[ARM]     [RUS]     [ENG]

ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է "Ընդդեմ Ցեղասպանության" և "Ցեղասպանության զոհերի հետ զորակցություն" կազմակերպությունների անդամներին

Ապրիլի 26-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է "Ընդդեմ Ցեղասպանության" և «Ցեղասպանության զոհերի հետ զորակցությունե կազմակերպությունների  ազգությամբ թուրք, քուրդ, զազա, ալևվի և չերքեզ մի խումբ անդամներին։
Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը կարևորել է այդ կազմակերպությունների գործունեությունը՝ ուղղված համամարդկային արժեքների  պաշտպանմանը և ողջունել նրանց անդամների սկզբունքային դիրքորոշումը՝ ճանաչելու և դատապարտելու Հայոց Ցեղասպանությունը։
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայոց Ցեղասպանության ճանաչումը կարևոր ներդրում է հետագա ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում։
Կազմակերպությունների անդամները զորակցություն են հայտնել Արցախի ժողովրդի ազգային ազատագրական պայքարին և պատրաստակամություն հայտնել իրենց ներդրումն ունենալ ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացում և Արցախի մասին միջազգային հանրությանը իրազեկման հարցում։
Հյուրերը նույն օրն այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել զոհված ազատամարտիկների հիշատակին, ինչպես նաև ծաղկեպսակ դրել Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նորաբաց զանգակատուն-հուշակոթողին։