Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԸ՝ ԱՂԻՔԱՅԻՆ ԲՌՆԿՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՃԱՌ

Վերջին շաբաթը Ստեփանակերտի որոշ նախադպրոցական հաստատություններ հաճախող երեխաների և նրանց ծնողների համար խիստ լարված էր և տհաճ անակնկալներով լի: Դեռևս սեպտեմբերի 26-ին մայրաքաղաքի դ 1 և  դ 3 մանկապարտեզներից  միանման գանգատներով Ստեփանակերտի ՙԻնֆեկցիոն հիվանդանոց՚ ՓԲԸ էր տեղափոխվել 32 երեխա: 
Իրականում, սակայն, թունավորվածներն ավելի մեծ թիվ էին կազմում, քանի որ ոչ բոլոր ծնողներն էին առաջին պահին ահազանգել առողջապահության մարմիններին: 
Հաջորդած օրերին հիվանդների թիվը կտրուկ աճեց, երկու նախակրթարաններին գումարվեց նաև մայրաքաղաքի ՙՍոսե՚ մանկապարտեզը: ԼՂՀ առողջապահության նախարարության  պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանը, ով բռնկումների առաջին օրն Արցախի հանրային հեռուստատեսությամբ հայտարարել էր, որ տեսչության կողմից իրականացվում են հակահամաճարակային բոլոր միջոցառումները, ասել էր, որ զանգվածային աղիքային ինֆեկցիայի պատճառը պարզ կլինի մանկապարտեզներում օգտագործված սննդի և ջրի  լաբորատոր փորձաքննությունից հետո միայն։ 
Ասենք, որ այդ օրերին Ստեփանակերտի մանկապարտեզների զանգվածային աղիքային բռնկումների թեման սոցցանցերում բավական ակտիվ քննարկվող թեմաներից մեկն էր դարձել: Որոշ ծնողներ համոզված էին, որ բռնկման պատճառ էր դարձել սառեցված մսից պատրաստված սնունդը, կարծիք կար նաև, որ պատճառը Ստեփանակերտի ՙԷստելա՚ կաթնամթերք արտադրող ընկերության  սննդատեսակներից մեկն էր կամ մանկապարտեզներում օգտագործված ջուրը:  Սեպտեմբերի վերջին օրը միայն հայտնի դարձավ, որ աղիքային սուր ինֆեկցիայի պատճառը ՙԱրցախկաթ՚ ընկերության կողմից արտադրվող կաթնամթերքն է: Օրերս էլ մեր թերթի խմբագրություն են դիմել մի խումբ ծնողներ, ովքեր պահանջում էին հստակ տեղեկատվություն տրամադրել իրենց երեխաների կյանքին սպառնացած վտանգի և դրա հնարավոր հետևանքների մասին: Քրիստինե Բալայանի երեխան առաջինն է հոսպիտալացվել դ 1 մանկապարտեզից: Վերջինս   անհասկանալի ու անընդունելի է համարում այն փաստը, որ վարակի աղբյուրը մատնանշվել է միայն սեպտեմբերի 30-ին: ՙԻմ երեխան ինֆեկցիոն հիվանդանոցում բուժման կարճատև կուրս է անցել, կարելի է ասել, երեխաներին կիսաառողջ վիճակում հիվանդանոցներից դուրս են գրում` տեղ չլինելու պատճառով: Մեր երեխաներն այսօր էլ խնամքի կարիք ունեն, սակայն պոլիկլինիկայում հրաժարվում են ծնողներին անաշխատունակության թերթիկ տրամադրել: Ո՞վ պիտի պատասխան տա այս ամենի համար, ասում էր նա։ 
Մեզ հետ ունեցած զրույցի ընթացքում ԱՆ  պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանը փաստեց, որ  իրենք հենց սկզբից հայտարարել էին, որ տոքսիկաինֆեկցիան միանշանակ սննդային ծագում ունի  և, ամենայն հավանականությամբ, բռնկման պատճառն ինչ-որ կոնկրետ մթերք է, քանի որ առաջին հիվանդների մոտ, ինչպես նաև նախակրթարանների այդ օրերի սննդի մեջ աղիքային ցուպիկ էր հայտնաբերվել: ՙԱռաջինը ահազանգ են ստացել ԱՆ ՙՀամաճարակային և հիգեինիկ կայան՚ ՊՈԱԿ-ի բժիշկները, ահազանգը եղել է դ 1 մանկապարտեզից: Պետք է ասել, որ կայանի բժիշկները բավական արդյունավետ և օպերատիվորեն են արձագանքել` կազմակերպելով մանկապարտեզներում երեխաների հետազոտություններն ու ըստ անհրաժեշտության՝ նրանց հոսպիտալացումը: Տեղում մեր մասնագետներն անմիջապես փորձաքննության համար նմուշներ են վերցրել օգտագործված սննդից եւ ջրից` հետագա մանրակրկիտ հետազոտության համար: Հաջորդ օրն արդեն նույն պատմությունն էր 3-րդ, իսկ երրորդ օրը՝ ՙՍոսե՚ մանկապարտեզներում՚: Ըստ Օ. Հարությունյանի` հիվանդների քանակն այդ օրերին այնքան էր շատացել, որ բացի ինֆեկցիոն հիվանդանոցից, հիվանդներին տեղավորել են նաև ՙԱրեւիկ՚ մանկական բուժմիավորումում, որտեղ սոմատիկ բաժանմունքը ժամանակավորապես վերակազմավորվել էր ինֆեկցիոն բաժանմունքի: ՙՈւսումնասիրելով վարակի բռնկման օրերին մանկապարտեզների ճաշացանկը, պարզ դարձավ, որ բոլոր մանկապարտեզներում այդ օրերին օգտագործվել է ՙԱրցախկաթ՚ ընկերության կաթնամթերքը,- ասաց նա: Մենք գործարանից պահանջեցինք վարակի բռնկման օրվա արտադրանքի նմուշները: Մանրեաբանական փորձաքննությունը պարզեց, որ  ՙԱրցախկաթի՚ կողմից նախակրթարաններ առաքված թթվասերի, կաթնաշոռի, կարագի, պանրի մեջ գոյություն ունեն պաթոգեն մանրէներ (ցիտրոբակտեր և Էշերիխիա կոլի)՚:  
Օ. Հարությունյանի խոսքերով, մանրէաբանական հետազոտության արդյունքները տեսչությունն ստացել է սեպտեմբերի 30-ին, ինչին անմիջապես հաջորդել են ՙԱրցախկաթ՚ ապրանքանիշի կաթնամթերքի վաճառքի կասեցումն ու գործարանի աշխատանքների դադարեցումը: ՙՄենք պահանջեցինք, որպեսզի ընկերությունն իր արտադրանքը հետ վերցնի բոլոր առևտրի կետերից: Նույն օրը ԱՆ ՙՀամաճարակային և հիգեինիկ կայան՚ ՊՈԱԿ-ի  մասնագետները ընկերություն են գնացել՝ հակահամաճարակային միջոցառումներ իրականացնելու և կաթնամթերքի վտանգավորության իրական պատճառը որոշելու նպատակով՚,- ասաց նա: Մեր զրուցակիցը նաև տեղեկացրեց, որ  վտանգավոր բակտերիաներ են հայտնաբերվել նաև ընկերության  պաստերիզացված կաթի մեջ, որը, փաստորեն, բոլոր արտադրատեսակների հիմքն է հանդիսանում: Մայրաքաղաքի հիվանդանոցներ են տեղափոխվել նաև Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի մանկապարտեզի սաները, որոնց մատակարարը նույնպես վերոհիշյալ ընկերությունն է: ՙՄենք ամեն կերպ փորձում ենք չթույլատրել նման  իրավիճակներ, սակայն, դժբախտաբար, որևէ  բնակավայր դրանից ապահովագրել հնարավոր չէ, նման բռնկումներ լինում են բոլոր քաղաքներում: Մեր ծնողներին խորհուրդ կտայի ըմբռնումով մոտենալ այս իրավիճակին: Առանց փորձաքննության հստակ պատկերն ունենալու՝ մեր կողմից որեւէ մատակար ընկերության մեղադրանք ներկայացնելը սխալ կլիներ: Մանրէաբանական փորձաքննությունը ժամանակ  և մանրակրկիտ հետազոտություն է պահանջում՚,-շեշտեց կառույցի ղեկավարը: 
Օ. Հարությունյանը նաև տեղեկացրեց, որ Ստեփանակերտի բոլոր նախակրթարանների գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է՝ մինչև հանգամանքների պարզելն ու բոլոր երեխաների առողջացումը: Կաթնամթերքի  արտադրությամբ զբաղվող ընկերությունների գործունեության վերահսկողության հետ կապված խնդիրների առնչությամբ Օֆելյա Հարությունյանը նշեց, որ տեսչական մարմինների կողմից պլանային ստուգումներ իրականացնելուց բացի, տվյալ ընկերությունն ունի համապատասխան լաբորատորիա և մասնագետ-մանրէաբան: Տարբեր մանկապարտեզներում ինֆեկցիայի տարածման օրերի տարբերության առնչությամբ մեր զրուցակիցն ասաց, որ ընկերության նույն օրվա արտադրանքը մանկապարտեզների տարբեր օրերի  ճաշացանկում է հայտնվել: 
Տեսչության պետի հետ զրույցից հետո մենք եղանք Ստեփանակերտի ՙԻնֆեկցիոն հիվանդանոց՚ ՓԲԸ-ում: Հիվանդանոցի գործադիր տնօրեն Ստելլա Միքայելյանի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ  ընդունել են աղիքային սուր ինֆեկցիայի նախանշաններով ևս 10 հիվանդի, որոնց մեջ կան նաև մեծահասակներ: ՙՀիվանդների բուժման ընթացքն անցնում է առանց բարդացումների, բոլոր հիվանդներն առաջին իսկ պահից հսկողության տակ են գտնվում: Մեր հիվանդանոցը նման իրավիճակներում աշխատելու փորձ ունի: Բռնկման առաջին իսկ օրվանից աշխատում ենք հիվանդանոցի ողջ անձնակազմով: Իհարկե, ինֆեկցիոնիստ բժիշկների պակաս մենք ունենք, և այս մասին ես բազմիցս ասել եմ, սակայն բուժման գործընթացի վրա այդ փաստը որևէ ազդեցություն չի ունենում՚,-ասաց նա: 
Նշենք, որ  մեր հանրապետությունում սննդամթերքի որակի անվտանգության հարցերով զբաղվում է նաև արդեն վերակազմավորված Տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի որակի պետական տեսչությունը: Տեսչությունից մեզ տեղեկացրին, որ կառույցի ղեկավար Է. Մարտիրոսյանը հիվանդության պատճառով աշխատավայրում չէ, իսկ տեսչության աշխատակցուհին ասաց, որ իրենց կառույցն  ՙայսօր գոյություն չունի՚: Ինչ վերաբերում է կաթ վերամշակող գործարաններում մինչ այդ իրականացված ստուգումներին, ապա նա դժվարացավ  վերհիշել, թե  վերջին անգամ երբ են նման ստուգումներ անցկացրել: 
ԼՂՀ ոստիկանության լրատվական ծառայությունից  տեղեկացանք, որ զանգվածային թունավորումների առնչությամբ նախնական հետաքննություն է իրականացվել, գործի հետագա քննությամբ կզբաղվի դատախազությունը:   
Վերջում նշենք, որ մանկապարտեզներից սկսված  զանգվածային թունավորումների այս դեպքը  պետք է լրջորեն մտահոգի բոլորին և պետք է ձեռնարկվեն բոլոր միջոցները` բացառելու նման դեպքերի կրկնությունը: 
 
 Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ