[ARM]     [RUS]     [ENG]

Պետական նախարարը` Լրագրողի օրվա առթիվ

ԱՀ կառավարության որոշմամբ մայիսի 23-ին Արցախում լրագրողի մասնագիտական տոնն է: Տոնի խորհուրդը լրագրողի մասնագիտական բարձր որակների՝ հետևողականության, սրտացավության և արհեստավարժության մեջ է, որի արմատները տանում են 1874 թվական, երբ Արցախում լույս ընծայվեց առաջին պարբերականը՝ «Հայկական աշխարհը»: Արցախում լրագրության շուրջ մեկուկեսդարյա պատմության տարբեր հանգրվաններում անուրանալի է լրագրողների ներդրումը մեր ինքնության պահպանման, իրավունքների ու ազատությունների իրացման և մեր հողում ամուր կանգնելու պայքարի հաջողման հարցում: Շուշիի ծաղկունքից մինչև խորհրդային շրջան, Շուշիի ազատագրումից մինչև գերեվարում՝ մեր վերելքների ու անկումների նկարագրություններն ու վերլուծությունները մամուլի տողերում, ռադիոյի ձայնում և հեռուստատեսության տեսապատկերներում են: Կուզենայի շնորհավորել չորրորդ իշխանության ներկայացուցիչներին՝ վստահություն հայտնելով, որ նրանք մշտապես կմնան իրենց մասնագիտական ու քաղաքացիական բարձրության վրա և իրենց արհեստավարժությամբ մեծապես կնպաստեն Արցախի վերածննդի և համազգային հաջորդ հաղթանակների ու ծաղկունքների կերտմանը:

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյան