Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԱՆՑՅԱԼԻ ԴԱՌԸ ՀՈՒՇԵՐԸ ԵՎ ՄԵԾ ԱՐՀԱՎԻՐՔԻ ՈՒՍԱՆԵԼԻ ԴԱՍԵՐԸ

 

12.jpg1988թ. դեկտեմբերի 7-ին ցնցվեց Հայոց բիբլիական հողը։ Ուժեղ երկրաշարժը հողին հավասարեցրեց Հայաստան աշխարհի հյուսիսային մասը՝ ընդգրկելով երկրի տարածքի 40 տոկոսը. տուժեցին 21 քաղաք, շրջաններ, 342 գյուղ, անօթևան մնաց 542 հազար մարդ։ Պաշտոանական տվյալներով՝ զոհերի թիվը 25 հազար էր...  Զարհուրելի իրողություն, որ զուգադիպեց 88-ի խառնակ օրերին, երբ Բաքուն, Մոսկվայի թողտվությամբ, ամեն կերպ փորձում էր ճնշել համազգային շարժումը։ Երկրաշարժը սառը ցնցուղի ազդեցություն թողեց… 

Հիմնովին ավերվեց Սպիտակը, մեծապես տուժեցին Գյումրին (Լենինական), Վանաձորը (Կիրովական), Ստեփանավանը, շրջակա գյուղերը։ Քանդվեցին ու ավերվեցին, փլատակների վերածվեցին դպրոցներ ու մանկապարտեզներ, ինստիտուտներ, բնակելի շենքեր… 

Անսպասելի բնական կույր տարերքը հանկարծակիի բերեց արտակարգ իրավիճակներում գործելու կոչված կազմակերպություններին ու ծառայություններին։ Հայ ժողովրդի համար ծանր փորձության ժամին աշխարհի տարբեր ծագերից օգնության հասան փրկարար ջոկատներ, կամավորականներ, բժիշկներ, շինարարներ, զինվորականներ… Աշխարհի մարդկության գութը շարժվեց… Օգնության հասան անգամ այն երկրները, որոնք դիվանագիտական հարաբերություններ չունեին ԽՍՀՄ-ի հետ (Իսրայել, Չինաստան, Չիլի, Հարավային Կորեա)

Քսանչորս տարի է անցել ահավոր այդ օրից, բայց չսպիացած վերքը զգացնել է տալիս։  Ազգը չի մոռանում իր զոհերին, և ամեն տարի դեկտեմբերի 7-ին աշխարհասփյուռ հայ ժողովուրդը հիշում ու վերապրում է տեղի ունեցածը։ Երախտապարտ հայ ազգը գլուխ է խոնարհում բոլոր նրանց առջև, ովքեր իր հետ էին ծանր փորձության ժամին... 

2012թ. դեկտեմբերի 7-ին կրկին մարդաշատ էր Ստեփանակերտի հուշահամալիրը։ Մարդկանց հոսքը դեպի սրբավայր դարձած կոթող սկիզբ էր առել վաղ առավոտից։ Աղետի զոհերի հիշատակին իրենց հարգանքի տուրքը մատուցելու էին գալիս մեծ ու փոքր՝ դպրոցական, ուսանող, շինարար ու բանվոր, մանկավարժ ու զինվորական, քաղաքական գործիչներ ու պետական այրեր… Գլուխ էին խոնարհում ու նաև աղոթում, որ տառապած ազգն ու երկիրը հեռու մնան ամեն տեսակ փորձությունից,  աղետներից…

Արհավիրքին զոհ գնացածների հիշատակը հարգելու համար Հուշահամալիր այցելեցին նաև Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ, բարձրաստիճան զինվորականներ, հոգևորականներ։ 

Հուշակոթողին ծաղկեպսակներ դրվեցին երկրի իշխանությունների, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի, պետական տարբեր գերատեսչությունների կողմից։ Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր քահանաները կատարեցին հոգեհանգստի ու ոգեկոչման արարողություն։ 

Ծանր կորստի ու Սպիտակի երկրաշարժի դասերի մասին իրենց մտորումները լրագրողների հետ կիսեցին պետական այրերը։

Աշոտ ՂՈՒԼՅԱՆ, ԼՂՀ ԱԺ նախագահ.

- Ամեն հայ, վերապրելով այդ օրերը, սարսափելի հիշողություններ է ունենում. հաշված վայրկյանների ընթացքում ավերածությունների վերածվեց Հայաստանի ամբողջ հյուսիսային մասը։ Բայց ամենամեծ կորուստը մարդկային կորուստն է։ Մենք կորցրինք մեր հազարավոր հայրենակիցներին… Թերևս դա առաջին փորձություններից մեկն էր, որ Ղարաբաղյան շարժումն սկսվելուց հետո ականատեսը դարձանք։ Հայության բոլոր հատվածները պատրաստ էին մեկը մյուսին օգնել։ Ազգի հավաքական կամքն ու ոգին թույլ տվեց մեզ ապրել, արարել և այսօր Հայաստանի նույն այդ հատվածից՝ Շիրակի, Լոռու մարզերից մեր հազարավոր հայրենակիցների օժանդակությունը, օգնությունն Արցախին մեկ անգամ ևս ապացուցում է, որ ամեն ինչ կախված է ազգի միաբանությունից, համախմբումից։ 

Սպիտակի երկրաշարժը մեծ դաս էր, որը վերաբերում էր կառավարման բոլոր հատվածներին. ներքին կազմակերպվածության խնդիրներ, քաղաքաշինության հիմնահարցեր, որ տարիներ ի վեր կարծես դուրս էին մնացել ուշադրությունից։ Վստահ եմ, որ այդ դասերը մենք ճիշտ ենք հաշվի առել, և այն, ինչ այսօր արվում է թե՜ շինարարության և թե՜ տեխնիկական ոլորտներում, փաստում է երկրաշարժից հետո արված հետևությունների մասին։ Անշուշտ, բնական աղետներին դժվար է նախապատրաստվել, բայց, կարծում եմ, մեր կառավարման համակարգում խնդիրները ճիշտ լուծելու պարագայում շատ ավելի պատրաստ կլինենք բնության մարտահրավերներին։

Կարեն ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ, ԼՂՀ քաղաքաշինության նախարար.

- Սպիտակի երկրաշարժից հետո հրատապ էր սեյսմակայուն շինարարության հարցը։ Արհավիրքը ցույց տվեց, որ կար և՜ շնարարների մեղքը, և՜ ընդունված նորմերի թերի լինելը։ Խորհրդային տարիներին քաղաքաշինության մեջ սեյսմակայունության չափանիշը համարվում էր 7 բալը, իսկ երկրաշարժը փաստեց, որ դա քիչ է։ Բազմաթիվ ատյաններում հարցը քննարկվեց։ Այսօր ԼՂՀ-ում և ՀՀ-ում շինարարության մեջ գործում է 9 բալ սեյսմակայունության պահանջը, ինչը, վստահորեն կարող եմ ասել, որ կատարվում է։ Իսկ խորհրդային տարիներին կառուցված շենքերի կապակցությամբ նախագծային աշխատանքներ են կատարվել՝ դրանց ուժեղացման և ներկայիս պահանջներին համապատասխանեցնելու առումով։ Սակայն պետք է նշել, որ աշխատանքները մեծ ծախսերի հետ են կապված։ Կա նաև շենքերը բնակեցված լինելու խնդիրը։ Առայժմ փորձում ենք լուծման ուղիներ գտնել։   

 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ