Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՎԱՐՉԱՊԵՏԸ ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻ ԸՆԹԱՑՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ

 Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը հոնիսի 19-ին բերքահավաքի աշխատանքների ընթացքի վերաբերյալ հրավիրել է խորհրդակցություն, որին մասնակցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար Լևոն Գրիգորյանը և շրջվարչակազմերի ղեկավարները։

Ա. Հարությունյանը, նախ, շրջվարչակազմի ղեկավարներից հետաքրքրվել է բերքահավաքի ընթացքի, խոտի մթերման, ինչպես նաև առկա խնդիրների մասին։
Այնուհետև գյուղնախարար Ա. Խաչատրյանը բերքահավաքի աշխատանքների վերաբերյալ հանդես է եկել ամփոփ զեկույցով։ Նրա խոսքով՝ հանրապետության տարածքում այս տարվա մշակված ավելի քան 62 հազար հեկտար հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածություններից ընդհանուր առմամբ արդեն կատարվել է շուրջ 11 հազար հա գարու և ցորենի հունձ։ Բերքատվության միջին ցուցանիշը, ըստ նախարարի, ներկա դրությամբ, կազմել է հեկտարից 9,8 ց՝ այդ թվում՝ գարու միջին բերքատվությունը՝ 8,9 ց, իսկ ցորենինը՝ 13,6 ց։ Նա ընդգծել է, որ բերքատվության մակարդակն աճելու միտում ունի, և տարվա վերջնական ցուցանիշը, ի համեմատ ներկա միջանկյալի, ավելի բարձր է ակնկալվում։ Նախարարի խոսքով, երաշտը մեծ վնաս է հասցրել դաշտերին. այդ պատճառով այս տարի հացահատիկայինների մասով կանխատեսվում են բերքատվության ցածր ցուցանիշներ՝ նախորդ տարվա համեմատ։
Ըստ զեկույցի՝ դաշտերում ներկայումս աշխատում է 192 կոմբայն, և բերքահավաքի աշխատանքներում գյուղտեխնիկայի խնդիր չկա։
Ա. Խաչատրյանը զեկուցել է նաև ձևավորված գների մասին՝ նշելով, որ, մասնավորապես, ցորենը դաշտում արտադրողից գնում են կիլոգրամը 145 դրամով, իսկ տեղափոխման դեպքում ալրաղացների և այլ տնտեսավարող սուբյեկտների կողմից ընդունվում է 150 դրամով և ավելի բարձր գներով՝ կախված ցորենի որակից։ Վարչապետը հանձնարարել է վերահսկել գործընթացը և խնդիրների դեպքում օպերատիվ արձագանքել։ 
Խորհրդակցության ընթացքում Ա. Հարությունյանը, անդրադառնալով զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանային բարելավման հիմնախնդիրներին, նշել է, որ բարերար Վարուժան Գրիգորյանի կողմից 150 մլն դրամ է հատկացվել այդ նպատակով։ Վարչապետը հանձնարարել է շրջվարչակազմերի ղեկավարներին ըստ առաջնահերթության ճշտել կարիքավոր ընտանիքների ցանկերը և զբաղվել աջակցության հատկացմամբ։ Գործադիրի ղեկավարը հավելել է, որ ծրագրի ավարտին իր վերահսկողական ծառայությունը համապատասխան ստուգումներ է անցկացնելու գումարների նպատակային օգտագործման ուղղությամբ։
 
ԼՂՀ կառավարության տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի բաժին