[ARM]     [RUS]     [ENG]

Հանրապետության ոստիկանությունն ընդհանուր առմամբ բավականին արդյունավետ կերպով է իրականացրել իր գործառույթները

          040213_Vostikanutyun_Info.jpgԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 4-ին մասնակցել է ոստիկանության մարմինների եւ ստորաբաժանումների 2012 թվականի օպերատիվ ծառայողական գործունեության արդյունքների ամփոփման կոլեգիայի նիստին:

Զեկույցներով հանդես են եկել ոստիկանապետ Ռոբերտ Շաֆերյանը եւ համակարգի պատասխանատու աշխատողներ:

Երկրի ղեկավարի գնահատականով` հաշվետու ժամանակահատվածում հանրապետության ոստիկանությունն ընդհանուր առմամբ բավականին արդյունավետ կերպով է իրականացրել իր գործառույթները` արձանագրելով դրական տեղաշարժեր:

Միեւնույն ժամանակ, ըստ Նախագահի, ոստիկանության գործունեության արդյունավետության շարունակական բարձրացման համար դեռեւս կան շատ անելիքներ:

Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ համակարգում առկա ներուժը եւ արձանագրված դրական արդյունքները հիմք են տալիս ակնկալել, որ ոստիկանությունը կարող է հաջողությամբ իրականացնել իր գործառույթները` հավելելով, որ հանրապետության իշխանություններն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն համակարգի աշխատողների սոցիալական եւ աշխատանքային պայմանների բարելավման ուղղությամբ: