[ARM]     [RUS]     [ENG]

Նախարարի ուղերձը Գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ

 

Արցախի Հանրապետության էկոնոմիկայի եւ գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանը հոկտեմբերի 10-ին ուղերձ է հղել Գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ.

Armen Tovmasyan - Ministries - Government - Government of Artsakh Republic-Հարգելի գյուղատնտեսության ոլորտի երախտավորներ.

Արդեն երկրորդ տարին է՝ հայտնի պատճառներով Արցախում չի տոնվում Ձեր մասնագիտական օրը, որը 2010 թվականից ի վեր վերածվել էր ամենասպասված ավանդական տոնակատարություններից մեկի, նշվում էր մայրաքաղաքի սրտում՝ Վերածննդի հրապարակում՝ համեմված ժողովրդական տոնին հարիր բոլոր երանգներով:

Վերջին տարին Արցախի գյուղատնտեսության համար թերևս ամենադժվարն էր. բացի մեր ռեսուրսային կորուստներից, որոնք ժամանակի ընթացքում և ճիշտ մոտեցումների արդյունքում հնարավորություն կունենանք հետ բերել, մենք ունեցել ենք անդառնալի կորուստներ՝ մեր եղբայրների, հայրերի, մայրերի և քույրերի կյանքի կորուստ: Սիրելի ընկերներ, մենք պարտք ունենք մեր նահատակված զոհերի հիշատակի առաջ, որը մարելու լոկ մեկ ճանապարհ գույություն ունի. մենք պետք է զօր ու գիշեր աշխատենք և ոտքի կանգնեցնենք մեր վիրավոր Հայրենիքը, այդպես միայն ինչ-որ չափով կկարողանանք հատուցել այն մատաղ արյան ու կյանքի գինը, որը նրանք անձնուրաց նվիրաբերել են հանուն Արցախի:

Այս դժվար ժամանակահատվածում, դիմակայելով մեր երկրի առջև ծառացած բազում արտաքին ու ներքին մարտահրավերներին, Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունն անշեղորեն շարունակել է կյանքի կոչել բազմաթիվ զարգացման ծրագրեր և գրանցել որոշ դրական արդյունքներ. 2021 թվականին պետական աջակցությամբ Արցախում հիմնվել են 75 հա նոր պտղատու և հատապտղատու այգիներ, արձանագրվել է անասնագլխաքանակի աճ՝ 12-30 տոկոսով:

Իրականացվել են բազմաթիվ օժանդակության ծրագրեր՝ աշնանացան և գարնանացան մշակաբույսերի սերմերի արժեքների փոխհատուցում, ջեռուցվող և չջեռուցվող ջերմոցներին անհատույց աջակցության տրամադրում, տոհմային անասնագլխաքանակի ներկրման դիմաց կենդանու արժեքի 50 տոկոսի սուբսիդավորում, անասնաշենքերի արդիականացման ծախսերի զգալի մասի փոխհատուցում, դրամաշնորհային նախագծի իրագործում և բազում այլ ծրագրեր, որոնք հետագայում ևս կկրեն շարունակական բնույթ ու կնպաստեն մեր երկրի վերականգնմանը: Ցանկանում եմ շնորհավորել և շնորհակալություն հայտնել Արցախի Հանրապետության բոլոր այն քաղաքացիներին, ովքեր զբաղվում են գյուղատնտեսությամբ կամ տվյալ ոլորտում քաղաքականության մշակմամբ ու իրագործմամբ, ովքեր օգտվում են նախարարության կողմից գործարկված ծրագրերից կամ ինքնուրույն են շենացնում մեր երկիրը: Հենց Ձեր հաստատակամության և Արցախում ապրելու և արարելու անշեղ պատրաստակամության շնորհիվ ենք հաջողելու:

Հարգելիներ, Ձեզ և Ձեր ընտանիքներին մաղթում եմ խաղաղություն, բարօրություն և շարունակական հաջողություններ: Թող Աստծո կամոք հաջորդ գյուղատնտեսական տարին Արցախի համար նշանավորվի որպես արգասաբեր աշխատանքի, բերքառատության և զարգացման տարի: