[ARM]     [RUS]     [ENG]

ԼՂՀ Ազգային ժողովի լիագումար նիստը

           Հունիսի 26-ին տեղի է ունեցել ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի 9-րդ   նստաշրջանի եզրափակիչ լիագումար նիստը, որը վարում էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։

            Նախքան նիստի բացումը՝ ԱԺ նախագահը պատգամավոր Կամո Բարսեղյանին շնորհավորեց ու բարեմաղթանքներ հղեց ծննդյան օրվա կապակցությամբ։

            Այնուհետև, համաձայն կանոնակարգային պահանջի՝ խորհրդարանը հաստատեց նստաշրջանի օրակարգում առաջարկված լրացումները և ապա՝ լիագումար նիստի օրակարգը։

   Օրակարգի առաջին հարցը վերաբերում էր ՙԲուսասանիտարիայի մասին՚, ՙՍննդամթերքի անվտանգության մասին՚ ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին՚ և ՙԼՂՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին՚ ԼՂՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին՚ օրենքների նախագծերի փաթեթին։ Կառավարության լիազորմամբ ներկայացնելով այն,  գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը հաղորդեց, որ օրենսդրական փաթեթի մշակումը պայմանավորված է ԼՂՀ-ում միջազգային չափանիշներին համապատասխան սննդամթերքի անվտանգության ապահովման համակարգի ներդրման մասին ԼՂՀ կառավարության 2012-2017թթ. գործունեության ծրագրում ամրագրված դրույթն իրագործելու անհրաժեշտությամբ։

Օրենսդրական փաթեթի վերաբերյալ դրական էր գլխադասային՝ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի (նախագահ՝ Հրանտ Սաֆարյան) եզրակացությունը։ Միևնույն ժամանակ, առաջարկվեց օրենսդրական փաթեթն ընդունել առաջին ընթերցմամբ՝ հաշվի առնելով մայր օրենքների ընդունման կարգի վերաբերյալ կանոնակարգային պահանջը։

Պատգամավորները կողմ քվեարկեցին առաջարկությանը։

Նիստն այնուհետև քննության առավ դատական համակարգի գործունեության կանոնակարգմանը կոչված երեք օրենքի նախագծեր և երկու օրինագծից բաղկացած մեկ օրենսդրական փաթեթ, որոնց վերաբերյալ համապատասխան հիմնավորումները ներկայացրեց արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը։

Կառավարության պաշտոնական ներկայացուցչի հաղորդմամբ՝ ՙԼՂՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին՚ օրենքի նախագծով սահմանվում են արտագնա դատական նիստերի անցկացման հիմքերը, կարգը, արտագնա դատական նիստ նշանակելու մասին որոշմանը ներկայացվող պահանջները, որոնք ամրագրված չեն գործող օրենքում։

ՙԼՂՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին՚ օրենքի նախագծում սահմանված է վարչական դատավարությունում դատարանի կողմից ոչ պատշաճ երրորդ անձի կարգավիճակի դադարեցման հնարավորություն՝ դատարանին վերապահելով դատավարության պատշաճ մասնակիցների շրջանակը որոշելու լիազորություն։

ՙԴատական ծառայության մասին՚ ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին՚ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՙՀանրային ծառայության մասին՚ և ՙՊետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին՚ օրենքներին գործող օրենքի՝ դատական ծառայողների վարձատրությանը վերաբերող հոդվածները համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։

ՙԼՂՀ դատական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին՚ և ՙՊետական տուրքի մասին՚ ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին՚ օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման և վերապատրաստման ընթացակարգերը  կատարելագործելու անհրաժեշտությամբ։

Նախարարի ներկայացրած օրինագծերի վերաբերյալ դրական էին գլխադասային՝ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի (նախագահ՝ Գագիկ Պետրոսյան) համապատասխան եզրակացությունները։

Տարակարծությունների տեղիք չտալով՝ օրենքներն ընդունվեցին։

  Հաջորդ օրենսդրական փաթեթը, որի հիմնավորմամբ հանդես եկավ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը, ներառում էր ՙՊետական կենսաթոշակների մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին՚, ՙԶինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին՚ և ՙՀայրենական մեծ պատերազմի վետերանների մասին՚ ԼՂՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին՚ օրենքների նախագծերը։

Կառավարության պաշտոնական ներկայացուցչի ներկայացմամբ՝՝ օրինագծերից առաջինում հստակեցվում է կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց շրջանակը, ինչպես նաև օրենսդրորեն ամրագրվում է ԼՂՀ-ում հաշվառված և ՀՀ ուժային մարմիններից արձակված անձանց՝ ԼՂՀ-ում զինվորական կենսաթոշակ նշանակելու իրավունքը։

Երկրորդ օրինագծում առաջարկվող փոփոխությունը բխում է հաշմանդամ զինծառայողներին, հերոսի կոչման արժանացած կամ ՙՄարտական խաչ՚  շքանշանով պարգևատրված անձանց, պատերազմի մասնակիցներին, զոհված զինծառայողների ընտանիքներին և այլոց վճարվող ամենամսյա դրամական օգնությունը վերանվանելու նպատակահարմարությունից։ Առաջարկվում է՝ հաշվի առնելով նշված անձանց կողմից հայրենիքին մատուցված ծառայությունները, ընտրել այդ գումարների նշանակությանն ու բնույթին առավել համապատասխանող եզրույթներ։

Համանման խնդիր է հետապնդում նաև փաթեթի երրորդ օրինագիծը։

 Օրենսդրական փաթեթի վերաբերյալ դրական էր գլխադասային՝  սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի (նախագահ՝ Արամ Գրիգորյան) եզրակացությունը։ Առարկություններ չհարուցելով՝ օրենքներն ընդունվեցին։

Օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր ԼՂՀ  2013թ. պետական բյուջեի  կատարման մասին հաշվետվությանը, որը, համաձայն կանոնակարգային պահանջի, քննության առնվեց հատուկ ընթացակարգով։ Կառավարության լիազորմամբ ներկայացնելով այն, ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանը նշեց, որ տարեկան բյուջեի կատարողականը, ըստ  սահմանված ժամանակացույցի, հանգամանալի քննարկվել է խորհրդարանի մշտական հանձնաժողովներում ու խումբ-խմբակցություններում՝ գործադիր իշխանության լիազոր ներկայացուցիչների և համապատասխան գերատեսչությունների  պատասխանատուների մասնակցությամբ։ Ապա նա մակրոտնտեսական  ցուցանիշների տեսքով բնութագրեց հաշվետու տարում կառավարության սոցիալ-տնտեսական գործունեությունը և, որպես ամփոփիչ ցուցանիշներ, հայտնեց, որ 2013թ. պետբյուջեի կատարողականը եկամուտների գծով կազմել է 67 212 057,4 հազար դրամ, ծախսերի գծով՝ 69 623 156,1 հազար դրամ, բյուջեի պակասուրդը (դեֆիցիտը)՝ 2 560 045,3 հազար դրամ։

Համաձայն կանոնակարգային պահանջի՝  լսվեց նաև ԼՂՀ վերահսկիչ պալատի նախագահ Արթուր Մոսիյանի հարակից զեկուցումը, որում, առանձին նկատառումներով հանդերձ, ընդհանուր առմամբ դրական տեսակետ հայտնվեց բյուջեի կատարողականի վերաբերյալ։

            Դրական էին նաև հարցի առնչությամբ գլխադասային՝  ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի (նախագահ՝ Արպատ Ավանեսյան) և պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի (փոխնախագահ՝ Անդրանիկ Սարգսյան) եզրակացությունները։

Վերջում լսվեցին բյուջեի կատարողականի վերաբերյալ պատգամավորական խումբ-խմբակցությունների տեսակետները, որոնք ներկայացրին պատգամավորներ Գարիկ Գրիգորյանը (ՙԱրցախատուն՚ պատգամավորական խումբ), Արմեն Սարգսյանը («Դաշնակցություն»), Վարդգես Բաղրյանը («ժողովրդավարություն») և Ռոմելա Դադայանը («Հայրենիք»)։ Ընդհանուր առմամբ դրական գնահատելով կառավարության հաշվետվությունը, խումբ-խմբակցությունները հայտարարեցին, որ կողմ են քվեարկելու կառավարության տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին Ազգային ժողովի որոշմանը։

  Քվեարկության արդյունքում նիստը հաստատեց 2013թ. պետբյուջեի կատարման մասին հաշվետվությունը։

Քննարկումների ավարտից հետո ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հրապարակեց Արցախ-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի՝ հունիսի 14-ին Ստեփանակերտում կայացած համատեղ նիստի հայտարարությունը, նշելով, որ, համաձայն նախապես ձեռք բերված պայմանավորվածության, այն հրապարակվում է հանձնաժողովի նիստի մասնակից պատգամավորների առաջարկությունների հիման վրա լրամշակվելուց հետո (կից՝ Հայտարարության վերջնական տեքստը)։

            Նիստում այնուհետև տեղի ունեցավ խորհրդարան-կառավարություն հերթական հարցուպատասխանը, որը, փաստորեն, վերջինն էր ավարտվող նստաշրջանում։ Ներկա էին կառավարության անդամները՝ վարչապետ Արա Հարությունյանի գլխավորությամբ։ Հանդիպմանը հնչած հարցերը  վերաբերում էին երկրի կենսագործունեության տարբեր բնագավառների ու ոլորտների։        

Նիստի ավարտին ԱԺ նախագահը հանդես եկավ տարեկան հաղորդմամբ՝ ամփոփելով ութերորդ և իններորդ նստաշրջաններում խորհրդարանի գործունեությունը։ Արձանագրելով անցած մեկ տարում կատարված խորհրդարանական աշխատանքի  ուղղություններն ու արդյունքները, նա գոհունակություն հայտնեց հաշվետու ժամանակահատվածում օրենսդիր և գործադիր իշխանությունների սերտ համագործակցության կապակցությամբ։

            Նիստն ավարտվեց երկրի պետական օրհներգի կատարմամբ՝ ազդարարելով ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի 9-րդ նստաշրջանի ավարտը։

 

                                                                               ԼՂՀ ԱԺ ՄԱՄԼՈ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ