[ARM]     [RUS]     [ENG]

ԿԱՂԱՊԱՐՎԱԾ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ

կամ ԼԻՏՎԱՑԻ ԼՐԱԳՐՈՂՈՒՀՈՒՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻՆ ԻՐԱԶԵԿԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ

Արցախի Հանրապետության նկատմամբ ընդգծված հետաքրքրությունը շարունակում է պահպանվել աշխարհի տարբեր երկրների ամենատարբեր լրատվամիջոցների շրջանում։ Արտերկրի լրագրողներն այստեղ են գալիս՝ իրենց աչքերով տեսնելու և հասկանալու իրականությունը, շփվելու հասարակ մարդկանց հետ և, իհարկե, հիմնավորելու սեփական տեսակետը ղարաբաղյան հիմնախնդրի մասին։ Վերադառնալով իրենց երկրներ՝ նրանք որոշակիորեն ներկայացնում են իրավիճակը, իսկ նրանց շեշտադրումները, որպես կանոն, ուղիղ համեմատական են լինում իրականության նրանց ընկալումներին։ Այս դեպքում խոսքը գնում է այն լրագրողների մասին, ովքեր մեր տարածաշրջան են այցելում՝ ուղղորդված չլինելով քաղաքական պատվիրատուի կողմից, և նրանց այցը հիմնականում մասնագիտական պարտականությունը կատարելու նպատակ է հետապնդում։ Իհարկե, հանդիպում ենք նաև այնպիսի լրագրողների, ովքեր կանխակալ տրամադրվածությամբ այցելելով մեր տարածաշրջան՝ աշխատում են ոչ թե իրականությունն անաչառ արտացոլելու ուղղությամբ, այլ հակված են լինում բավարարել, այսպես ասած, իրենց գոյությունն ապահովող լրատվամիջոցի կամ միջազգային որևէ կազմակերպության պահանջները, ընդ որում՝ այդ պահանջները կարող են միանգամայն տարբեր լինել։ՙԼիտվական առավոտ՚ թերթից օրերս մեր հանրապետություն այցելած երիտասարդ լրագրողուհի Ինդրե Վայնալավիչիուտեի մասին կոնկրետ ինչ-որ ենթադրություն անելն այս պարագայում էական նշանակություն չունի, քանի որ նրան մեկ-երկու հարց ուղղելուց հետո պարզեցինք, որ նա բավարար պատկերացում չունի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության մասին, և խիստ սահմանափակ տեղեկություններով պատրաստվում էր հանդես գալ Լիտվայի լայնատիրաժ ու հայտնի թերթերից մեկում։ Արցախցի գործընկերների հետ հանդիպելն ու ծանոթանալը նրա անձնական ցանկությունն էր, որին ընդառաջեց մեր երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը։ Արցախյան երեք լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպումը տեղի ունեցավ ԱԳՆ-ի գրադարանում, զրուցեցինք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, որոնց հիմքում երբեմնի խորհրդային հասարակարգն ապրած երկու ժողովուրդների ընտրության ընդհանրությունն էր, իսկ այդ ընտրությունը նրանցից յուրաքանչուրի համար կանխորոշել է պայքարի սեփական ուղին ու զարգացման հեռանկարները։ Լիտվացի գործընկերուհուն, բնականաբար, հետաքրքրում էր մեր տեղեկատվական դաշտն՝ իր բոլոր նրբերանգներով. առաջին հերթին զանգվածային լրատվամիջոցների քանակը, ոչ պաշտոնական մամուլի գոյությունն ու նրա գործունեության պայմանները, խոսքի ազատության ներկա մակարդակը և, ինչու չէ, նաև մեր կենսապայմանները։ Մենք տրամադրեցինք համապատասխան տեղեկատվություն նրան հետաքրքրող հարցերի մասին, փորձեցինք իմանալ մեր հյուրի՝ Արցախում չորսօրյա շփումներից ստացած տպավորությունները և հարցեր առաջադրեցինք Լիտվայում տիրող հասարակական ու քաղաքական իրավիճակի, տնտեսական ճգնաժամի հետ կապված դժվարությունների, մարդկանց կենսական խնդիրների և հոգսերի վերաբերյալ։ Լիտվացի լրագրողուհին մեծ հիացմունքով էր խոսում արցախցու մարդկային հատկանիշների, հյուրընկալության և հյուրի հանդեպ ցուցաբերած ուշադրության ու հոգատարության մասին։ Ինչպես մեր բոլոր հյուրերը՝ լինի զբոսաշրջիկ, պետական, հասարակական, թե արվեստի գործիչ, այնպես էլ Ինդրեն, հիացմունքով խոսեց մեր անկրկնելի բնաշխարհի, երկրում տիրող կարգուկանոնի, ամենուրեք ցուցաբերվող մարդկային բարյացակամ վերաբերմունքի մասին։ Մի խոսքով, սա սովորական հանդիպում էր արտերկրից ժամանած և մեր երկրին ծանոթանալու առաջին փորձն անող լրագրողուհու հետ։ Բայց սա երկրորդական նշանակության հարց է մեր մասնագիտության տեր մարդու, առավել ևս հակամարտության գոտում տիրող իրավիճակը ներկայացնելու խնդիր ունեցող լրագրողի համար։ Ինդրեն կարևորի մասին սեփական տեսակետն արտահայտեց այն բանից հետո, երբ նրան հարցրինք, թե ի՞նչ գիտի ղարաբաղյան հիմնախնդրի մասին, և քանի որ եղել է նաև ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, ի՞նչ է գրելու ՙԼիտվական առավոտ՚-ում։ Այն, ինչ լսեցինք լրագրողուհուց, մեզ այնքան էլ չզարմացրեց, քանի որ դա ընդամենը մեր խնդրին անտեղյակ ժամանակակից եվրոպացու ընկալումն էր։ Նրա կարծիքով՝ մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ կաղապարված մտածողությունը կարող է ժողովրդին տանել ոչ ճիշտ ուղիով, ուստի և պետք է մտածել միայն խաղաղ գոյակցության մասին։ Վերջապես, Ադրբեջանում, բացի ադրբեջանցիներից, ապրում են այլ ժողովուրդներ, և ի՞նչ կպատահի, եթե նրանք բոլորը ինքնուրույնության համար պատերազմի մեջ մտնեն, իր տեսակետը հայտնեց մեր գործընկերուհին։ Դրանով չբավարարվեց և ասաց անսպասելին. հայերը ցեղասպանություն են տեսել, դաժան ու ծանր ժամանակներ են ապրել, ուրեմն անհրաժեշտ է հետևություններ անել այդ ամենից և մտածել միայն ապագայի մասին, որպեսզի նոր փորձությունների առաջ չկանգնեն։ Դե ինչ, մեր զրույցի շարունակությունն արդեն դասի վերածվեց, և մենք ստիպված էինք բացատրել Ինդրեին, որ նախքան հակամարտության մասին գրելը, նախևառաջ, անհրաժեշտ է նվազագույն տեղեկություններ ունենալ այդ հակամարտության պատմական հիմքերի, ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի, ինքնորոշման իրավունքի, ավելի քան երկու տասնամյա կենսագրություն ունեցող պետության ձգտումների մասին, առանց որի անհնար կլինի անաչառ կերպով ներկայացնել իրականությունը։ Նաև խորհուրդ տվեցինք նրան որոշ չափով ծանոթանալ Հայոց ցեղասպանության մասին վկայող փաստերին ու նյութերին, որից հետո խորհել, թե ինչպես է անցյալ դարի սկզբին ցեղասպանություն ապրած ժողովուրդը վերածնվել և ինչպես է նրա արցախյան հատվածը նույն դարի վերջերին հռչակել երկրորդ հայկական անկախ պետությունը։ Այսօր էլ այդ ժողովուրդը պատրաստ է պաշտպանել արյան գնով ձեռք բերվածը և սերունդներին հանձնել զարգացող ու բարգավաճող երկիր։ Նրան տեղեկացրինք նաև Ադրբեջանում ապրող այլ ազգերի՝ թալիշների և ավարների երկարամյա պայքարի մասին, որոնք նույնպես ձգտում են ինքնուրույնության՝ այլևս չհանդուրժելով ադրբեջանական պետության այլատյաց քաղաքականությունը։ Լիտվուհին, կարծում ենք, հայրենիք վերադառնալուց հետո ինքը կփորձի ազատվել սեփական կաղապարներից և, մասնավորապես, կսկսի մտածել, թե ո՞րն էր Խորհրդային Միության և առաջին հերթին ռուս ազգի նկատմամբ լիտվացիների ունեցած անհանդուրժողականության պատճառը։ Կարիք չկա որևէ մեկին բացատրելու, թե ինչ ճիգեր էին թափում մերձբալթյան հանրապետությունները, և առաջին հերթին Լիտվան, խորհրդային հասարակարգից օր առաջ ազատվելու համար։ Նա կխորհի նաև մեր առաջադրած մեկ այլ հարցի շուրջ. ճի՞շտ է, արդյոք, որ Լիտվան ԵՄ անդամ երկրների շարքում առաջին տեղն է զբաղեցնում ինքնասպանության դեպքերի թվաքանակով և վերջին տեղերից մեկը՝ սոցիալական պաշտպանվածության նպատակով պետության հատկացրած միջոցների առումով։ Լրագրողուհին ազնվություն ունեցավ ոչ միայն հաստատել այդ փաստերը, այլև տեղեկացնել մեզ, որ շատ մարդիկ միայնության մեջ, հաճախ իրենց բնակարաններում ինքնակամ վերջ են տալիս իրենց կյանքին, և այդ ինքնասպանությունների հիմքում հենց սոցիալական խնդիրն է։ Մենք օգնեցինք նրան՝ ճիշտ եզրահանգում անելու այս ամենից. եթե եվրոպական չափանիշներով ապրող ժամանակակից Լիտվայում մարդիկ ինքնասպանության են գնում իրենց սոցիալական խնդիրները լուծել չկարողանալու պատճառով, ապա արցախյան իրականությանը միանգամայն խորթ է նման երևույթը։ Մարդիկ այստեղ միայնության մեջ չեն. նրանք ապրում են ձեռք ձեռքի տված՝ պատրաստ օգնելու միմյանց, անվարան քայլելով բոլոր դժվարությունների և փորձությունների միջով։ Այստեղ ժողովուրդն իր ապագան հստակ պատկերացնում է իր ստեղծած ինքնիշխան պետությունում։ Արժեքներն այստեղ բոլորովին այլ են։ Արցախում նրա տեսածն ու լսածը, կարծում ենք, բավարար կլինեն հասկանալու, թե ինչու է առաջնագծում կանգնած հայ զինվորը անձնազոհաբար անառիկ պահում իր երկրի սահմանները, ինչու է նրա մարտական ոգին այդքան բարձր, և հատկապես ինչու է Արցախի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իրեն համարում երկրի նվիրյալ զինվորը։ 

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ