Մեկնարկել են ԱՀ ԱԺ 7-րդ գումարման 5–րդ նստաշրջանի աշխատանքները
Փետրվարի 2-ին գումարվել է ԱՀ ԱԺ 7-րդ գումարման 5–րդ նստաշրջանի առաջին նիստը։
Բացելով նստաշրջանը՝ խորհրդարանը հաստատել է նստաշրջանի և նիստի օրակարգերը։
Օրակարգի առաջին հարցը «Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության մասին» նախագծի քննարկումն էր, որը ներկայացրել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը։
Փոփոխությամբ առաջարկվում է Սահմանադրությամբ նախատեսված վարչատարածքային բաժանման վերանայման գործընթացի ժամկետները երկարաձգել՝ 5 տարին դարձնելով 10 տարի։
Նախագիծը նախապես արժանացել էր գլխադասային հանձնաժողովի հավանությանը։
Այն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունելուց հետո, խորհրդարանը 30 կողմ ձայնով ընդունել է նախագծի վերաբերյալ Գերագույն դատարան դիմելու մասին որոշումը։
Օրակարգի երկրորդ հարցը ««Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումն էր: Օրենսդրական նախաձեռնության հեղինակը Ազգային ժողովի պատգամավոր Կարինե Աթայանն է:
Նախագծով առաջարկվում է կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ պատվաստման կողմնակի ազդեցության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում վարձու աշխատողի և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկել միջին ամսական աշխատավարձի (եկամտի) ՝ 100 տոկոսից:
Հարակից զեկուցմամբ հանդես է եկել ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի տեղակալ Վահրամ Առաքելյանը և ներկայացրել կառավարության դրական դիրքորոշումը նախագծի վերաբերյալ։
Նախագիծը նախօրեին արժանացել էր ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանը:
Խորհրդարանը 30 ձայնով կողմ է քվեարկել նախագծի ընդունմանը։
Պատգամավորներ Արթուր Հարությունյանի ու Արմեն Հակոբյանի համահեղինակած ««Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով տնտեսվարող սուբյեկտների և քաղաքացիների մոտ առաջացած ֆինանսական խնդիրների թեթևացման, ինչպես նաև տեղական տուրքերի տեսակների և սահմանված որոշ շեմերի հստակեցման անհրաժեշտությամբ։
Հանձնաժողովի եզրակացությունը նախագծի վերաբերյալ դրական էր։ Օրինափաթեթը միաձայն ընդունվել է որպես օրենք։
Պատգամավորական հայտարարությամբ հանդես է եկել Արամայիս Աղաբեկյանը։
Ընդմիջումից հետո նիստը շարունակվել է կառավարության անդամներին ուղղված հարցերով: Կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում 13 պատգամավորի կողմից հնչեցվել է 19 հարց, որոնք վերաբերում էին արտաքին քաղաքականությանը, տեղահանված բնակիչներին բնակարաններով ապահովմանը, վարկերի փոխհատուցման գործընթացին, նյութական վնասների փոխհատուցմանը, իրականացվող գյուղատնտեսական ծրագրերին և այլն։
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին