[ARM]     [RUS]     [ENG]

ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԸ

 

   ARCAX_AJ_105518844_300x224.jpgԴեկտեմբերի 19-ին տեղի է ունեցել ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի 6-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը, որը վարում էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։

   Նիստին ներկա էին կառավարության անդամներ, կառավարությանն առընթեր մարմինների  ղեկավարներ՝ վարչապետ Արա Հարությունյանի գլխավորությամբ։

   Հաստատելով ընթացիկ նստաշրջանի օրակարգում առաջարկված լրացումները, ապա և  լիագումար նիստի օրակարգը, խորհրդարանը ձեռնամուխ եղավ հարցերի քննարկմանը։

   Քննարկման հիմնական թեման  ՙԼՂՀ 2013թ. պետական բյուջեի մասին՚ օրենքի նախագծի մասին հարցն էր, ուղեկից օրինագծերը և բյուջեի նախագծում ներկայացված տարեկան նպատակային ծրագրերը։

Նախքան առաջադրված հարցերին անցնելը՝ խորհրդարանի նախագահը, հիշեցման կարգով նշելով, որ Ազգային ժողովում պետական բյուջեի քննարկումը նախատեսված է հատուկ ընթացակարգով, հաղորդեց, որ բյուջետային փաթեթը սահմանված ժամկետներում ստացվել ու նախնական քննարկման է ենթարկվել մշտական հանձնաժողովներում ու խումբ-խմբակցություններում։ Ըստ այդմ, ասաց նա, կառավարություն են ներկայացվել մի ամբողջ շարք առաջարկություններ և արդեն ստացվել են դրանց վերաբերյալ գործադիր իշխանության տեսակետները՝ համապատասխան հիմնավորումներով հանդերձ։  

   Ներկայացնելով գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը, ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանը, նախ, կառավարության անունից շնորհակալություն հայտնեց Ազգային ժողովի պատգամավորներին՝ պետական բյուջեի շուրջ ծավալած շահագրգիռ, համապարփակ ու կառուցողական քննարկումների համար։ «Ձեր բարձրացրած հարցերը, մատնանշած խնդիրներն ու կատարած առաջարկությունները խիստ օգտակար են երկրի տնտեսական զարգացումն ապահովող առավել օպտիմալ և արդյունավետ լուծումներ գտնելու գործում»,-ասաց նա։ 

Կառավարության պաշտոնական  ներկայացուցչի հաղորդմամբ՝ 2013թ. պետական բյուջեն մշակվել է՝ առաջնորդվելով ԼՂՀ նախագահի նախընտրական ծրագրով, խորհրդարանի հավանությանն արժանացած ԼՂՀ կառավարության գործունեության 20012-2017թթ. գործունեության ծրագրով, ինչպես նաև ԼՂՀ 2013-2015թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրով ամրագրված սկզբունքներով։   Ուստի  2013թ. պետբյուջեի նախագիծը, նշեց նա, բովանդակային առումով արտացոլում է երկրի զարգացման հիմնական ռազմավարական ուղղությունները։ Նախարարի հավաստմամբ՝ ԼՂՀ 2013թ. պետական բյուջեի սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնական թիրախներն են լինելու երկրի տնտեսական զարգացման և աճի կայուն տեմպերի ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացումը, հասարակության համար կյանքի բարեկեցիկ և արժանապատիվ պայմանների ապահովումը, ինչպես նաև պետականաշինությունը և պաշտպանունակությունն ամրապնդող ինստիտուտների զարգացումը։

 Անդրադարձ կատարելով ընթացիկ տարում ձևավորված տնտեսական միջավայրին, նա ներկայացրեց մակրոտնտեսական բնույթի որոշ կանխատեսային գնահատումներ։ Նախարարի հաղորդմամբ՝  համախառն ներքին արդյունքը  (ՀՆԱ) 2012թ. կկազմի շուրջ 152.1 մլրդ դրամ (աճը նախորդ տարվա համեմատությամբ՝ 9 տոկոս), արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ շուրջ 41 մլրդ դրամ (աճը՝  2 տոկոս), կապիտալ շինարարության ծավալը՝ 39 մլրդ դրամ, որը պակաս է նախորդ տարվա ցուցանիշից, գյուղատնտեսական արտադրության ծավալը՝ 50 մլրդ դրամ (աճը՝ շուրջ 25 տոկոս)։

 Կաճեն նաև բնակչության դրամական եկամուտները և միջին ամսական անվանական աշխատավարձի չափը։ Պետական բյուջեով ծրագրված սեփական եկամուտները հիմնականում  կապահովվեն։ ՀՀ-ից միջպետական վարկն արդեն ստացվել է ամբողջությամբ։ Ակնկալվող մուտքերի և անհրաժեշտ փոխառու միջոցների ներգրավման հաշվին պետական բյուջեով նախատեսված առաջնահերթ բնույթի ծրագրերը և հիմնավոր ճանաչված հայտերը կֆինանսավորվեն ամբողջությամբ։  

Ինչ վերաբերում է 2013թ. բյուջեին, ապա, համաձայն պաշտոնական ներկայացման,  ՀՆԱ-ի ծավալը կանխատեսվում է 170.7 մլրդ դրամի չափով, որն ապահովում է 9 տոկոս իրական աճ։ Տնտեսական աճի թիրախային մակարդակը նախատեսված է հիմնականում 9-11 տոկոսի շրջանակներում։ Կատարված մակրոտնտեսական կանխատեսումների համատեքստում 2013թ. համախմբված բյուջեի ցուցանիշները ծրագրված են հետևյալ չափերով. եկամուտների գծով՝ 71 մլրդ 263.9 մլն դրամ, ծախսերի գծով՝ 72 մլրդ 36.1 մլն դրամ։ Պակասուրդը (դեֆիցիտը) կկազմի 772.2 մլն դրամ։ ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ին հատկացվող միջպետական վարկի գումարը կկազմի 39 մլրդ 293.8 մլն դրամ։

2013թ. պետական բյուջեի նախագիծը, որն առաջինն է նոր ձևավորված կառավարության օրոք, նշեց ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը, մշակվել է, նպատակ ունենալով ապահովելու նախորդ տարիների ձեռքբերումների հետևողական զարգացումը և այդ առումով կրում է շարունակական բնույթ։ Մյուս կողմից, ասաց նա, այն նախադրյալներ է պարունակում քաղաքական, տնտեսական, սոցիալական ու կառավարման համակարգերի իրատեսական բարեփոխումների իրականացման համար։

Խոսքի ավարտին վերստին անդրադառնալով խորհրդարանում բյուջեի նախագծի նախնական քննարկումներին, կառավարության պաշտոնական ներկայացուցիչը հայտնեց, որ ԱԺ մշտական հանձնաժողովների, խումբ-խմբակցությունների և առանձին պատգամավորների կողմից գործադիրը ստացել է թվով 52 գրավոր հարցապնդումներ, որոնց մի մասը կրկնվող, իսկ որոշ առաջարկություններ էլ խորհրդատվական բնույթ են կրում, որոնք կառավարությունն իր գործունեության ընթացքում հաշվի կառնի։ Մի շարք առաջարկություններ կառավարությունն ընդունել է՝ համապատասխան փոփոխություններ կատարելով բյուջեի նախագծում, ընդ որում՝ չավելացնելով բյուջեի ծավալը, այլ համապատասխան փոփոխություններ կատարելով որոշ ծրագրերում, այդ թվում՝ պահուստային ֆոնդում, որը պակասեցվել է 100 մլն դրամով։

Ներկայացվեցին նաև ԼՂՀ 2013թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ ԱԺ գլխադասային՝  ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի (փոխնախագահ՝ Կամո Մարտիրոսյան) ու պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի (նախագահ՝ Ժաննա Գալստյան) դրական եզրակացությունները։

Համաձայն քննարկումների ընթացակարգի՝ լսվեցին նաև կառավարության պաշտոնական ներկայացուցիչների հաղորդումները բյուջետային փաթեթի մյուս փաստաթղթերի վերաբերյալ։ Համապատասխան հիմնավորումներով ներկայացվեցին «Շահութահարկի մասին», «Եկամտահարկի մասին», «Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) մասին», «Առևտրի հարկի մասին», «Հարկերի մասին», «Հաստատագրված վճարների մասին», «Արտոնագրային վճարների մասին», «ԼՂՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին», «Ակցիզային հարկի մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» և «Դրամարկղային գործառնությունների մասին» (հարկային պետական ծառայության պետ Արտակ Բալայան), «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» (աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարինե Նարիմանյան), «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին», «Ընդերքն ուսումնասիրության և օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրելու (կոնցեսիայի) մասին» (շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետ Վազգեն Միքայելյան), «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» (հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյան) գործող օրենքներում փոփոխություններ ու լրացումներ առաջարկող օրինագծերը։ 

Նիստում անդրադարձ կատարվեց նաև պետական բյուջեի նախագծի կազմում ԱԺ ներկայացված ծրագրերին, որոնք թվով յոթն են.  ԼՂՀ 2013թ. առողջապահական պետական և նպատակային ծրագրերը, ԼՂՀ 2013թ. գիտական, գիտատեխնիկական պետական և նպատակային ծրագրերը, ԼՂՀ 2013թ. ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման պետական ծրագիրը, ԼՂՀ-ում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2013թ. տարեկան ծրագիրը, հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2013թ. տարեկան ծրագիրը, բնակչության զբաղվածության  կարգավորման 2013թ. պետական ծրագիրը, փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության 2013թ. տարեկան ծրագիրը։

Ամփոփելով բյուջետային քննարկումների տվյալ փուլը՝ խորհրդարանի նախագահը հայտարարեց, որ, համաձայն ԱԺ կանոնակարգի պահանջի, բյուջեի նախագծի քննարկումն ընդմիջվում է առնվազն  4 օրովև խմբակցություններն ու պատգամավորները կարող են 24 ժամվա ընթացքում ԱԺ աշխատակազմ ներկայացնել իրենց լրացուցիչ առաջարկություններն ու տեսակետները՝ կառավարությանը փոխանցելու համար, իսկ հաջորդ լիագումար նիստը նախատեսվում է դեկտեմբերի 26-ին։

Խորհրդարանն այնուհետև՝ բյուջետային քննարկումներից դուրս, քննության առավ ևս մի շարք օրինագծեր։

«Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի նախագիծը համապատասխան հիմնավորմամբ նիստում ներկայացրեց գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը։ Կառավարության պաշտոնական ներկայացուցչի հաղորդմամբ՝ նախագծի մշակումը պայմանավորված է գյուղատնտեսության զարգացման, մասնավորապես, գյուղատնտեսական մշակաբույսերի մշակության աշխատանքները խթանելու և անասնաբուծության զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ։

Լսվեց նաև գլխադասային՝ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը։ Օրենքն ընդունվեց։

Ապա քննության առնվեց «Պետական կենսաթոշակների մասին», «Բռնադատվածների մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» գործող օրենքներում լրացումներ և  փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթը։ Կառավարության լիազորմամբ ներկայացնելով այն՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարինե Նարիմանյանը հաղորդեց, որ խնդրո առարկա օրենսդրական փաթեթի մշակումը պայմանավորված է իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդիրների լուծման, կենսաթոշակառուների և կենսաթոշակի համար դիմող անձանց երաշխիքների ամրապնդման, ինչպես նաև կենսաթոշակային համակարգի զարգացումն ապահովելու անհրաժեշտությամբ։  

Դրական էր գլխադասային՝ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի (փոխնախագահ՝ Արամ Գրիգորյան)։ Օրենքներն ընդունվեցին։

Նիստում երկրորդ ընթերցմամբ անդրադարձ կատարվեց «ԼՂՀ Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի նոր խմբագրությամբ նախագծին, որը  «Քաղաքացիական ծառայության մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «ԼՂՀ իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի հետ միասին շրջանառության մեջ  դրված լինելով պատգամավորներ Աշոտ Ղուլյանի, Վարդգես Բաղրյանի և Կամո Մարտիրոսյանի համատեղ նախաձեռնությամբ՝ օրենսդրական փաթեթի տեսքով, առաջին ընթերցմամբ ընդունվել էր նախորդ լիագումար նիստում։

Համահեղինակների անունից հանդես գալով համապատասխան հաղորդմամբ, ԱԺ նախագահը հայտնեց, որ սահմանված ժամկետում պատգամավորների կողմից լրացուցիչ գրավոր առաջարկություններ չեն ստացվել, սակայն քննարկումների ընթացքում հնչել են  բանավոր առաջարկություններ, որոնց մի մասը ներառվել է  «ԼՂՀ Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի նախագծում։

  Դրական էր գլխադասային՝ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի (նախագահ՝ Գագիկ Պետրոսյան) եզրակացությունը, և  օրենսդրական փաթեթի մեջ ներառնված օրինագծերն ընդունվեցին վերջնական օրենքի տեսքով։

Այսպիսով, ԱԺ հերթական լիագումար նիստն ավարտեց աշխատանքները։

 

ԼՂՀ ԱԺ ՄԱՄԼՈ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ