[ARM]     [RUS]     [ENG]

Պետական հանձնաժողովի անդրանիկ նիստը

Դեկտեմբերի 27-ին ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում իր անդրանիկ նիստը գումարեց արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 25-րդ տարեդարձի տոնակատարության՝ ԼՂՀ նախագահի հրամանագրով կազմավորված  պետական հանձնաժողովը։

Նիստի աշխատանքը վարում էր  Ազգային ժողովի նախագահ, պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը։

 Ընդգծելով Շարժման հոբելյանական տարեդարձի տոնակատարության  կարևորությունը Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնության հանրային-քաղաքական կյանքում, ինչպես նաև արտաքին քարոզչության առումով, ԱԺ նախագահը ներկաներին ուղղված իր խոսքում համոզմունք հայտնեց, որ հանձնաժողովն իր աշխատանքները կկառուցի այնպես, որ տարաբնույթ միջոցառումներով համակողմանի արժևորվի ազգային վերազարթոնքի գաղափարը։ Ընդ որում, նշեց նա, այն պետք է ընդգրկի հանրապետության առանց բացառության բոլոր բնակավայրերը և կրի համաժողովրդական բնույթ։ Միևնույն ժամանակ, ասաց ԱԺ նախագահը,   տոնակատարությունը չի սահմանափակվելու միայն փետրվարյան միջոցառումներով, այն շարունակական է լինելու ամբողջ տարվա ընթացքում, ուստի և նույնքան ժամանակ տևելու է պետական հանձնաժողովի գործունեությունը։ 

Տեղի ունեցավ մտքերի փոխանակություն, որի ընթացքում հանձնաժողովի անդամները հանդես եկան տոնական միջոցառումների անցկացման իրենց պատկերացումներով և համապատասխան առաջարկություններով, նշեցին դրանց իրականացման  միջոցները։

Հայտնելով, որ հանձնաժողովի հերթական նիստը նախատեսվում է անցկացնել Ծննդյան տոներից հետո՝ հունվարի 9-ին, ԱԺ  նախագահը ներկաներին հանձնարարեց իրենց առաջարկությունները պատրաստել և նիստի քննարկմանը ներկայացնել գրավոր տեսքով՝ տոնական միջոցառումների համալիր ծրագիր մշակելու նպատակով։ Տրվեցին նաև մի շարք այլ հանձնարարականներ։       

 

ԼՂՀ ԱԺ ՄԱՄԼՈ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ