի օրվա կապակցությամբ

 

Այսօր ազգովի նշում ենք համայն հայության մայրաքաղաքի՝ Երևանի օրը: Էրեբունի-Երևանը հիրավի աշխարհի ամենահինավուրց, ամենաինքնատիպ ու ամենագրավիչ քաղաքների թվում է: Այստեղ ամեն շենքը, նույնիսկ ամեն քարն իր պատմությունն ունի: Մեր վարդագույն քաղաքը միշտ էլ եղել է հայերիս սրբություն սրբոցը, ապավենն ու հայի՝ հազարամյակների կենսագործունեության վկան: Երևանը նաև համահայկական օրակարգը ձեւավորելու դարբնոցն է, կենտրոնը, որտեղ ամեն հայ իր դժվար պահին կարող է հույս ու հենարան ունենալ: Ուստի տրամաբանական է, որ մեր ժողովրդին պատուհասած 44-օրյա պատերազմի ընթացքում արցախցի մանուկներին ու մայրերին իր թևերի տակ առավ հենց Երևանը՝ մեր Մայր Հայաստանի մայրաքաղաքը: Այսօր էլ Երևանը շարունակում է հանգրվան լինել տեղահանված հազարավոր արցախցիների համար: Այսօր էլ պաշտոնական Երևանը շարունակում է արցախահայության՝ սեփական հողում սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքի իրացման առաջամարտիկը մնալ: Բոլոր ստեփանակերտցիների և անձամբ իմ երախտագիտությունն եմ հայտնում Երևանի քաղաքային իշխանություններին այն հոգատարության և սրտացավության համար, որ ցուցաբերվել է թե՛ նախապատերազման, թե՛ պատերազմական և թե՛ հետպատերազմյան օրերին: Վստահ եմ, որ հայկական զույգ հանրապետությունների գլխավոր քաղաքների միջև համագործակցության խորացումն ավելի կամրապնդի և՛ մեր պետականությունների հիմքերը, և՛ աշխարհասփյուռ հայության հավատն առ միացյալ հայրենիք: Հավատում եմ, որ մեր նվիրական երազանքների օրերը դեռ առջևում են...
Տոնդ շնորհավո՜ր, հայերիս ինքնության քաղաք Էրեբունի-Երևան: Ուր էլ որ կանք ու կլինենք, աղոթելու ենք քո խաղաղ այգաբացների ու լուսավոր օրերի համար: