[ARM]     [RUS]     [ENG]

Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԼՂՀ կենտրոնական 
ընտրական հանձնաժողովի 
հերթական  նիստի վերաբերյալ
2015թ. ապրիլի 13-ին կայացել է ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստը՝ հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանի նախագահությամբ։
Նիստին ներկա էին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Գ. Իշխանյանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատասխանատու աշխատողներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։
Նիստում քննարկվել է Ազգային ժողովի 2015թ. մայիսի 3-ի հերթական ընտրություններին մասնակցող թեկնածուների, կուսակցությունների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրերի ստուգման արդյունքներով ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կողմից  կազմված տեղեկանքը, որը ներկայացրել է ծառայության ղեկավար Գ. Իշխանյանը։
ԼՂՀ ընտրական օրենսգրքի 26-րդ և 120-րդ հոդվածներին համապատասխան ԼՂՀ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող բոլոր 7 կուսակցությունները և մեծամասնական ընտրակարգով պատգամավորի 46 թեկնածուներից  33-ը  ձևավորել են նախընտրական հիմնադրամներ։
Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունն ուսումնասիրելով և ընդհանրացնելով ներկայացված հայտարարագրերն ու մյուս փաստաթղթերը, պարզել է, որ կուսակցությունների նախընտրական հիմնադրամներում կատարված մուտքերի ընդհանուր գումարը կազմել է 11450.0 հազ. դրամ, ծախսերի գումարը՝ 3319.0 հազ. դրամ, մնացորդը՝ 8131.0 հազ. դրամ։
Մեծամասնական ընտրակարգով պատգամավորի 46 թեկնածուների (2 թեկնածու գրանցվելուց հետո ինքնաբացարկ են հայտնել, 11 թեկնածուներ դեռևս հիմնադրամ չեն ձևավորել) հիմնադրամներում կատարված մուտքերը կազմում են 4885.0 հազ.դրամ, ելքերը՝ 2925.8 հազ.դրամ, մնացորդը՝ 1959.2 հազ. դրամ։
ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուների և համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների կողմից  նախընտրական հիմնադրամների ձևավորման, ֆինանսական մուտքերի և ելքերի առումով կոպիտ խախտումներ  չեն արձանագրվել։ 
Քննարկման արդյունքում ներկայացրած տեղեկանքը ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընդունվել է  ի գիտություն։ Այն կհրապարակվի ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում։
Նիստում քննարկվել է նաև թիվ 9 ընտրատարածքում գրանցված Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Տիգրան Վաչեյի Ադամյանի՝ նոտարական կարգով վավերացված ինքնաբացարկի մասին դիմումը և  ԼՂՀ  ընտրական օրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 119-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին համապատասխան որոշվել ուժը կորցրած ճանաչել  պատգամավորի թեկնածու Տ. Ադամյանի գրանցումը։
Վերջում ի գիտություն է ընդունվել ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի 2015թ. ապրիլի 13-ի հաղորդագրությունն առ այն, որ Շահումյանի տարածքային ընտրական հանձնաժողովի անդամ է նշանակվել Արփի Արմենի Դավթյանը։
 
ԼՂՀ  ԿԸՀ