[ARM]     [RUS]     [ENG]

ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐ. Մարտահրավեր թուրք-ադրբեջանական տանդեմի և նոր հնարավորություններ` հայկական կողմի համար

Ամերիկյան հանրահայտ պետական գործիչ, քաղաքագետ և սոցիոլոգ Զբիգնև Բժեզինսկին 2011թ. հոկտեմբերին Նորմանդիայում միջազգային մրցանակ ստանալու  ժամանակ ելույթ է ունեցել, որի շեշտադրումներից մեկը, կարծում ենք, արժանի է ուշադրության՝ մերօրյա աշխարհաքաղաքական իրողությունների համապատկերին ունեցած հնչողության առումով։

Քաղաքականապես անելանելի վիճակը հաղթահարելու համար, ասել է նա, անհրաժեշտ է մոտեցման լայնություն և ազգային վստահության վերականգնում։ Դա իր հերթին պահանջում է լայն ռազմավարական տեսլական և պատմական նպատակների զգացողություն, ինչին կարելի է հասնել, վերջին հաշվով, ՙճիշտ հասկացված էգոիզմի՚ սկզբունքի շնորհիվ գլոբալ ճանաչում ստանալով։ Չենք սխալվի, եթե ասենք, որ անցած շաբաթվա վերջին Վիեննայում ԱՄՆ պետքարտուղար Ջ. Քերիի, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆ. Մոգերինիի և Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մ. Զարիֆի հանդիպման ենթատեքստում ՙճիշտ հասկացված էգոիզմի՚ սկզբունքի միջոցով աշխարհաքաղաքական փոխակերպման հասնելու ձգտումն էր։ ԱՄՆ-ն և ԵՄ-ն պաշտոնապես հայտարարեցին Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները վերացնելու մասին։ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բանակցությունները բնորոշել է կառուցողական՝ ընդգծելով, որ կողմերը քննարկել են միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու խնդիրը։ Գլխավոր հարցը, Զարիֆի խոսքով, ՙայո՚-ին հասնելն է։ Ինչպես գիտենք, Իրանի և 6 գերտերությունների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև պատմական համաձայնագիրը ստորագրվել էր 2015թ. հուլիսի 14-ին՝ Վիեննայում։ Իրանը պարտավորվել է հրաժարվել միջուկային զենքից և միջուկային օբյեկտներն օգտագործել միայն խաղաղ նպատակներով։ Թեհրանը նաև պարտավորվել է 25 տարով ուրանի հարստացման իր ողջ ծրագիրն իրականացնել միջազգային վերահսկողության ներքո։ Թերևս, կարելի է մոտավորապես պատկերացնել, թե ինչ է նշանակում մեծ համաձայնություն և ինչպես է այն արտացոլվելու աշխարհաքաղաքականության սուբյեկտների միջազգային քաղաքական օրակարգերում։ Եթե փաստը դիտարկենք Մերձավոր Արևելքում ծավալված իրադարձությունների համապատկերին, պետք է ենթադրենք, որ Արևմուտքն այս քայլով որոշակիորեն զսպեց մահմեդականության սունի ուղղության առաջատարների՝ Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի ախորժակը՝ պահպանելով տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը։ Երկու դաշնակից պետությունները հանդես են գալիս որպես Բաշար ալ Ասադի իշխանությանն ընդդիմացողներ և, բնականաբար, չեն կարող հանդուրժել Իրանի և Սիրիայի համատեղ քայլերը ծայրահեղական իսլամի դեմ պայքարում։ Նշենք նաև, որ զսպման քաղաքականությունը կիրառվեց նաև Իրանի նկատմամբ. միջուկային ծրագրին առնչվող պատժամիջոցների վերացմանն անմիջապես հետևեց Իրանի հրթիռային ծրագրի մասնակիցների նկատմամբ ԱՄՆ-ի կողմից կիրառվելիք նոր պատժամիջոցների մասին հայտարարությունը։ Վաշինգտոնում այն կարծիքին են, թե հրթիռային և միջուկային ծրագրերի հետ կապված պատժամիջոցներն իրար հետ առնչություն չունեն, տարակուսանքը չթաքցրեց ռուսաստանյան RIA Novosti տեղեկատվական-վերլուծական գործակալությունը։ Վիեննայի հանդիպումը չէր կարող իր անմիջական ազդեցությունը չունենալ թուրքական և ադրբեջանական ղեկավարության տրամադրությունների վրա. եղբայրական թելերով կապված առաջնորդները ցուցադրեցին գաղափարական միասնություն՝ իրենց հայտարարություններում ընդգծելով, որ կրթությունն ու դաստիարակությունը երկու պետություններում հիմնված կլինեն իսլամական օրենքի՝ շարիաթի վրա։ Ասել է թե՝ Արևմուտք-Իրան հարաբերությունների կարգավորումը, մեղմ ասած, հաճո չէ թուրք-ադրբեջանական տանդեմին, և բացի այդ, ի գիտություն նույն Արևմուտքի, վերջիններս վերահաստատում են իրենց հավատարմությունը նախկինում որդեգրած ռազմավարությանը։ Հայաստանը ողջունում է Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը, նշված է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունում։ Նրա խոսքով՝ Հայաստանը շահագրգռված է խորացնել փոխշահավետ համագործակցությունը բարեկամ Իրանի հետ։ Կասկածից դուրս է, որ հարաբերությունների խորացումը միայն դրական ազդեցություն կունենա ՀՀ անվտանգության և տնտեսության վրա, համոզմունք են հայտնել հայ քաղաքական փորձագետները։ Հարկ է նկատել, որ Մերձավոր Արևելքում Իրանի քաղաքական կշռի բարձրացումը Թուրքիային դրդում է նոր քայլերի. լրատվամիջոցները, հղում անելով թուրքական ռազմական աղբյուրների վրա, իրազեկեցին, որ Թուրքիան նախապատրաստական աշխատանքներ է տանում Սոմալիում ռազմական բազա բացելու ուղղությամբ։ Նպատակը, ըստ պաշտոնական ձևակերպման, ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարելու համար Սոմալիի և աֆրիկյան այլ պետությունների զինծառայողների ուսուցման ապահովումն է։ Կատարյալ աբսուրդ. ահաբեկչական պետությունը պատրաստվում է պայքարել ահաբեկիչների դեմ։ Հիշեցնենք, որ վերջին տարիներին պաշտոնական Անկարան փորձում է ակտիվացնել հարաբերություններն աֆրիկյան պետությունների հետ, որոնք գլխավորապես հիմնված են թուրքական կողմից ցուցաբերվող օգնության վրա. 2012-ին պաշտոնական մակարդակով իրազեկվել էր, որ Աֆրիկայում գործող 12 դեսպանատներին կգումարվի ևս 15-ը։ Բուրկինա Ֆասոյի գյուղերից մեկն էլ վերանվանվել է ՙԹուրքիա՚։ Մի նորություն ակնհայտ է. եթե նախկինում Թուրքիան հարաբերություններ ուներ հիմնականում հյուսիսաֆրիկյան պետությունների հետ, ապա այժմ թուրքական դիվանագիտության կողմից կարևորվում են մայրցամաքի հարավային հատվածի երկրները։ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը հարվածում է Թուրքիայի տարածաշրջանային նկրտումներին, այն է՝ դառնալ Միջին Արևեքի գերիշխող պետությունը։ Չնայած Թուրքիան մնում է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դաշնակիցը տարածաշրջանում, այդուամենայնիվ, նրա վտանգավոր աշխարհաքաղաքական ուղեգիծը կառավարելու անհրաժեշտությունը երբեք մոռացության չի մատնվում Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից։ Միացյալ Նահանգները, ինչպես հայտնի է, իսլամական ծայրահեղականության դեմ մղվող պայքարում աջակցություն ցույց տվեց քրդերին՝ հարուցելով թուրքական կողմի զայրույթը։ԱՄՆ-ն ներկա դրությամբ մտադիր չէ սատարել քրդերի՝ անկախ պետություն ստեղծելու պայքարին, բայց Թուրքիայի հավակնությունները զսպելու հարցում հաջողությամբ օգտագործում է քրդական գործոնը։ Հարկ եղած դեպքում նույնիսկ թուրքական պետության տրոհման մասին ակնարկներ են արվում արևմտյան կողմից։ Այս հանգամանքին անդրադառնալն ինքնանպատակ չէ. Արևմուտքում կարողանում են տեսնել մերձավորարևելյան տարածաշրջանում մրցակցող երկու պետությունների՝ Թուրքիայի և Իրանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների տարբերությունները։ Թուրքական իշխանությունների ահաբեկչական բնույթը հերթական անգամ ջրի երես դուրս եկավ տարածաշրջանում իսլամական ծայրահեղականության ակտիվացման պահից, և միջազգային հանրությունը համոզվեց, որ 20-րդ դարասկզբի Թուրքիայի և ներկայիս նախագահ Էրդողանի արտաքին քաղաքական նկրտումները չեն փոխվել։ Արևմուտքի համար պարզ է, որ այս երկիրը շարունակում է մնալ որպես ապակայունացնող գործոն ինչպես միջինարևելյան, այնպես էլ հարավկովկասյան տարածաշրջանների համար։ Պարզ է նաև, որ թուրքական իշխանությունները մտադիր չեն հրաժարվել ադրբեջանա-ղարաբաղյան ուղղությունում մշտապես ռազմական գործողություններ հրահրելու մարտավարությունից։ Վերը շարադրվածի ամփոփումը մոտավորապես այսպիսին է. թուրքական պետության նկրտումներին քաջատեղյակ արևմտյան ուժային կենտրոնն իր մերձավորարևելյան դաշնակցին օգտագործում է որպես տարածաշրջանային գործիք, և դրան զուգահեռ Իրանին դարձնում Թուրքիային հակակշռող ուժ՝ նրա հետ հարաբերությունները կարգավորելու միջոցով։ Նման վերաբերմունքը հարկադրել է Թուրքիային՝ գտնել ազդեցության նոր գոտի՝ հանձին Աֆրիկայի, որտեղ կարող է ցույց տալ իր հնարավորություններն ու գերիշխանության հասնելու ձգտումները։ Մեզ համար խնդիր չէ Թուրքիայի դերակատարության ուժեղացումը Սոմալիում կամ Տանզանիայում, խնդիրը հավակնություններից հրաժարվելու պատճառով ագրեսիվությունը կրկնապատկելու մեջ է, ինչը սովորաբար տանում է դեպի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի ապակայունացում։ Ինչ վերաբերում է Իրանին, ապա թե՜ հայկական և թե՜ միջազգային քաղաքական փորձագետները համոզված են, որ միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը հսկայական հնարավորություններ է բացում Հայաստանի համար։ ՙՔարնեգի՚ հետազոտական կենտրոնի վերլուծաբան Փոլ Սթրոնսկիի խոսքով՝ Իրանի նկատմամբ որոշ պատժամիջոցներ չեղարկելու դեպքում հայկական կողմը կարող է խորացնել Իրանի հետ համագործակցությունն առևտրի, փոխադրումների և տեխնոլոգիաների ոլորտներում։ Միջինարևելյան տարածաշրջանի գլխավոր ահաբեկչին՝ Թուրքիային մնում է կրտսեր եղբոր՝ Ադրբեջանի հետ հանդես գալ ռազմական գործողություններ հրահրողի, տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը խաթարող ուժի ՙառաքելությամբ՚։ Սեփական ինքնության, միջազգային ճանաչման ձգտող ժողովուրդների պայքարին ռեակցիոն քաղաքականությամբ հակադրվելն ու ահաբեկչությանը սատարելը հանգեցնում է գերհզոր պետությունների հակազդեցությանն ու միջազգային հանրության պարսավանքին։ 

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ