[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԱՄԱՆՈՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ

bako_sahakyan46001322205458.jpgՍիրելի հայրենակիցներ,
Թանկագին արցախցիներ,
Քիչ հետո մենք հրաժեշտ կտանք 2012 թվականին, եւ պատմության գիրկը կանցնի եւս մեկ տարի, տարի, որը հոբելյանական էր մեր երկրի համար, հարուստ կարեւոր քաղաքական իրադարձություններով: 
Ազգովի տոնեցինք ԼՂՀ պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 20-ամյակը՝ փառապանծ հաղթանակ, որը հիմք հանդիսացավ մեր հետագա հաջողությունների համար: Այդ հաղթանակը հնարավոր դարձավ մեր ժողովրդի խիզախության ու սխրանքի, տոկունության ու անկոտրում կամքի շնորհիվ, հնարավոր դարձավ մեր քույրերի ու եղբայրների արյան գնով: Այս տոնական օրը ես գլուխ եմ խոնարհում նրանց հիշատակի առջեւ եւ ասում. ՙՀա՛վերժ փառք ու պատիվ հայրենիքի նվիրյալներին՚:
2012 թվականին Արցախում տեղի ունեցան հերթական նախագահական ընտրությունները:  Արցախցիները եւս մեկ հաղթանակ արձանագրեցին ժողովրդավարական պետության կառուցման ճանապարհին, վերահաստատեցին իրենց հավատարմությունը համամարդկային արժեքներին ու սկզբունքներին: Դա մեր ժողովրդի միասնական հաջողությունն է, որին հասանք ամենօրյա հետեւողական ու քրտնաջան աշխատանքով: Սակայն անելիքները դեռ շատ են, ունենք բազում ծրագրեր ու նախագծեր: Արցախում կան բնակավայրեր, որոնք ունեն դպրոցների ու հիվանդանոցների, ջրատարների ու ճանապարհների կարիք: Շատ ընտանիքներ դեռ  դժվարությամբ են հոգում իրենց ամենօրյա հոգսերը: Մեր իշխանությունները քաջատեղյակ են այդ խնդիրներին եւ անում են հնարավորը՝ բարելավելու բնակչության կենսապայմանները, որպեսզի հեռավոր գյուղերում մարդիկ իրենց զգան անվտանգ ու ապահով, մեր երեխաները մեծանան առողջ ու երջանիկ, խաղաղ եւ օրեցօր զարգացող երկրում: Մեր նպատակը հստակ է եւ անփոփոխ. արցախցին պետք է ապրի արժանավայել կյանքով, շենացնի իր օջախը նախնիների հողի վրա: Դա բոլորիս երազանքն է, որի իրականացման ճանապարհին պետք է համախմբենք մեր ջանքերն ու կարողությունները, լինենք միակամ ու անսասան, լեցուն հույսով ու հավատով:
Սիրելի հայրենակիցներ, ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ գալիք Նոր տարին՝ Արցախում, Հայաստանում եւ Սփյուռքում, նրանց, ովքեր այս պահին տանն են, տոնական սեղանների շուրջ, եւ նրանց, ովքեր աշխատանքի են կամ ծառայության մեջ, ովքեր խրամատներում հսկում են մեր անդորրը եւ անառիկ պահում հայրենի երկրի սահմանները: Թող 2013 թվականը միայն ուրախություն, առողջություն ու հաջողություն բերի մեր օջախներին, իսկ մեր երկրին ու ժողովրդին՝խաղաղություն եւ բարգավաճում:
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:
 
Ստեփանակերտ, 31 դեկտեմբերի 2012թ.