[ARM]     [RUS]     [ENG]

ՄՇՏԱԿԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ԳՈՐԾՈՂ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՆԿԱՏԵԼԻՈՐԵՆ ԱՇԽՈՒԺԱՑԵԼ Է

ԼՂՀ  Ազգային ժողովի նախագահ Ա. Ղուլյանն իր տարեվերջյան մամուլի ասուլիսում անդրադարձել է անցած երկու նստաշրջաններում խորհրդարանի գործունեությանը՝ իրազեկելով, որ մայիս-դեկտեմբեր ամիսներին օրենսդիր մարմնի կողմից ընդունվել է 42 օրենք, օրենսդրական նախաձեռնությունների ընդհանուր թիվը 51 է, որից 5-ը պատգամավորներինն է, 46-ը՝ կառավարությանը։ 

 Օրենսդիր-գործադիր համագործակցության հարցերը գտնվել են պատշաճ մակարդակի վրա։ ԱԺ նախագահի խոսքով՝ խորհրդարան մուտք գործած և շրջանառության դրված բոլոր օրինագծերը և մյուս փաստաթղթերը քննության են առնվել գործադիր իշխանության լիազոր ներկայացուցիչների ակտիվ մասնակցությամբ, փոխըմբռնման մթնոլորտում։    

Խորհրդարան-բանակ հարաբերությունների մասով նշվեց, որ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ պատգամավորական խմբակցությունների կողմից պարբերաբար այցեր են կատարվել ՊԲ զորամասեր և առաջնագիծ, իրականացվել են որոշ համատեղ ծրագրեր, և ուրվագծվել  հետագա  անելիքներին առնչվող մի քանի նոր և կարևոր ուղղություններ։    

Խորհրդարանն իրականացրել է նաև մեր երկրի հիմնական օրենքով իրեն վերապահված այլ գործառույթներ ևս, ինչպիսին, օրինակ, ԼՂՀ արդարադատության խորհրդի երկու իրավաբան  անդամի նշանակումն է։  

Ազգային ժողովի քաղաքական գործառույթի մասով նշվեց, որ 6-րդ գումարման ԱԺ-ն շարունակել է հետևել միջազգային խորհրդարանական հարթակներում Արցախին առնչվող զեկույցների և բանաձևերի քննարկմանը և հանդես  եկել համարժեք հայտարարություններով։ Կարևորվեցին միջխորհրդարանական և տարբեր երկրների օրենսդիրների հետ կապերի ամրապնդումն ու ընդլայնումը։ ԱԺ նախագահի վկայությամբ՝ ձեռնարկվում են համապատասխան միջոցներ այլ երկրների խորհրդարանների հետ ստեղծված կապերն ամրապնդելու  և նոր շփումներ հաստատելու ուղղությամբ։ Կայուն կապեր են պահպանվում հետխորհրդային տարածքի մյուս նորանկախ պետությունների՝ Աբխազիայի, Հարավային Օսիայի և Մերձդնեստրի Մոլդովական հանրապետությունների խորհրդարանների հետ, տեղի են ունեցել փոխադարձ այցելություններ։ Ակտիվ են եղել եվրոպական երկրների խորհրդարանականների հետ շփումները, և այս առումով Ա. Ղուլյանն անհրաժեշտ համարեց առանձնացնել սեպտեմբերի 1-2-ին Եվրոպական Ազատ Դաշինքի պատվիրակության Արցախ կատարած այցը՝  նախագահի և Եվրախորհրդարանի պատգամավորի ուղեկցությամբ։ Այցը ներառել է  խորհրդարանական մակարդակի քննարկումներ, հանդիպումներ ԱԺ-ում ներկայացված մյուս կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Սեպտեմբերի 10-ին խորհրդարանում հյուրընկալել են Բելգիայի տարբեր մակարդակների խորհրդարանների ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությանը, որը, Ա. Ղուլյանի բնորոշմամբ, միջխորհրդարանական կապերի հաստատման մեկ այլ գործընթացի սկիզբ է այն իմաստով, որ համազգային կամ դաշնային մակարդակների խորհրդարաններից բացի համագործակցություն է հաստատվում նաև նահանգային խորհրդարանների հետ։ 

Սեպտեմբերի 17-19-ը Արցախում առաջին անգամ զանգվածային միջոցառում է անցկացվել ֆրանսիացի խորհրդարանականների և ֆրանսահայ մեր հայրենակիցների հետ։ ՙՖրանսիական օրեր Արցախում՚ փառատոնն իր մասշտաբայնությամբ ամենաընդգրկունն է եղել նախորդ բոլոր միջոցառումների համեմատությամբ։ Փառատոնի շրջանակներում իրականացված ծրագրերի մեջ կարևոր տեղ էր հատկացված Ղարաբաղ-Ֆրանսիա և Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակների համատեղ միջոցառմանը, որն անց է կացվել ԱԺ նիստերի մեծ դահլիճում։ 

6-րդ գումարման խորհրդարանի կողմից ևս ինստիտուցիոնալացված կառույցներն են ձևավորվել այլ երկրների խորհրդարանների հետ բարեկամական հարաբերությունների պահպանման և զարգացման համար։ Այսօր առկա են Ղարաբաղ-Ֆրանսիա բարեկամության շրջանակը, Արցախ-Լիտվա, Արցախ-Եվրամիություն բարեկամության խմբերը և ԼՂՀ ԱԺ-ՀՀ ԱԺ միջխորհրդարանական հանձնաժողովը։  

ԱԺ նախագահը նշվածին հավելեց նաև խորհրդարանի պատգամավորների՝ տարբեր պատվիրակությունների կազմում արտերկիր կատարած այցելությունները, մասնավորապես հանրապետության նախագահի հետ Մեծ Բրիտանիա և Ռուսաստանի Դաշնություն կատարած այցելությունները։

Կարևորվեց խորհրդարան-ընտրող կապը. աշխատանքն այս հարթությունում արտահայտվել է ինչպես ընդունելությունների, անձնական հանդիպումների, պատգամավորական այցերի, այնպես էլ քաղաքացիների գրավոր դիմումների և Ազգային ժողովի կողմից դրանց ընթացքավորման տեսքով։ Մայիս-դեկտեմբեր ժամանակահատվածում արձանագրվել է 105 քաղաքացու ընդունելություն. ԱԺ մուտք գործած 821 գրությունից 704-ը պաշտոնական բնույթի էին, 117-ը՝ քաղաքացիներից՝ ուղղված ԱԺ նախագահին։ Ա. Ղուլյանի վկայությամբ՝ գրանցված բոլոր փաստաթղթերն ընթացքավորվել են, քաղաքացիների դիմումների մի մասը դրական լուծում է ստացել, սակայն շարունակում են գերակշռել խորհրդարանի լիազորություններից դուրս գտնվող խնդրանքների ներկայացման դեպքերը։ Արձանագրվել է 83 գործուղում, որից 74-ը՝ ՀՀ, 9-ը՝ արտերկիր։ 

ԱԺ գործունեությունն այս ժամանակահատվածում լուսաբանվել է խորհրդարանում հավատարմագրված 10 զանգվածային լրատվամիջոցների 24 ներկայացուցիչների կողմից, ինչպես նաև Արցախի, Հայաստանի և Սփյուռքի էլեկտրոնային լրատվական միջոցներով։ Արցախի հանրային հեռուստատեսությամբ ամենամսյա հաճախականությամբ եթեր է հեռարձակվում օրենսդիր մարմնի գործունեությանը նվիրված ՙԽորհրդարանական ժամ՚ ծրագիրը։ Խորհրդարանի գործունեության մասին տեղեկատվություն է զետեղվում նաև սոցիալական ցանցերում։

Ընդհանրացնելով անցած յոթ ամիսների ընթացքում բոլոր ուղղություններով խորհրդարանի կատարած աշխատանքը՝  ԱԺ նախագահն ընդգծեց, որ 6-րդ գումարման ԱԺ աշխատանքների սկզբնական փուլում մշտական հիմունքներով աշխատելու հանգամանքը նկատելիորեն աշխուժացրել է խորհրդարանի օրենսդրական աշխատանքը, ինչպես նաև քաղաքական համագործակցությունը խորհրդարանական կուսակցությունների միջև։ Միջխորհրդարանական համագործակցության հարթությունում նախորդ տարիների ձեռքբերումները բավարար հիմքեր են առաջիկայում դրանք զարգացնելու, նոր իրողություններին արձագանքելու և մարտահրավերներին դիմագրավելու գործում։

Աժ գործունեության մեջ նշված առաջնահերթություններին զուգահեռ, խորհրդարանի խոսնակի իրազեկմամբ, պահանջված է մնում քաղաքացիներին հուզող խնդիրների հանդեպ ուշադրությունը, և այդ ուղղությամբ հաջորդ տարի նախահեսվում է ձեռնարկել կոնկրետ քայլեր։         

Ա. Ղուլյանն այնուհետև պատասխանել է լրագրողների հարցերին։

Նրան խնդրեցինք խոսել ամենահրատապի մասին. վերջերս ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրված աննախադեպ  սրացման առնչությամբ ԼՂՀ պաշտպանության նախարարը հայտարարեց, որ Ադրբեջանն իրավիճակը մոտեցնում է պատերազմականին։ Հայտնի է նաև ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի կոշտ ելույթը ՀԱՊԿ գագաթնաժողովում։ Ստեղծված իրավիճակն ի՞նչ նոր խնդիրներ է դնում մեր խորհրդարանի առջև՝ միջազգային հանրության կարծիքի վրա ազդելու տեսանկյունից։

ԱԺ նախագահը, պատասխանելով հարցին, նշեց, որ ինքն ամեն անգամ թեմայի շուրջ խոսելիս ընդգծել է, որ Ադրբեջանի վարքագիծը գնալով ավելի լուրջ վտանգներ է իր մեջ պարունակում, իսկ միջազգային հանրության վերաբերմունքը շարունակում է մնալ շատ պասիվ և անտարբեր։ Ադրբեջանը ոչ մի կերպ չի կարողանում զսպել իր ռևանշիստական նկրտումները և այսօր լուրջ սպառնալիք է դարձել տարածաշրջանային և միջազգային առումներով։ Սա վերաբերում է ոչ միայն հակամարտության գոտուն, այլև վերջին տարիներին այդ երկրում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին։ Իրավիճակի հետագա սրացումը միայն ԼՂՀ-ի և ՀՀ-ի գործը չէ. միջազգային հանրությունը կանգնած է ադրբեջանական հերթական արկածախնդրությանը բախվելու առաջ։ Պատկերացնելով խորհրդարանական դիվանագիտության կշիռն աշխարհում, շարունակեց ԱԺ նախագահը, կարծում եմ, որ խնդիրը մտահոգում է ոչ միայն Արցախի ու Հայաստանի, այլև մեր բոլոր բարեկամ երկրների խորհրդարաններին։  ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին կապերն, անշուշտ, պետք է իրենց դրսևորումն ունենան գործնական հարթությունում։      

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ