[ARM]     [RUS]     [ENG]

ՆԱԽԱԳԱՀԸ ԲԱՎԱՐԱՐ Է ԳՆԱՀԱՏԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Հունվարի 23-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության՝ այս տարվա անդրանիկ նիստը, որը վարում էր նախագահ Բակո Սահակյանը։ 
Նիստում հաստատվել են 2015թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները։ Այն մշակվել է, հաշվի առնելով պետական կառավարման մարմինների առաջարկությունները՝ հիմքում ունենալով կառավարության գործունեության հնգամյա ծրագիրը։ 
Կառավարության աշխատակազմի ղեկավար Լ. Գրիգորյանը նշել է, որ ընթացիկ տարվա միջոցառումների ընտրությունը պայմանավորված է գործադիրի կողմից իրականացվող մի շարք ծրագրերի շարունակականության ապահովման, նոր ծրագրերի գործարկման, արդի իրավիճակներով առաջադրված պահանջների կատարման և երկրում ընդունված մի շարք օրենքների կիրարկումն ապահովելու նպատակներով։ 
Հաստատված ծրագիրը պարունակում է 121 միջոցառում, որոնցից 12-ը տեղափոխվել է նախորդ տարվա ծրագրից։ Ըստ առաջադրված խնդիրների ուղղվածության՝ դրանց հիմնական մասը նախատեսում է բնակչության սոցիալական, առողջապահական, կրթական և հանրապետությունում բնապահպանական ոլորտներում ընթացիկ տարվա միջոցառումների իրագործում։ Ծրագրված տարվա միջոցառումների գերակշիռ մասը կիրականացվի առաջին եռամսյակում։
Կառավարության 2015 թվականի գերակա խնդիրներով սահմանվում են կառավարության գործունեության գերակայությունների՝ տնտեսական զարգացման և աճի կայուն տեմպերի, առողջ, կիրթ, զարգացած և հայրենասեր հասարակության կայացման, նրա բոլոր անդամների համար կյանքի բարեկեցիկ և արժանապատիվ պայմանների ստեղծման, Արցախի պետականաշինության ինստիտուտների զարգացման ապահովմանն ուղղված խնդիրները և դրանց լուծման ուղիները։ 
ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Ս. Թևոսյանը, ներկայացնելով ընթացիկ տարվա պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումները, նշել է, որ պետբյուջեի մուտքերի, հետևաբար նաև՝ ծախսային հատկացումների կատարման եռամսյակային բաշխվածությունը ձևավորելիս հաշվի են առնվել մի շարք գործոններ. նախորդ տարիների ցուցանիշների փաստացի կատարողականները, խոշոր հարկատուների ժամանակագրական կանխատեսումները, ինչպես նաև մակրոտնտեսական միջավայրի ակնկալվող զարգացումները։ Կարևոր գործոն է համարվում նաև Հայաստանի Հանրապետության կողմից հատկացվող միջպետական վարկի տրամադրման եռամսյակային համամասնությունը՝ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։
2015 թվականի պետական բյուջեի ընդհանուր մուտքերը՝ 82մլրդ 318,7 մլն դրամ, բաշխվել են ըստ եռամսյակների։ Առաջին եռամսյակի համար հատկացվել է 16 մլրդ 360,6 մլն դրամ (19,9 %), երկրորդ եռամսյակի համար՝ 19 մլրդ 536,3 մլն դրամ (23,7 %), երրորդ եռամսյակի պետական միջոցառումների կատարման համար նախատեսված է 21 մլրդ-ից ավելի դրամ (25,5 %) և չորրորդ եռամսյակի համար՝ 25 մլրդ 397 մլն դրամ (30,9 %)։
2015 թվականի պետական բյուջեի ծախսային մասը, որը հաստատված է 87,200.0 մլն դրամի չափով, եռամսյակային կտրվածքով ծրագրվել է՝ ելնելով բյուջետային մուտքերի, ինչպես նաև դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրների ժամանակացույցից։
Ընդհանուր ծախսերն ապահովելու համար, ինչպես նաև պայմանագրային փոխառությունները ժամանակին մարելու նպատակով, ըստ Ս. Թևոսյանի, անհրաժեշտ է ընթացիկ տարում ներգրավել 14մլրդ 912,8 մլն դրամի վարկեր։
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ առաջին եռամսյակում հիմնականում նախատեսվել է սոցիալական բնույթի առաջնահերթ այնպիսի ծախսերի կատարումը, ինչպիսին է աշխատավարձերի, կենսաթոշակների, նպաստների և այլ սոցիալական վճարների ֆինանսավորումը։
Որոշման մեջ սահմանվել է նաև պետության կարիքների համար 2015 թվականին իրականացվող գնումների անվանացանկը։ Նա շեշտել է, որ գնումների իրականացումը դեռևս կատարյալ չէ. անհրաժեշտ է ջանքեր գործադրել՝ այն օրենսդրության սահմանված կարգին համապատասխանեցնելու ուղղությամբ։
Պատասխանելով Նախագահ Բակո Սահակյանի՝ պետական գույքի հաշվառման ծրագրի ընթացքի վերաբերյալ հարցին՝ Լ. Գրիգորյանը տեղեկացրել է, որ դրա իրագործումը բնականոն ընթացքում է, և նախորդ տարի զգալի ծավալի պետական գույք է հաշվառվել, իսկ արդյունքները վերջնականորեն կամփոփվեն շուտով։
Նիստի ավարտին Նախագահն անդրադարձել է անցած տարվա քաղաքական զարգացումներին, կառավարության գործունեությանը եւ 2015 թվականի կարևորագույն անելիքներին։ Խոսելով 2014 թվականին սոցիալ-տնտեսական ոլորտում կառավարության կատարած աշխատանքների մասին՝ Բակո Սահակյանը դրանք, ընդհանուր առմամբ, գնահատել է  բավարար։ 
Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել 2015 թվականին նախատեսված ծրագրերի պատշաճ իրականացման ուղղությամբ՝ ընդգծելով, որ կառավարությունից եւ նրա ստորաբաժանումներից ակնկալում է ակտիվ, արդյունավետ ու համակարգված աշխատանք։ Ի պատասխան՝ վարչապետ Արայիկ Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ գործադիր մարմինը կարողանալու է պատվով կատարել իր առջև դրված խնդիրները և հանրապետության ղեկավարի հանձնարարականները։
ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին