[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 13-ին աշխատանքային այցով ժամանել է Բելգիայի Թագավորություն:

            Հոկտեմբերի 14-ին Նախագահ Սահակյանը մասնակցել է նույն օրը Բրյուսելում մեկնարկած Եվրոպայի հայության 3-րդ համաժողովին:

            Իր ողջույնի խոսքում Բակո Սահակյանը նման միջոցառումները կարեւոր է համարել ինչպես Եվրոպայում ապրող մեր հայրենակիցների եւ այստեղ գործող հայկական կազմակերպությունների համար, այնպես էլ հայրենիքի հետ կապերի շարունակական ամրապնդման ու խորացման տեսանկյունից:

            Երկրի ղեկավարի խոսքով` Արցախում հատուկ ուշադրություն է դարձվում Սփյուռքում գործող տարբեր կազմակերպությունների հետ փոխգործակցությանը, եւ այս համատեքստում առանձնակի կարեւորում են եվրոպական ուղղության նշանակությունը:

            Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ անընդհատ զարգացող եւ փոփոխվող աշխարհը թելադրում է համապատասխան շտկումներ մտցնել նաեւ Սփյուռք-Արցախ համագործակցության մեջ` պահպանելով եւ էլ ավելի խորացնելով ձեւավորված ավանդական փոխգործակցության տարրերը, միեւնույն ժամանակ հատուկ ուշադրություն դարձնելով նոր ուղղություններին ու գաղափարներին:

Այս համատեքստում Բակո Սահակյանն առանձնացրել է Սփյուռքի տարբեր կազմակերպությունների եւ Արցախի ու Հայաստանի շահագրգիռ կառույցների միջեւ համակարգված աշխատանքի իրականացումը ԼՂՀ միջազգային ճանաչման, երկկողմ հարաբերությունների հաստատման, Արցախն ավելի ճանաչելի դարձնելու, մեր երկիրը որպես անվտանգ եւ կայուն զարգացող պետություն ներկայացնելու, ներդրումների համար ամենագրավիչ ոլորտներն ու ծրագրերը պատշաճ կերպով մատուցելու եւ կեղծիքի ու ստի վրա հիմնված հակառակորդի կողմից տարվող սադրիչ քաղաքականությանն օպերատիվ արձագանքելու  ուղղությունները:  

Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, արտգործնախարար Կարեն Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք: