[ARM]     [RUS]     [ENG]

ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ

             Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 17-ին ցավակցական հեռագիր է հղել Արցախյան շարժման վետերան, Ստեփանակերտի պատվավոր քաղաքացի Վիգեն Հայրապետյանի ընտանիքին:

Հեռագրում ասված է.

"Խոր վշտով ու կսկիծով տեղեկացանք մեր ժողովրդի արժանավոր զավակ Վիգեն Սուրենի Հայրապետյանի մահվան մասին:

            Վիգեն Հայրապետյանը մեծ հարգանք էր վայելում ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում ու Սփյուռքում: Նա մեծ ներդրում ուներ Արցախի Հանրապետության կայացման գործում, եղել է ղարաբաղյան ազատագրական շարժման առաջամարտիկներից, ում ղեկավարությամբ տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի ժողովրդական պատգամավորների մարզխորհրդի 1988թ. փետրվարի 20-ի  պատմական նստաշրջանը, եւ հենց նա է  1991 թվականի սեպտեմբերի 2-ին հրապարակել ԼՂՀ հռչակման մասին հռչակագիրը:

            Անգնահատելի է Վ.Ս.Հայրապետյանի ներդրումը նաեւ կրթության զարգացման գործում: Նա կրթել եւ դաստիարակել է բազմաթիվ սերունդների` սերմանելով սերը գիտելիքի եւ հայրենիքի հանդեպ:

            Պետությունն արժանվույնս է գնահատել Վիգեն Հայրապետյանի վաստակը` պարգեւատրելով նրան «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով եւ պետական այլ պարգեւներով, շնորհելով ԼՂՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում:  

            Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ողջ ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից խորին վշտակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին: Այս ծանր պահին մենք ձեր կողքին ենք եւ ձեզ հետ միասին կիսում ենք անդառնալի կորստի ցավը:

Վիգեն Հայրապետյանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա բոլորիս սրտերում":