[ARM]     [RUS]     [ENG]

ԼՂՀ 2013թ. պետբյուջեի նախագիծը՝ Ազգային ժողովում

           ARCAX_AJ_105518844_300x224.jpg Դեկտեմբերի 4-ին տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը։

            Օրակարգում «ԼՂՀ 2013թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի պաշտոնական ներկայացման հարցն էր։

            Նիստին մասնակցում էին նաև ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, կառավարության անդամներ, գերատեսչությունների ղեկավարներ։

      Նիստը վարում էր բյուջետային փաթեթի առնչությամբ ԱԺ գլխադասային՝ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը։

        Օրինագծի և բյուջետային փաթեթի մյուս փաստաթղթերի վերաբերյալ նիստում հաղորդմամբ հանդես եկավ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանը՝ հանգամանալի ներկայացնելով օրենքի նախագծի հիմքում դրված մակրոտնտեսական ցուցանիշները։ Ընդգծելով, որ բյուջեի նախագիծը կազմելիս կառավարությունը ելակետային հիմք է ընդունել հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի դրույթները, ինչպես նաև կառավարության գործունեության 2012թ. ծրագիրը, նա  նշեց, որ 2013 թվականին գործադիրի սոցիալ-տնտեսական քաղաքականությունը հիմնականում ուղղված է լինելու տնտեսական զարգացմանը և աճի կայուն տեմպերի ապահովմանը, հասարակության բոլոր անդամների համար կյանքի բարեկեցիկ և արժանապատիվ պայմանների ստեղծմանը, պետականաշինության կատարելագործմանը և երկրի պաշտպանունակության ամրապնդմանը։ Նախարարի հավաստիացմամբ՝ կառավարությունը գալիք տարում նույնպես կձգտի ապահովել նախանշված ֆինանսական բոլոր մուտքերը, կյանքի կոչել հաստատված պետական առաջնահերթ ծրագրերը:

           Համաձայն ներկայացված գլխավոր ֆինանսական փաստաթղթի, առաջարկվում է ԼՂՀ 2013թ. պետական բյուջեն  հաստատել. եկամուտների գծով՝ 70 մլրդ 293.8 մլն դրամի, ծախսերի գծով` 71 մլրդ 066.0 մլն դրամի, իսկ պակասուրդը՝ 772.2 մլն դրամի չափով:

            Ի պատասխան  պատգամավորների հարցերի՝ նախարարը հանդես եկավ նաև լրացուցիչ պարզաբանումներով։  Առանձին հարցերի կապակցությամբ պարզաբանումներ տվեց նաև  վարչապետ Արա Հարությունյանը։

            Համատեղ նիստի աշխատանքներն ամփոփեց ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։ Նշելով, որ դեկտեմբերի 5-ին մեկնարկող քննարկումները տարբեր ձևաչափերով ու փուլերով շարունակվելու են ներառյալ մինչև դեկտեմբերի 26-ը՝ համաձայն նախապես հաստատված ժամանակացույցի, նա գործընկերներին  կոչ արեց հանգամանալի ուսումնասիրել ներկայացված բյուջետային փաստաթղթերի փաթեթը և սահմանված ժամկետներում ներկայացնել դրանց վերաբերյալ իրենց առաջարկությունները։   

             

ԼՂՀ ԱԺ ՄԱՄԼՈ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ