[ARM]     [RUS]     [ENG]

ԼՂՀ ԿԸՀ¬ում

2012թ. դեկտեմբերի 26-ին կայացավ  ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի  հերթական նիստը, որը վարում էր նրա նախագահ Ռ. Պետրոսյանը։
Նիստին  մասնակցում էին  տարածքային ընտրական հանձնաժողովների նախագահներ, կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատասխանատու աշխատողներ, ԼՂՀ Ազգային ժողովի  պատգամավորներ Նելսոն Մինասյանը և Հրանտ Սաֆարյանը։
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ի գիտություն  ընդունեց հ. 10  և հ. 15 ընտրատարածքներում 2012թ. դեկտեմբերի 23-ի Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների արդյունքները։ Մարտակերտի և Շուշիի տարածքային ընտրական հանձնաժողովների համապատասխան որոշումներով հ. 10  ընտրատարածքում  Ազգային ժողովի պատգամավոր  է ընտրվել Նելսոն Իվանի Մինասյանը, որին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը կազմում է 2798  կամ  77,1%։
Հ. 15 ընտրատարածքում  Ազգային ժողովի պատգամավոր  է ընտրվել Հրանտ Ռաֆիկի Սաֆարյանը, որին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը կազմում է 4353  կամ  97,4%։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցեց և համապատասխան վկայականներ հանձնեց հ.10 և հ.15 ընտրատարածքներում մեծամասնական ընտրակարգով ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորներ ընտրված Նելսոն Մինասյանին և Հրանտ Սաֆարյանին։ 
Տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված ամփոփիչ արձանագրությունների համաձայն՝ Ասկերանի շրջանի Ակնաղբյուրի համայնքի ղեկավար է ընտրվել Սևակ Ղարամյանը, անկուսակցական, Խրամորթի համայնքի ղեկավար է ընտրվել Արգեն Մկրտչյանը, Արցախի ժողովրդավարական կուսակցության անդամ, Սառնաղբյուրի համայնքի ղեկավար է ընտրվել Էդուարդ   Գաբրիելյանը, անկուսակցական։
Հադրութի շրջանի Ուխտաձորի  համայնքի ղեկավար է ընտրվել Վիգեն Աղաջանյանը, անկուսակցական։
Հանձնաժողովի նիստում մանրամասն քննարկվեցին և հաստատվեցին կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2013թ. աշխատանքային պլանը և գործերի անվանացանկը։
Օգտվելով  ընձեռված հնարավորությունից՝  Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը շնորհավորեց ընտրական համակարգի բոլոր անդամների և արցախցիների  Ամանորն ու Սուրբ Ծնունդը և բարեմաղթանքներ հղեց նրանց։