[ARM]     [RUS]     [ENG]

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԸ

Օրակարգում քաղաքային համայնքի բյուջեն էր
Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի նախագահությամբ հունվարի 22-ին կայացավ Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու նոր տարվա անդրանիկ նիստը։
Օրակարգում ընդգրկված էին մեկ տասնյակից ավելի հարցեր։
 Նիստում Ստեփանակերտի քաղաքային համայնքի 2015թ. բյուջեի վերաբերյալ հաղորդմամբ, ինչպես նաև քաղաքային համայնքի 2014թ. բյուջեի կատարման մասին հաշվետվությամբ հանդես եկավ քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային բաժնի պետ Մարատ Համբարձումյանը։
Ըստ զեկուցողի, 2015թ. Ստեփանակերտ քաղաքի զարգացման հիմնական ուղղությունները միտված են լինելու մայրաքաղաքի բնակչության կենսապայմանների բարելավմանն ու հարմարավետ միջավայրի ձևավորմանը, քաղաքի կառուցապատմանը։ Առաջնահերթությունների թվում կլինեն ջրամատակարարման, ջրահեռացման, աղբահանության, սանմաքրման, բարեկարգման և կանաչապատման ծրագրերի արդյունավետ իրականացումը, բազմաբնակարան շենքերի բակերի բարեկարգումը, խաղահրապարկների շինարարությունը, ինչպես նաև հենապատերի և աստիճանների վերանորոգումն ու կառուցումը, քաղաքի ենթակառուցվածքների, քաղաքի տարածքի համաչափ զարգացման ապահովումը, բազմաբնակարան շենքերի մուտքերի և տանիքների վերանորոգումը, սոցիալապես անապահով ընտանիքների բնակարանային պայմանների բարելավումը։
Ստեփանակերտի քաղաքային համայնքի 2015 թվականի բյուջեն կանխատեսվում է. եկամուտների մասով՝ 1մլրդ 505 մլն 410 հազ. դրամ, ծախսերի մասով՝ 1 մլրդ 516 մլն 344 հազ. դրամ։ Դեֆիցիտը (պակասուրդը)  կկազմի 10 մլն 933 հազ. դրամ։
Համայնքի 2015թ. բյուջեի նախագծում եկամուտների ընդհանուր գումարը 166 մլն 708 հազ. դրամով ավել է 2014թ. ծրագրված եկամուտներից։
Հարկային եկամուտները և տուրքերը 2015թ. համար ծրագրվել են 357 մլն 197 հազար դրամի չափով, կամ 2014թ. համար հաստատված ցուցանիշից 6 մլն 127 հազար դրամով ավել։ Գույքային հարկերը նախատեսվել են 269 մլն 697 հազար դրամի, տեղական տուրքերը՝ 60 մլն դրամի չափով։ Համայնքի բյուջե վճարվող պետական տուրքերը 2015թ. նախագծով ծրագրվել են 18 մլն 500 հազար դրամի չափով։
Հիմք ընդունելով ԼՂՀ 2015թ. պետական բյուջեն, սույն թվականի նախագծով ծրագրվել է 1 մլրդ 96 մլն 713 հազար դրամի չափով պաշտոնական դրամաշնորհ, ինչը 17 մլն 381 հազար դրամով ավել է 2014 թվականի հաստատված ցուցանիշից։
Այնուհետև Մ.Համբարձումյանը հակիրճ ներկայացրեց քաղաքային համայնքի 2014թ. բյուջեի կատարման մասին հաշվետվությունը։ 
Համայնքային բյուջեի ընդհանուր եկամուտների 71,1%-ը կազմել են պետական բյուջեից տրամադրվող պաշտոնական դրամաշնորհները։ 
Բյուջեի ծախսերը ֆինանսավորվել են 1 մլրդ 300 մլն դրամի չափով, որը կազմում է պլանավորվածի 96,3%-ը։ Համայնքի ենթակայության կազմակերպությունների գծով 898 մլն 222 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 898 մլն 130 հազ. դրամ, կամ նախատեսված գումարի  99,9%-ը։  
Ավագանին հաստատեց քաղաքային համայնքի 2015թ. բյուջեն և 2014թ. բյուջեի կատարման մասին  տարեկան հաշվետվությունը։
Նիստում կայացվեց որոշում Ստեփանակերտի համայնքի ավագանու անդամի 2015թ. պարտականությունների կատարման դիմաց ամսական 10 հազար դրամի չափով դրամական փոխհատուցում սահմանելու մասին։
Քաղաքապետը, պարզաբանումներ կատարելով քաղաքային համայնքի 2014թ. բյուջեի կատարման մասին հաշվետվության վերաբերյալ, գոհունակությամբ նշեց, թե մի շարք հարկատեսակների գծով զգալիորեն գերազանցվել են հավաքագրված գումարները։ Նա միաժամանակ ընդգծեց, որ մյուս հարկատեսակների մասով ևս անպայմանորեն պիտի կատարվեն պլանները, մանավանդ որ նոր տնտեսական տարին ֆինանսական առումով բավական բարդ է լինելու, և մեծ ջանքեր կպահանջվեն համայնքային բյուջեն լիովին ապահովելու համար։
Նիստում որոշումներ ընդունվեցին նվիրատվության կարգով, համայնքի սեփականություն հանդիսացող շենքերի՝ թվով 6 բնակարաններ օտարելու մասին։ Քաղաքային համայնքի ավագանին իր համաձայնությունը տվեց նաև անհատույց օգտագործման իրավունքով ոչ բնակելի տարածք տրամադրելուն։
Նիստում քննություն առնվեցին այլաբնույթ հարցեր։
 
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար