Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԻՍԼԱՄԱԿԱՆ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԿՐՈՆԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԶԴԵՑԻԿ ԳՈՐԾՈՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

Որի դեմ Իլհամ Ալիևը պայքարում է այնպես, ինչպես Էրդողանը՝ Թուրքիայում

Արցախյան պատերազմի տարիներին Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը, լավ իմանալով իր անմարտունակ բանակի հնարավորությունները, ճակատ էր ուղարկում ծայրահեղական իսլամիստների, որոնցից առավել աչքի էին ընկնում թուրքական ՙԳորշ գայլեր՚ խմբավորման ներկայացուցիչները, Չեչնիայից՝ Բասաևի, Ռադուևի հրամանատարությամբ գործող ջոկատները։ Հայկական զինված ուժերի կողմից հրապարակվել է նաև ադրբեջանական ղեկավարության կողմից վարձված աֆղանական ծայրահեղական իսլամիստ Գուլբեդդին Հեքմաթիյարի խմբի ռազմական գործողություններին մասնակցելու փաստը։ Պատերազմը, սակայն, ցույց տվեց հայկական բանակի դեմ կռվող բոլոր կարգի վարձկանների և ահաբեկիչների կրկնակի անմարտունակությունն ու անզորությունը։Ներկա դրությամբ հարևան երկրի ներքին կյանքում նկատվում է իսլամիստ ծայրահեղականների, գլխավորապես սալաֆիականների կամ վահաբականների ակտիվացում, ասել է թե՝ ալիևյան վարչակարգի խնդիրներին գումարվում է ևս մեկը՝ ավելի վտանգավոր այն առումով, որ այս պարագայում խոսքը գնում է կրոնաքաղաքական ազդեցիկ ուժի մասին։ Տեղեկատվական աղբյուրների փոխանցմամբ՝ ծայրահեղական իսլամի գաղափարախոսները գրեթե բացահայտ հավաքագրում են երիտասարդ ադրբեջանցիներին և ուղարկում վերապատրաստման կենտրոններ, որից հետո նրանք մասնակցում են ահաբեկչական գործողությունների Սիրիայում, Ռուսաստանում և այլուր, իսկ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նրանք հիմնականում ներգրավվում են դիվերսիոն-հետախուզական գործողություններում։ Որ Մերձավոր Արևելքում իսլամիստ ահաբեկիչներին միացածների մեջ մեծ թիվ են կազմում ադրբեջանցիները, վաղուց արդեն նորություն չէ։ Դեռևս մեկ տարի առաջ լրատվամիջոցները տեղեկացրին, որ իսլամիստ ծայրահեղականներին միանալու նպատակով Իրաք է մեկնել Ադրբեջանի սուննի ուղղության սալաֆիական հոսանքի առաջնորդ Ալիխան Մուսաևն՝ իր զինակիցների հետ միասին, ով ՙԻսլամական պետությունում՚ պետք է գլխավորեր ադրբեջանական ստորաբաժանումը։ Նշենք, որ սալաֆիականությունն առաջացել է արաբերեն աս-սալաֆ՝ նախահայր եզրույթից, այսինքն՝ ուսմունքի հիմքում նախահոր գաղափարներն են, որի քարոզիչը 18-րդ դարում դարձավ Մուհամմեդ իբն Ալ-Վահաբը։ Վերջինս էլ ամբողջացրեց ուսմունքը, որը և կոչվեց նրա անունով՝ վահաբականություն։ Ադրբեջանական աղբյուրները նաև իրազեկել են, որ սիրիական ամբողջ պատերազմի ընթացքում կառավարական ուժերի դեմ կռվող ադրբեջանցիներից մոտ երկու հարյուրը զոհվել է։ Այդուհանդերձ, գնալով ավելի ու ավելի շատ ադրբեջանցիներ են ներգրավվում սիրիական հակամարտությունում, որոնք հանդես են գալիս ԻՊ-ի կազմում և Սիրիա են ներթափանցում Թուրքիայի տարածքով։ Դեռևս 2013թ. մայիսին Սիրիայում կռվող ադրբեջանցիները հանդես են եկել տեսադիմումով, որում իրենց հայրենակիցներին սիրիական իշխող վարչակարգի դեմ ջիհադի՝ հանուն հավատի, այսպես կոչված ՙսրբազան պատերազմ՚ մղելու կոչ են արել։ Այդ պատերազմը, ինչպես բոլոր ծայրահեղ իսլամիստների, այնպես էլ ադրբեջանցիների համար պայքար է՝ հանուն գաղափարի, հանուն մեծ խալիֆայության ստեղծման։ Առկա փաստերն ու իրադարձությունների ընթացքը վկայում են, որ ՙԻսլամական պետության՚ համար Ադրբեջանը ստանձնել է կենդանի ուժ մատակարարողի դեր, և դա գլխավորապես պայմանավորված է նրանով, որ իսլամի ծայրահեղական գաղափարախոսության կրողների թիվը գնալով ավելի է շատանում երկրում, հատկապես նրա հյուսիսային հատվածներում, որտեղ գերակշռում են սուննի ուղղության դավանողները։ ԻԼԻՊ-ի շարքերը համալրելու նպատակով Մերձավոր Արևելք են շտապում Բաքվի և Սումգայիթի, ինչպես նաև Թարթառի շրջանների մոլի իսլամիստները։ Վերոշարադրյալի համատեքստում ուշադրություն է գրավում Կովկասի մահմեդականների առաջնորդ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հանրահայտ միտքը, ըստ որի՝ այն մոջահեդները, ովքեր գնում են Սիրիա կամ Իրաք կռվելու, իսկական մոջահեդներ չեն, իսկական մոջահեդը Ղարաբաղում կռվողն է։ Հոգևոր առաջնորդն, ինչպես տեսնում ենք, մատնացույց է անում ՙսրբազան պատերազմի՚ գլխավոր վայրը։ Սիրիայում փորձ ձեռք բերած ադրբեջանցի ջիհադիստները պետք է այն օգտագործեն Ղարաբաղի դեմ մղվող ռազմական գործողությունների ժամանակ։ Միջազգային հանրության համար այլևս ակնառու է, թե որտեղից է գալիս Կովկասի տարածաշրջանի կայունությանը սպառնացող գլխավոր վտանգը։ Հայտնի է դարձել, որ իսլամիստ ծայրահեղականների հենակետը Ռուսաստանի, Վրաստանի և Ադրբեջանի մեջտեղում գտնվող Պանկիս վայրն է, որը շատ մոտ է Հայաստանին և, հետևաբար, առաջին հերթին սպառնում է նրա անվտանգությանը։ Ծավալվող իսլամական ծայրահեղականության խորապատկերին, անշուշտ, կարևորվում է Ռուսաստանի դիրքորոշումը. երկրի իշխանությունները միջազգային ահաբեկչության դեմ պայքարում այսօր հանդես են գալիս հակաիսլամական կոալիցիայի կողքին՝ չհանդուրժելով ՙԻսլամական պետության՚ առաջխաղացումը։ Այս հարթությունում քաղաքական փորձագետները ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ ՌԴ արտաքին քաղաքականության մեջ որոշակի նշանակություն է տրվում չեչենական գործոնին. չնայած Չեչնիայում գործում է ռուսաստանյան դրածոն՝ Ռամզան Կադիրովը, այդուամենայնիվ, նրան ընդունում են որպես Գրոզնիում ահաբեկչական գործողություններ իրականացրած մարդու։ Իրավիճակն, ինչ խոսք, վերահսկվում է Ռուսաստանի իշխանությունների կողմից, բայց ցանկացած պահի այն կարող է ապակայունանալ, քանի որ այստեղ եղանակ ստեղծողներն իսլամիստներն են։ Դառնանք հարևան երկրի ներքաղաքական զարգացումներին. ակտիվացող իսլամական ծայրահեղականությունը կարող է լուրջ վտանգ դառնալ Իլհամ Ալիևի վարչակարգի համար։ Կրոնական գործոնի ակտիվացման հիմքում նաև դժգոհությունն է ալիևյան վարչակարգից, որը մինչ այսօր չի հասել ղարաբաղյան խնդրի ադրբեջանանպաստ լուծման։ Իրականում Ադրբեջանի նախագահն իր ձեռքում կենտրոնացրել է անսահմանափակ իշխանություն՝ ունենալով առանցքային կառույցների աջակցությունը, ինչն իրեն թույլ է տալիս ճնշել վարչակարգին ընդդիմացող իրավապաշտպաններին, լրագրողներին, քաղաքացիական ակտիվիստներին։ Ստացվում է, որ այլընտրանքային ամենալուրջ ուժն իսլամիստներն են, որոնք բավարար համարձակություն ունեն՝ հակազդելու երկրի նախագահի քաղաքականությանը։ Նկատի ունենանք նաև, որ սիրիական հակամարտության գոտում ռազմական գործողություններին մասնակցելուց հետո նրանք ձեռք են բերել իրենց անհրաժեշտ հաղթաթուղթը՝ անմնացորդ հավատարմություն իսլամի գաղափարներին։ Անցյալ տարվա վերջերին նույնիսկ հրապարակվել են ՙԻսլամական պետությունում՚ փորձ ձեռք բերած ադրբեջանցի զինյալների անուններ, ովքեր համարձակվել էին բոլոր բացասական երևույթների մեջ մեղադրել նախագահին։ Կարծում ենք, հենց դա էր դրդել Իլհամ Ալիևին՝ իրեն հռչակել Ադրբեջանի իսլամական կուսակցության ղեկավար։ Դրանով, թերևս, նա ցույց տվեց, որ ինքն ամենևին էլ չի պատրաստվում հակազդել այդ ուժին ու նրա ծրագրերին։ Կասկածից դուրս է, որ սեփական գործողությունները նա համաձայնեցնում է ավագ եղբոր՝ Թուրքիայի նախագահի հետ, իսկ վերջինս լուռ համաձայնությամբ կանաչ լույս է վառել ծայրահեղական իսլամիստների ճանապարհին։ Դա ինքնանպատակ չէ. ՙԻսլամական պետության՚ ճարտարապետները, հանդես գալով հակաշիական դիրքերից՝ նաև հետապնդում են մերձավորարևելյան տարածաշրջանում անհերքելի դերակատարություն ունեցող և Թուրքիայի ախոյանը հանդիսացող Իրանի դիրքերը թուլացնելու նպատակ։ Այդ ամենով հանդերձ, Ադրբեջանն ունի նաև ներքին քաղաքական խնդիրներ. շատ ավելի լուրջ է դառնում հարցը, երբ նախագահը ծանրութեթև է անում երկրի հյուսիսային շրջաններում ստեղծված իրավիճակը, որոնցում գերակշռում են մի կողմից՝ իսլամի սուննի ուղղության դավանողները, մյուս կողմից էլ՝ ազգային ինքնության ձգտող ավարներն ու լեզգիները։ Այդ շրջանները հարում են ՌԴ-ի մաս հանդիսացող Դաղստանին, որտեղ, ինչպես հայտնի է, իսլամական ծայրահեղականությունը մեծ ազդեցություն ունի բնակչության վրա։ Չի բացառվում, որ հենց հյուսիսային շրջաններում ծավալվեն իրադարձություններ՝ հարուցելով անկառավարելի քաոս, որից Ալիև Կրտսերը կարող է գլուխ հանել, եթե հարգանքով վերաբերվի ազգային փոքրամասնությունների իրավունքներին։ Եվ ամենավերջում. եթե հանկարծ գործը հասնի ղարաբաղյան ճակատին, Ադրբեջանի նախագահը պետք է աչքի առաջ ունենա հոր օրինակը, ով Արցախյան պատերազմում չկարողացավ հաջողության հասնել վարձկան ահաբեկիչների օգնությամբ, իսկ նման զարգացումների դեպքում նրան մնում է միայն շտապ ՙխորհրդակցության՚ հրավիրել առողջ բանականությանը։ 

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ