[ARM]     [RUS]     [ENG]

Հանդիպում ԼՂՀ Ազգային ժողովում

Հոկտեմբերի 21-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Աբխազիայի Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ջեմալ Գուբազին և Գալուստ Տրապիզոնյանին, ովքեր Ստեփանակերտ էին ժամանել  Արցախի և Աբխազիայի ֆուտբոլի հավաքական թիմերի՝ Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում այդ օրը կայանալիք պատասխան ընկերական հանդիպման կապակցությամբ։

             Ողջունելով հյուրերին՝ ԱԺ նախագահը կարևորեց սպորտի, այդ թվում, մասնավորապես, ֆուտբոլի զարգացման և այդ ասպարեզում վաղեմի ավանդույթների վերականգնման անհրաժեշտությունը։ Միևնույն ժամանակ, նշեց նա, հաճելի է գիտակցել, որ մեր հանրապետությունների ու ժողովուրդների բարեկամության և համագործակցության կապերը  փոխհարստանում են նաև մարզական  ոլորտում, ինչի վառ ապացույց դարձավ մեր ֆուտբոլային հավաքականների  վերջերս՝ սեպտեմբերի 25-ին, կայացած առաջին ընկերական  հանդիպումը Աբխազիայի մայրաքաղաք Սուխումում։  

              Աբխազիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խոսքով՝  երկու նորանկախ հանրապետությունների  մարզիկների միջև կայացող այդ հանդիպումները դեռևս գործընթացի սկիզբն են խորհրդանշում, ինչը, անկասկած, խոստումնալի ու հեռանկարային է ոչ միայն ֆուտբոլի, այլև մյուս մարզաձևերի առումով։ Այս ուղղղությամբ, ասաց նա, նախապատրաստական աշխատանքներ տարվում են և, համոզված եմ, աբխազցի և արցախցի մարզիկներն իրենց հերթին առաջիկայում նոր գումարելիներ կավելացնեն մեր երկու ժողովուրդների բարեկամության, մեր պետությունների համագործակցության տարեգրության մեջ։ 

            Հանդիպմանը, որին մասնակցում էին ԼՂՀ նախագահի խորհրդական Վասիլի Աթաջանյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդգես Բաղրյանը, ԼՂՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Գարիկ Գրիգորյանը, քննարկվեցին երկու պետությունների միջև մարզական ոլորտում համագործակցության հետագա զարգացման ու խորացման հարցեր։

 

ԼՂՀ ԱԺ ՄԱՄԼՈ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ