[ARM]     [RUS]     [ENG]

ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԼՂՀ ԶՈՀՎԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հոկտեմբերի 11-ին այցելել է ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների միություն և քաղաքի օրվա ու Ստեփանակերտի անվանակոչման 90-ամյակի առթիվ իր ու քաղաքապետարանի անունից շնորհավորել կազմակերպության անդամներին:
Քաղաքապետը կարևորել է Միության առաքելությունը երիտասարդության դաստիարակության և լավագույն ավանդույթների ձևավորման, արցախյան ազատամարտում նահատակված հայորդիների հիշատակը հավերժացնելու ու նրանց պատգամները մատաղ սերնդին փոխանցելու գործում:
 Ս.Գրիգորյանը բարձր է գնահատել մայրերի ավանդը պատերազմի ծանր տարիներին, ովքեր համախմբել են իրենց զավակներին, երիտասարդներին՝ թշնամու դեմ պայքարում, միասին հաղթահարել բոլոր դժվարությունները և մեծ կորուստների գնով հաղթանակներ կրել, նպաստել Ստեփանակերտի, Արցախ աշխարհի շենացմանը: Նա ընդգծել է, որ այսուհետ ևս քաղաքապետարանն աջակցելու է Միությանը՝ իր բոլոր ձեռնարկումներում և մշտական օգնություն է ցուցաբերելու զոհված ազատամարտիկների ընտանիքներին:
Վերստին շնորհավորելով քաղաքի օրվա կապակցությամբ՝ Ս.Գրիգորյանը քաղաքապետարանի անունից նվեր է հանձնել կազմակերպությանը: Միության նախագահ Գալյա Առստամյանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Սուրեն Գրիգորյանին՝ կառույցի նկատմամբ մշտապես ցուցաբերվող հոգատարության համար:
 
ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ  ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
 
Ստեփանակերտի օրվա և քաղաքի անվանակոչման 90-րդ տարեդարձի կապակցությամբ հոկտեմբերի 11-ին քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն:
 
Անբասիր աշխատանքի, մայրաքաղաքին մատուցած ծառայությունների համար և Ստեփանակերտի օրվա առթիվ քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը մայրաքաղաքի հիմնարկ-ձեռնարկությունների մի խումբ աշխատողների պարգևատրել է պատվոգրերով և արժեքավոր նվերներով: Նա քաղաքապետարանի ու անձամբ իր անունից ջերմորեն շնորհավորել է ներկաներին, բոլոր ստեփանակերտցիներին՝ հիշարժան իրադարձության առիթով և նորանոր հաջողություններ մաղթել իրենց պարտականությունների կատարման մեջ: Քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ այսուհետ ևս նրանք իրենց ակտիվ մասնակցությունն  են բերելու Ստեփանակերտի զարգացմանը և նրա բարգավաճմանը, անելու են հնարավորը սիրելի մայրաքաղաքն ավելի մաքուր, գեղեցիկ ու հրապուրիչ դարձնելու համար:
Սուրեն Գրիգորյանը վստահեցրել է, որ քաղաքային իշխանությունները շարունակելու են իրենց տեսադաշտում պահել բնակչության կենսական նշանակության խնդիրները: Այդ համատեքստում նա անդրադարձել է կապիտալ շինարարության մասով Ստեփանակերտում իրականացվող ծրագրերին, ընդգծել, թե աշխատանքների ծավալման գլխավոր ուղղություններից են հանդիսանալու բնակարանաշինությունն ու դպրոցաշինությունը, փողոցների և զբոսայգիների, բազմաբնակարան շենքերի բակերի վերակառուցման, ծայրամասային թաղամասերի բարեկարգման և լուսավորման խնդիրները: ՙՈրպեսզի ապահովվի մայրաքաղաքի առաջընթացը, մեզնից յուրաքանչյուրն իր  անձնական օրինակով, տքնաջան աշխատանքով պիտի նպաստի նրա զարգացմանն ու բարգավաճմանը: Չէ՞ որ Արցախ ժամանած այցելուների մոտ երկրի հանդեպ առաջին տպավորությունը  ձևավորվում է հենց Ստեփանակերտում: Հետևաբար, բոլորս պիտի ձգտենք, որպեսզի մեր քաղաքը լինի ավելի մաքուր, գեղեցիկ և ներդաշնակ: Համոզված եմ, որ այսուհետ ևս դուք ձեր արժանի ավանդը կբերեք երկրի մայրաքաղաքի զարգացմանը ու հարազատ զավակի պես նրան կշրջապատեք սիրով և հոգատարությամբ՚- համոզմունք է հայտնել քաղաքապետը:
 
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ 
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՄՈՏ
 
Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է քաղաքի օրվա և Ստեփանակերտի անվանակոչման 90-ամյակի կապակցությամբ հանդիսություններին մասնակցելու նպատակով Արցախի մայրաքաղաք ժամանած Երևանի քաղաքապետարանի պատվիրակությանը, որի կազմում են ավագանու անդամներ, ՙՍինոփսիս Արմենիա՚ ընկերության նախագահ Հովիկ Մուսայելյանը և Հայաստանի շախմատի ազգային ֆեդերացիայի փոխնախագահ, Երևանի շախմատի ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանը:
 
Ջերմորեն ողջունելով հյուրերին՝ Սուրեն Գրիգորյանը շնորհավորել է նրանց Երևանի 2795-ամյակի առթիվ ու իր մաղթանքները հղել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, բոլոր երևանցիներին: ՙԽորհրդանշական է,- ասել է նա,- որ ավանդական դարձած տոները զուգադիպում են իրար ու ավելի կարևորում Հայաստանի և Արցախի մայրաքաղաքների քաղաքապետարանների միջև օրեցօր խորացող համագործակցությունը, որն արտացոլվում է ամենատարբեր ոլորտներում՚: Ս.Գրիգորյանը արգասաբեր է համարել կողմերի միջև փոխհամագործակցությունը և իր հերթին հավաստիացրել, որ Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից կարվի հնարավորը համայն հայության մայրաքաղաք Երևանի քաղաքապետարանի հարուստ և ուսանելի փորձը լայնորեն ուսումնասիրելու և լավագույն ավանդույթները Ստեփանակերտում տարածելու համար:
Հանդիպման վերջում Ս.Գրիգորյանը և հյուրերը մայրաքաղաքներ Երևանի  և Ստեփանակերտի օրվա կապակցությամբ հուշանվերներ են փոխանակել:
Նույն օրը Երևանից ժամանած պատվիրակության անդամները քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ այցելել են ՙՄենք ենք, մեր սարերը՚ հուշահամալիր և Ստեփանակերտի Շահումյանի անվան կենտրոնական պուրակ:
 
Ստեփանակերտի քաղաքապետի մամուլի քարտուղար