[ARM]     [RUS]     [ENG]

Հանդիպում ԼՂՀ Ազգային ժողովում

               Հունիսի 25-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում Արցախ ժամանած արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին։

Հանդիպման թեման Արցախի խորհրդարանի և Հայաստանի արդարադատության նախարարության միջև համագործակցության հարցն էր։  Գոհունակությամբ արձանագրելով այդ ասպարեզում առկա ձեռքբերումները, ԱԺ նախագահը  կարևորեց վաղուց ի վեր ավանդական դարձած փոխգործակցությունն այսուհետ ևս ընդլայնելու խնդիրը, ինչը, նրա խոսքով, բխում է երկու հայկական պետությունների օրենսդրական դաշտերի ինչպես կատարելագործման, նույնպես և ներդաշնակության ապահովման անհրաժեշտությունից։ Մասնավորապես, ասաց նա, մենք շագրգռված ենք ԼՂՀ մի շարք առանցքային օրենքների, առանձին օրենսգրքերի նախագծերը Հայաստանի արդարադատության նախարարության ուժերով մասնագիտական փորձաքննության ենթարկելու հնարավորությամբ։

  Իր հերթին՝ նշելով, որ համակարծիք է խնդրո առարկա գաղափարին, Հայաստանի արդարադատության նախարարը պատրաստակամություն հայտնեց ուժերը ներածին չափ նպաստել խնդրի իրագործմանը։

Մտքերի փոխանակության ընթացքում ուրվագծվեցին համագործակցության լրացուցիչ ձևերն ու միջոցները, նշվեցին այդ ուղղությամբ առաջիկա անելիքները։ 

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը և ԱԺ պատական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Պետրոսյանը։

 

ԼՂՀ ԱԺ ՄԱՄԼՈ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ