[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱԿ-Ը ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ ԿՈԳԵԿՈՉԻ ԲՈԼՈՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶՈՀԵՐԻՆ

Սեպտեմբերի 11-ին, երկար տարիների դիվանագիտական համառ ջանքերից հետո, Հայաստանի Հանրապետությանը հաջողվեց հասնել բոլոր ցեղասպանությունների վերաբերյալ ընդհանուր բանաձևի միաձայն ընդունմանը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից։

Հայաստանի և համահեղինակ 83 այլ պետությունների կողմից ներկայացված բանաձևը Դեկտեմբերի 9-ը հռչակում է որպես ՙՑեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր՚։ Այդ օրն ընտրվեց, քանի որ դեկտեմբերի 9-ը 1948թ. Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման օրն է։ Այսուհետ յուրաքանչյուր դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ը ոգեկոչելու և հարգելու է բոլոր ցեղասպանությունների զոհերին։ Չնայած բանաձևը չի նշում որևէ կոնկրետ ցեղասպանություն՝ հայերից է կախված երաշխավորել, որ իրենց ցեղասպանությունը ընդգրկված լինի ՄԱԿ-ի այդ օրվա պաշտոնական հիշատակություններում։ Ոչ ոք չի զարմանա, եթե թուրքական կառավարությունը փորձի խափանել հայկական ջանքերը... Զավեշտալի է, որ Թուրքիան ցեղասպանության բանաձևի համահեղինակներից մեկն էր, հավանաբար, վախենալով, որ ընդդիմանալը կբացահայտեր նրա արմատացած մտատանջությունը ցեղասպանության թեմայի վերաբերյալ։ Հետևաբար, թուրք պաշտոնյաներն իրենց այնպես պահեցին, կարծես թե այս բանաձևը կապ չունի հայերի, ասորիների, հույների և քրդերի դեմ իրենց երկրի անցյալի և ներկայի ցեղասպանական ոճիրների հետ… Այս բանաձևի համահեղինակ 84 պետությունների շարքում էին Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հնդկաստանը, Ճապոնիան և Իրանը։ Հետաքրքիր է, որ Ադրբեջանը և Ռուանդան հեղինակակից չեղան դրան։ Ադրբեջանը չցանկացավ աջակցել Հայաստանի կողմից առաջարկված որևէ բանաձևի։ Մյուս կողմից, Ռուանդան բանաձևն ավելորդ համարեց, քանի որ ՄԱԿ-ը ապրիլի 7-ը հայտարարել էր որպես Ռուանդայում ցեղասպանության հիշատակի միջազգային օր։ Ի տարբերություն Ռուանդայի՝ Իսրայելն այս բանաձևի համահեղինակ է, չնայած ՄԱԿ-ը հունվարի 27-ն արդեն հաստատել է որպես Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օր։ ՙՊատասխանատվություն պաշտպանության համար համաշխարհային կենտրոնը՚ (The Global Centre for the Responsibility to Protect) անցյալ ուրբաթ հանդես եկավ հայտարարությամբ՝ բարձր գնահատելով ՄԱԿ-ի բանաձևի ընդունումը և թվարկելով ՙնախորդ դարի ամենասոսկալի ոճիրների կարևոր տարելիցները՚, ներառյալ ՙՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, Օսվենցիմի ազատագրման 70-ամյակը, Կամբոջայում ՙԿարմիր խմերների՚ սպանդի 40-րդ, և Ռուանդայի, Սրեբրենիցայի, Բոսնիա և Հերցեգովինայի ցեղասպանությունների 20¬րդ տարելիցները՚։ ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը առաջարկվող բանաձևը սեպտեմբերի 11-ին Գլխավոր ասամբլեայում ներկայացնելիս խոսեց իր ՙպարտքի զգացման՚ մասին։ Հարգանքի տուրք մատուցելով Ռաֆայել Լեմկինին, ով ստեղծել էր ՙցեղասպանություն՚ բառեզրը, դեսպանն ասաց. ՙՄիջազգային օրը կվերականգնի անցյալում անտարբերության մատնված զոհերի արժանապատվությունը։ Միլիոնավոր մարդկանց կյանքի անձեռնմխելիության ժխտումը ծայրագույն անարդարություն է։ Ժխտողականությունը խոցում է ցեղասպանությունը վերապրածների սերունդներին։ Մենք խոսում ենք փորձից ելնելով՚։ Ցեղասպանության մեկ այլ շրջադարձային տարեթիվ, որ մոռացության է մատնվել միջազգային հանրության և հայ ժողովրդի կողմից՝ ՄԱԿ-ի խտրականության կանխարգելման և փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովի կողմից ընդունված զեկույցի 30-ամյակն է։ ՙՎերանայված և նորացված զեկույց ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման հարցի վերաբերյալ՚ խորագիրը կրող պատմական փաստաթուղթը մշակվել էր բրիտանացի զեկուցող Բենջամին Ուիտակերի կողմից։ Հատկանշական է, որ դեսպան Մնացականյանը, ցեղասպանության բանաձևը ՄԱԿ-ին ներկայացնելիս, իր ելույթում երկու անգամ անդրադարձ կատարեց այս զեկույցին։ Ուիտակերն իր զեկույցի 24-րդ պարբերությունում մեջբերել է 20-րդ դարում տեղի ունեցած ցեղասպանությունների մի քանի դեպքեր, հատուկ տեղ հատկացնելով Հայոց ցեղասպանությանը։ Բացի այդ, 13-րդ տողատակում Ուիտակերն ավելացրել է. ՙանկախ հեղինակությունների և ականատեսների ստույգ գնահատմամբ, առնվազն 1 միլիոն մարդ, և հնարավոր է հայ բնակչության կեսից ավելին համարվում է սպանված կամ մահվան երթի դատապարտված։ Սա հիմնավորված է Միացյալ Նահանգների, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի, ինչպես նաև Օսմանյան կայսրությունում ժամանակակից դիվանագետների, ներառյալ դաշնակից Գերմանիայի արխիվներում գտնվող զեկույցներում։ Գերմանիայի դեսպան Վանգենհեյմը, օրինակ, 1915 հուլիսի 7-ին գրել է. ՙ[թուրքական] կառավարությունը, իրոք նպատակ է հետապնդում բնաջնջել հայ ցեղը Օսմանյան կայսրությունում՚ (Վանգենհեյմի արխիվ)՚։ Ցավոք, Ուիտակերն անցյալ տարի մահացավ։ Սակայն, ողջ են ՄԱԿ-ի ենթահանձնաժողովի մյուս երեք նախկին անդամները՝ Էրիկա Դայեսը (հույն), Լեանդրո Դեսփույը (արգենտինացի) և Լուի Ժուանեն (ֆրանսիացի), որոնք Ուիտակերի զեկույցում Հայոց ցեղասպանության հիշատակման անխոնջ ջատագովներ էին, որն ընդունվեց 1985թ. օգոստոսի 29-ին, ձայների 14 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ։ 2015 թ. դեկտեմբերի 9-ին, մարդու իրավունքների երեք պաշտպաններին պետք է հրավիրել ՄԱԿ՝ նշելու Ուիտակերի զեկույցի 30-ամյակը և ճանաչելու նրա եզակի ավանդը ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման գործում... Դեսպան Մնացականյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը և Հայաստանի կառավարությունը արժանի են հատուկ գնահատանքի՝ ՄԱԿ-ում ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ իրենց արդյունավետ դերակատարության համար։ 

 Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ ՙԿալիֆոռնիա Կուրիեր՚ թերթի հրատարակիչ և խմբագիր