Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

Խորհրդարանական լսումներ ԼՂՀ Ազգային ժողովում

               Մարտի 3-ին ԼՂՀ Ազգային ժողովում տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ ՙԱվագ դպրոց. առկա վիճակը և զարգացման հեռանկարները՚ թեմայով։ Միջոցառումն իրականացվել է ԼՂՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ և ՀՀ Ազգային ժողովի համանուն հանձնաժողովի  համագործակցությամբ։

Լսումներին մասնակցում էին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը՝ պատգամավորներ Ռուզաննա Մուրադյան, Կարինե Պողոսյան և փորձագետ Մարինե Հակոբյան կազմով, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը, կրթական համակարգի հանրապետական ու շրջանային կառույցների պատասխանատուներ, համալսարանների ռեկտորներ, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ։

Միջոցառումը վարում էին ԼՂՀ և ՀՀ խորհրդարանների գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների նախագահներ Արմեն Սարգսյանը և Արտակ Դավթյանը։

Լսումների մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով հանդես եկավ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։ Ընդգծելով, որ հանրակրթությանը վերաբերող հարցերի շուրջ այդ  քննարկումները վկայում են այն մշտական ուշադրության մասին, որ առկա է պետական կառավարման համակարգում` միասնական  հայկական կրթական տարածքի վրա, ԱԺ նախագահը ողջունելի համարեց Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության շրջանակներում մշտական հանձնաժողովների մակարդակով իրականացվող  նման համատեղ միջոցառումները, որոնք ավանդական բնույթ են ստացել, մանավանդ, վերջին մի քանի տարիներին։ Կրթական բարեփոխումների պահանջված գործընթացը, նշեց նա,  անցած տարիներին որոշակի փորձառություն է կուտակել և այդ ընթացքում նկատելի են ինչպես հաջողություններ, այնպես էլ բարդություններ։ Այնուամենայնիվ, գործընթացը պարբերաբար միջանկյալ քննարկումների կարիք ունի՝ ինչպես բարեփոխումների ծրագրային դրույթների, նույնպես և իրականացման մեխանիզմների հստակեցման, օրենսդրական ու նորմատիվ ակտերի կատարելագործման  նպատակով։

Խորհրդարանի նախագահի խոսքով՝ կոնկրետ՝ առկա են քննարկման ենթակա հարցեր, որոնք վերաբերում են, առանձնապես, հանրակրթության երրորդ աստիճանում` ավագ դպրոցում, կրթության որակի և արդյունավետության բարձրացման ու արդիականացման ծրագրային նպատակին։ ՙԽնդիրը, ասաց նա,  կարևոր պետք է համարել նաև այն իմաստով, որ ավագ դպրոցը հանդիսանում է «նախամասնագիտական» կրթություն ապահովող հիմնական օղակը, որի գործունեությունից մեծապես կախված է սովորողների մասնագիտական ճիշտ կողմնորոշումը և հետագա ուսումնառության հաջողությունը։ Հետևաբար, մենք չենք կարող և իրավունք չունենք գոհանալ նախանշված ճանապարհի առաջին քայլերն անելու ընթացքում: Իսկ որո՞նք են այդ ուղղությամբ մեր հաջորդ իրավական, քաղաքական եւ բացատրական քայլերը։ Ահա այս եւ նման հարցերի պատասխանն է, որ մենք այսօր՝ լսումների ընթացքում, պետք է փորձենք գտնել։ Անհրաժեշտ է հստակեցնել այն ամենը, ինչ պետք է կատարվի առաջիկայում, փորձելով բացահայտել նաեւ, թե ինչում ենք թերացել առ այսօր՚։

Այդ առնչությամբ ԱԺ նախագահը տեսակետ հայտնեց, որ  ՙհամատեղ ուժերով և ելնելով առաջացող կյանքի զարգացման տրամաբանությունից ու դրանից բխող նոր պահանջներից, մենք պետք է ձգտենք ճշտել այն օպտիմալ ուղիներն ու միջոցները, որոնք առավելագույնս կապահովեն մեր հաջողությունը հանրակրթության ոլորտի բարեփոխումների գործընթացում՚։

Այս ակնկալիքով էլ խորհրդարանի նախագահն արդյունավետ ընթացք մաղթեց համատեղ խորհրդարանական լսումներին։

 Լսումներում խնդրո առարկա թեմայի շուրջ զեկուցումներով հանդես եկան ԼՂՀ և ՀՀ կրթության և գիտության նախարարներ Սլավա Ասրյանը և Արմեն Աշոտյանը՝ վերլուծաբար ներկայացնելով հայոց երկու հանրապետություններում իրականացվող կրթական բարեփոխումների ընթացքն իր ձեռքբերումներով ու բացթողումներով, առկա դժվարություններով, դրանց հաղթահարման ուղիներով ու միջոցներով, ոլորտի զարգացման հեռանկարներով հանդերձ։

Այնուհետև ներկաները տարաբնույթ հարցերով դիմեցին ՀՀ ԿԳ նախարարին, ի պատասխան որոնց նա հանդես եկավ լրացուցիչ պարզաբանումներով։     ՝

Ապա տեղի ունեցավ մտքերի փոխանակություն, որի ընթացքում ելույթ ունեցան ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզան Մուրադյանը, Ստեփանակերտի թիվ 8 դպրոցի տնօրեն Լևոն Գևորգյանը, թիվ 11 դպրոցի տնօրեն Աիդա Գրիգորյանը և հայոց լեզվի ուսուցչուհի Իրա Սարինյանը, Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթդպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղի տնօրեն Սուսաննա Ներսիսյանը, Ճարտարի թիվ 1 հոսքային դպրոցի տնօրեն Լենարդ Տոնյանը՝ հանդես գալով ավագ դպրոցի կայացման ընթացքի ու զարգացման հեռանկարների վերաբերյալ  ուշագրավ տեսակետներով ու նկատառումներով։

Միջոցառման ավարտին ԼՂՀ ԱԺ նախագահը հանդես եկավ եզրափակիչ խոսքով՝ կապված ելույթների ընթացքում հնչած կարծիքների հետ։   

Խորհրդարանական լսումներն ամփոփեց ԼՂՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Սարգսյանը։

 

ԼՂՀ ԱԺ ՄԱՄԼՈ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ