[ARM]     [RUS]     [ENG]

Աշխատանքային խորհրդակցություն ԼՂՀ Ազգային ժողովում

              Դեկտեմբերի 18-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԺ ղեկավար կազմի և աշխատակազմի ծառայությունների պատասխանատուների մասնակցությամբ։

            Քննարկման թեման ԱԺ առաջիկա նիստի օրակարգի պատրաստության հարցն էր՝  կապված հիմնականում «ԼՂՀ 2013թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի և բյուջետային փաթեթի մեջ ներառնված օրինագծերի ու ծրագրերի հետ։

            Այդ առնչությամբ նշվեց, որ, նախապես մշակված ու հաստատված ժամանակացույցի համաձայն, ԱԺ մշտական հանձնաժողովներում ու խումբ-խմբակցություններում անց են կացվել բյուջետային փաթեթի մաս կազմող փաստաթղթերի նախնական քննարկումները՝ գործադիր իշխանության պաշտոնական ներկայացուցիչների մասնակցությամբ։  Ժամանակին կառավարություն են ուղարկվել այդ քննարկումների ընթացքում ձևավորված պատգամավորական առաջարկությունները, որոնց վերաբերյալ գործադիրի պատասխան մեկնաբանությունները՝ ամփոփաթերթիկի տեսքով, արդեն ստացվել են խորհրդարանում։

Խորհրդակցությանը ճշտվեց  լիագումար նիստում բյուջետային փաթեթի  քննարկման ընթացակարգը, տրվեցին համապատասխան հանձնարարականներ։ 

Անդրադարձ կատարվեց նաև նախորդ լիագումար նիստում առաջին ընթերցմամբ ընդունված «ԼՂՀ Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի նոր խմբագրությամբ նախագծին և նրա հետ օրենսդրական փաթեթ կազմած «Քաղաքացիական ծառայության մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին» ու «ԼՂՀ իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերին, որոնք բյուջետային փաթեթից դուրս  քննարկման ենթակա են առաջիկա նիստում։

 Համաձայն գործող օրենսդրական նորմի՝ խորհրդարանի նախագահը հայտարարեց, որ, հիմք ընդունելով բյուջետային քննարկումների ժամանակացույցով սահմանված ժամկետը,  ԱԺ լիագումար նիստը հրավիրվում է ս.թ. դեկտեմբերի 19-ին, ժամը 11.00-ին, ԱԺ նիստերի մեծ դահլիճում։

 

            ԼՂՀ ԱԺ ՄԱՄԼՈ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ