Logo
Print this page

ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՐՑԵՐ՝ ԳՈՐԾԱԴԻՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ հունիսի 19-ին տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ  հունիսի 19-ին տեղի է ունեցել 
կառավարության հերթական նիստը
Հուլիսի 1-ից աշխատավարձերի բարձրացման հետ կապված` նիստում սահմանվել են պետական կառավարման մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, համայնքների ղեկավարների և նրանց աշխատակազմերի աշխատողների, ԼՂՀ պետական բյուջեից ֆինանսավորվող հիմնարկների և կազմակերպությունների, կրթության և գիտության համակարգի կրթադաստիարակչական հիմնարկների և կազմակերպությունների առանձին կատեգորիաների  աշխատողների, ինչպես նաև առողջապահության համակարգի աշխատողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները: 
ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանի  խոսքով` հանրապետությունում հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը կլինի 50 հազար դրամ, հաշվարկման հիմքում օգտագործվել են ՀՀ-ում գործող գործակիցները: Եթե աշխատողի` նոր համակարգով հաշվարկված պաշտոնային դրույքաչափը  ցածր է գործող պաշտոնային դրույքաչափից, ապա կպահպանվի գործող դրույքաչափը, իսկ նախորդ տարիներին առանձին ոլորտներում կատարված բարձրացումները կհամահարթեցվեն: Հաշվարկների համաձայն` այս մեխանիզմով մոտակա տարիների ընթացքում միասնական համակարգը կսկսի գործել լիարժեք, այսինքն՝ բոլոր առկա տարբերությունները կվերանան նվազագույն աշխատավարձի աճին զուգընթաց: Ակնկալվում է բոլոր ճյուղերում բարձրացնել  աշխատանքի  և մատուցվող ծառայությունների որակը: Այս կարևորագույն խնդրի լուծման նպատակով ամսական  շուրջ 650 մլն դրամ է հատկացվելու պետական բյուջեից` 19,5 հազար շահառուների համար:
Մասնավորապես, կրկնապատկվելու են համայնքների ղեկավարների աշխատավարձերը, իսկ ուժային կառույցներում դրանք համապատասխանեցվելու են Պաշտպանության նախարարության համապատասխան գործակիցներին:
Կարևորելով աշխատավարձերի բարձրացման գործընթացը` ԼՂՀ վարչապետը նշել է, որ  կյանքի է կոչվում նախագահի նախընտրական և կառավարության գործունեության ծրագրերի հիմնական դրույթներից մեկը: Ա. Հարությունյանի գնահատմամբ` աշխատավարձերի բարձրացմամբ կմեղմվի սոցիալական լարվածությունը, և կբարձրանա բնակչության կենսամակարդակը: Այդ համատեքստում կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ 2014թ. հունվարի 1-ից աշխատանքային կենսաթոշակի հավելաճը կազմել է 17,6 տոկոս: Սոցիալական վիճակի բարելավմանը զուգահեռ կնվազի արտագնա աշխատանքի նպատակով հանրապետությունից մեկնողների թիվը, իսկ պետական կառավարման համակարգը կդառնա առավել մրցունակ:
Կառավարության ղեկավարը նշել է նաև, որ աշխատավարձային նոր քաղաքականությունը մեծ գումարներ  է պահանջում: Նա հորդորել է կանոնակարգել ծախսերը և աշխատել պետական բյուջեի մուտքերն ավելացնելու  ուղղությամբ:
Գործադիր իշխանության ղեկավարը այս ամենը, սակայն, բավարար չի համարել, որովհետև նվազագույն աշխատավարձը դեռևս շարունակում է ցածր մնալ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից. այդ ուղղությամբ անելիքները դեռևս շատ են, շեշտել է նա: Աշխատավարձերի բարձրացման բացասական հետևանքներից առանձնացնելով գնաճն ու հատկապես մասնավոր հատվածում հնարավոր կրճատումները, վարչապետը նշել է, որ դրանք կանխելու համար կօգտագործվեն լծակներ թե՜ պետական, թե՜ հասարակական հատվածներում: Նրա խոսքով` անհրաժեշտ է բանակցել մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ, որպեսզի այստեղ իրականացվող աշխատավարձային քաղաքականությունը ևս համահունչ լինի բարեփոխումներին:   Աշխատավարձերի տարեցտարի բարձրացման տեմպերը, վարչապետի համոզմամբ, պետք է գերազանցեն գնաճի տեմպերին: Այսպես` 2015թ. նախատեսվում է նվազագույն աշխատավարձի 10 տոկոսի բարձրացում ևս:  Աշխատավարձերի նկատելի բարձրացման մասին  իր խոսքը կառավարության ղեկավարն ավարտեց բոլորին ուղղած շնորհավորանքով` համարելով այն կարևորագույն քայլ Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման ճանապարհին:
Նիստում գործադիրը փոփոխությունններ է առաջարկել ՙԶինապարտության մասին՚ ԼՂՀ օրենքում, համաձայն որոնց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու  համար տարկետում տրվելու է արհեստագործական, միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորողներին` մինչև նրանց 20 տարին լրանալը` ստացած գիտելիքները ծառայության ընթացքում օգտագործելու նպատակով:
Նիստում հաստատվեցին  պետական մարմինների կողմից պահանջվող երաշխիքի օրինակելի ձևը, ինչպես նաև ՙԳրադարանների և գրադարանային գործի մասին՚ ԼՂՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը, որում ընդգրկված է 9 միջոցառում: Դրանց իրականացումը նպաստելու է գրադարանային գործունեության կատարելագործմանը, գրադարանների տեսակների, գործառույթների, գրադարանների հավաքածուների հաշվառման, համալրման, պահպանության և հանրային գրադարանների հավատարմագրման կարգի, ինչպես նաև  գրադարանների և գրադարաններից օգտվողների իրավունքների և պարտականությունների իրավական հիմքերի սահմանմանը:
Կառավարության կողմից  ընդունված մեկ այլ որոշման համաձայն` ՙՍերմնաբուծության, սելեկցիոն նվաճումների փորձարկման, պահպանության և սերմերի որակի ստուգման կենտրոն՚ ՓԲԸ-ի կողմից արտադրված 75 տոննա առաջին վերարտադրության սերմացու կտրամադրվի ցորենի մշակությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին, որով հնարավոր կլինի ընդլայնել ցանքատարածությունները:
 
 
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.