[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ

Օգոստոսի 10-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց հավաքական թիմի մի խումբ անդամների, ովքեր Արցախ են ժամանել ճանաչողական այցով՝  թիմի համադրող Թոմիկ Ալեքսանյանի ուղեկցությամբ։  
Ողջունելով  հյուրերին, ԱԺ նախագահը գոհունակություն հայտնեց նրանց այցի առթիվ։  Հաճելի է գիտակցել, ասաց նա, որ ձեր թիմը, բաղկացած լինելով Հայաստանի, ինչպես նաև հայկական սփյուռքի տարբեր համայնքներից ներառված լավագույն մարզիկներից, իր կազմով մի ուրույն հայաշխարհ է ներկայացնում և  խորհրդանշում է հայ ժողովրդի հավաքականությունն ու միասնական կամքը։ Դուք, նշեց խորհրդարանի նախագահը, փաստորեն, մեր հայրենիքի, ողջ հայ ժողովրդի պատվի և արժանապատվության կրողներն ու պաշտպաններն եք միջազգային մրցություններում և առաջնություններում։  
Կարևորելով սպորտի նշանակությունը հայոց զուգապետության կերտման, հայրենի երկրի միջազգային հեղինակության համակողմանի բարձրացման գործում, նա այնուհետև հակիրճ անդրադարձ կատարեց Արցախում տարբեր մարզաձևերի, այդ թվում՝ բասկետբոլի, զարգացման հաջողություններին, առկա խնդիրներին ու հեռանկարներին։  
Թիմի անդամների անունից պատասխան խոսքով հանդես եկավ նրա գլխավոր մարզիչ Կառլ Բարդակյանը՝ ներկայացնելով ու բնութագրելով այցի եկած իր խաղընկերներին։ Նշելով, որ իրենց համար մեծ պատիվ է լինել Արցախում, ականատես լինել ազատության և անկախության նրա ձեռքբերումներին, նա ընդգծեց. ՙԱմեն անգամ մրցասպարեզ ելնելով, մենք, անշուշտ, զգում ու մշտապես զգալու ենք մայր հայրենիքի՝ Հայաստան-Արցախի,  սրտացավ աջակցությունը՚։  
Հանդիպմանը ներկա էր ԼՂՀ ԿԱ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը։
 
ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն