ԲԵՐՁՈՐՈՒՄ ԿՀԻՄՆԱԴՐՎԻ ՆՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐ
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն այսօր ընդունել է "Արցախ Ռութս Ինվեսթմենթ" (ԱՐԻ) կազմակերպության խորհրդի մի խումբ անդամների: Ողջունելով հյուրերին` Ա. Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Արցախի զարգացմանն ուղղված` սփյուռքահայ բարերար-ներդրողների նախաձեռնած ծրագրի համար: Արցախիգյուղատնտեսության ոլորտում կատարվող ներդրումներին զուգահեռ ընկերության անդամների մոտ ծնվել է նաև ազատագրված տարածքների վերաբնակեցմանը օժանդակելու գաղափար:
Այսօր ԼՂՀ կառավարության և "ԱՐԻ" ընկերության միջև ստորագրվեց համաձայնագիր, որով Արցախի ազատագրված տարածքներից մեկում` Բերձորում, ընկերության ֆինանսավորմամբ կհիմնադրվի նոր բնակավայր: Վարչապետի գնահատմամբ` ծրագիրը ոչ միայն դրական է ազդելու Արցախի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա, այլև նոր բնակավայրը` ժամանակակից կոմունիկացիաներով, նախանշելու է Արցախի ապագա գյուղը:
Քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց 150 բնակելի տնով կառուցվելիք բնակավայրի էսքիզային նախագիծը և շնարարական աշխատանքների ժամանակացույցը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` "ԱՐԻ" ընկերության խորհրդի` Արցախ ժամանած պատվիրակության պատասխանատու Բենիամին Բջջաքչյանը նշել է, որ համաձայնագրով ամրապնդվում է տարիների համագործակցությունը և ամբողջանում ծրագիրը:
Հանդիպմանը կառավարության ղեկավարը Վարչապետի հուշամեդալով պարգևատրեց ԱՐԻ ընկերության խորհրդի անդամ Բյուզանդ Գևորգյանին` ծննդյան 80-ամյակի և Արցախի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար:
ԼՂՀ կառավարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին