[ARM]     [RUS]     [ENG]

1988թ. ՓԵՏՐՎԱՐԻ 12, կամ` ԳՈՐԴՅԱՆ ՀԱՆԳՈՒՅՑՆ ԱՆՀԱՏԵԼԻ ԷՐ

1987-ի վերջին, շուրջ յոթամսյա ընդհատակյա պայքարից հետո Ղարաբաղյան շարժումը աստիճանաբար սկսեց դուրս գալ անլեգալ վիճակից:

Զգալով, որ արցախցի բանագնացների՝ իրար հաջորդող մոսկովյան այցելությունները, Կրեմլի բարձրաստիճան պաշտոնյաների հետ ունեցած հանդիպումները, նրանց ներկայացրած բավականին խոսուն փաստաթղթերը երկրում ծայր առած հրապարակայնության և ժողովրդավարության համապատկերի վրա ոչ մի լավ բան չեն կարող խոստանալ, Բաքուն սարսափած` փութաց թրի մի հարվածով կտրել գորդյան հանգույցը, քանի դեռ այն շատ չէր խճճվել: 

Փետրվարի 11-ին կուսակցության Ասկերանի շրջկոմի առաջին քարտուղար Վաչագան Գրիգորյանից իմացանք, որ հաջորդ օրը հատուկ առաքելությամբ Ստեփանակերտ կժամանեն Ադրբեջանի ղեկավարության ներկայացուցիչները, որոնք պետք է մարզկենտրոնում ու շրջկենտրոններում կուսակցական-տնտեսական ակտիվի ժողովներ գումարեին` նպատակ  ունենալով ընդունված որոշումներով խանձարուրի մեջ խեղդամահ անել Շարժումը:

Ծանր, մղձավանջային գիշեր անցկացրինք:

Ժողովը տեղի ունեցավ օրվա երկրորդ կեսին, շրջկոմի նիստերի դահլիճում (առավոտյան կայացել էր Ստեփանակերտ քաղաքի կուսակցական-տնտեսական ակտիվի հավաքը, որը միահամուռ ՙո՜չ՚ էր ասել Բաքվի ներկայացուցիչներին): Մինչ այդ շրջկոմի շենքի դիմացի հրապարակում ցույցի էին հավաքվել ավանի հիմնարկ-ձեռնարկությունների և շրջանի  գրեթե բոլոր գյուղերի հարյուրավոր ներկայացուցիչներ` Հայաստանի և ԽՍՀՄ պետական դրոշներով ու ՙԿեցցե՛ մայր Հայաստանի հետ ԼՂԻՄ-ի վերամիավորումը՚ կարգախոսով:

Շրջկոմի առաջին քարտուղարը ժողովականներին ներկայացրեց օրակարգը (ՙՇրջանում տիրող իրավիճակի մասին՚) և ՙբարձրաստիճան հյուրերին՚. Ադրկոմկուսի Կենտկոմի երկրորդ քարտուղար Վ. Կոնովալով, Կենտկոմի վարչական մարմինների բաժնի վարիչ Մ. Ասադով, Ադրբեջանի պետանվտանգության կոմիտեի փոխնախագահ Ն. Իմրանով, Լեռնային Ղարաբաղի մարզկոմի առաջին քարտուղար Բ. Կևորկով:

Խոսքը տրվեց Կոնովալովին: Սա մի կես ժամի չափ խոսեց ՙմեր երկրում ապրող հարյուրից ավելի ազգերի ու ազգությունների ջերմ և փոխադարձ բարեկամության մասին՚, որին ՙչի կարողացել սասանել ոչ մի սև ուժ, այդ թվում և հիտլերյան ֆաշիզմը՚: Այդ բարեկամությունը համարելով ՙմեծ Լենինի ստեղծած կոմունիստական կուսակցության և խորհրդային պետության ամենամեծ նվաճումը՚՝ հռետորը սահուն անցավ ՙերկու դրկից ժողովուրդների` ադրբեջանցիների և հայերի դարերի խորքից եկող եղբայրությանը՚, որը ՙմեկ անգամ չի դիմացել դաժան փորձությունների՚... Վերջում խորին վստահություն հայտնեց, որ ՙայս անգամ էլ կհաղթանակի երկու ժողովուրդների իմաստությունը՚, ՙայս անգամ էլ արժանի հակահարված կտրվի անդրօվկիանոսյան իմպերիալիստական տերությունների կողմից հրահրված ապօրինի` լենինյան ազգային քաղաքականությանը, պրոլետարական ինտերնացիոնալիզմին ու սոցիալիստական հայրենասիրությանն անհարիր գործողություններին՚, ՙորոնց (իբր թե` իմպերիալիստների-Կ.Դ.) ձեռքին կույր գործիք են դարձել մի խումբ տհաս, անպատասխանատու մարդիկ՚:

Բաքվում սերտած այս դասի ընթերցումը ժամանակ առ ժամանակ համեմվում էր դահլիճից հնչող սուր ռեպլիկներով: Կոնովալովը՝ ուշադրություն չդարձնելով դահլիճում տիրող աղմուկին, շարունակում էր լուսավորել կարճամիտներիս: Միայն մեկ անգամ, իր ելույթի ավարտին, փորձեց պատասխանել ՙհիմա ուրի՜շ ժամանակներ են, հիմա վերակառուցո՜ւմ է՚ ռեպլիկին և... Երևի պիտի ասեր` ՙվերակառուցումը ժամանակի երևույթ է՚ (ՙպերեստրոյկա-յավլենիե վրեմենի՚), շփոթվելուց (նյարդերը, հավանորեն, տեղի են տվել) ասաց. ՙվերակառուցումը ժամանակավոր երևույթ է՚ (ՙպերեստրոյկա-վրեմեննոյե յավլենիե՚): Ո~վ կարող էր պատկերացնել, որ, թեկուզ սխալմամբ արտահայտված այս մարգարեական կանխատեսությունը շատ շուտով միս ու արյուն կստանար… Դահլիճում սաստկացած աղմուկը խլացրեց նրա հետագա բացատրությունը, բայց մեզ համար դա էլ  հերիք էր, մեզ դա՜ էր պետք: Նույն երեկոյան ևեթ ընդհատակյա  խմբի անդամներ Սլավիկ Միրզոյանն ու Մարատ Հակոբջանյանը ՙգործուղվեցին՚ Երևան` Գորիս-Լաչինով, և արդեն հաջորդ առավոտյան արժեքավոր ՙավարը՚ հուսալի ձեռքերում էր (ժողովի ամբողջ ընթացքը  աննկատ ձայնագրել էինք): Այդ ժապավենը, որքան ինձ հայտնի է, ուղարկվել է Մոսկվա: Վ. Կոնովալովը դրանից հետո երկար չմնաց իր բարձր պաշտոնում: Ես հեռու եմ այն մտքից, թե դրանում վճռական դեր է խաղացել մեր ձայնագրությունը, բայց հազիվ թե այդ ՙլեզվական սայթաքման՚ համար ՙվերակառուցման հայրերը՚ համբուրած լինեին նրա  ճակատը:

Ճառն ավարտելով` Կոնովալովն ու նրան ուղեկցողները կամենում էին լքել դահլիճը, բայց ժողովականները պահեցին նրանց: ՙԷդ ո՞ւր եք գնում. բա մեր կարծի՞քը, մեզ էլ լսեցե~ք՚,- հնչում էր այս ու այն կողմից: Եվ առանց հրավերի ամբիոն բարձրացավ Բադարայի միջնակարգ դպրոցի երկարամյա տնօրեն, պատմության ճանաչված ուսուցիչ Արմեն Ավանեսյանը:

- Այս ամենի համար դուք եք մեղավոր` Ադրբեջանի ղեկավարներդ, և ձեր պատմաբան կոչեցյալները,- ասաց նա ու սկսեց կոնկրետ փաստերով ջրի երես հանել այն հայահալած քաղաքականությունը, որ տասնամյակներ շարունակ տարվում էր Արցախում Ադրբեջանի կառավարության, նրա հին ու նոր ղեկավարների կողմից, նպատակ ունենալով Ղարաբաղը դատարկել իր վաղնջական տերերից, ինչպես դարասկզբին դա արվեց հայկական Նախիջևանում: - Իբր ինքնավար մարզ ենք, բայց մեր երեխաները զրկված են մայր ժողովրդի պատմությունն ուսումնասիրելուց, մայրենի լեզվով հեռուստահողորդումեր դիտելուց… Դրա փոխարեն հայկական դպրոցներում Ադրբեջանի պատմություն և աշխարհագրություն  են անցնում, ու մեզ եկվորներ են համարում կամ` աղվանների հետնորդներ, մեր դարավոր մշակույթի հուշարձանները կոչում աղվանական, ասել է թե` ադրբեջանական: 

     Այս ոգով Ա. Ավանեսյանը խոսեց շուրջ տասը րոպե, որից հետո Վ. Գրիգորյանը, իմ խնդրանքով, ինձ հրավիրեց ամբիոնի մոտ: Եկվորները, որոնց դեմքերը, փորկապությամբ տառապողների նման, մի տեսակ բթացել-աղավաղվել էին առաջին ճակատային ելույթի հետևանքով, փոքր-ինչ շտկվեցին, հավանաբար կարծելով, թե ես կարդարացնեմ նրանց հույսերը, չէ՞ որ նստած էի նախագահությունում` նրանց կողքին (Կոնովալովը և մյուսները հետո պիտի ասեին` ինչպե՞ս կարելի է նստել մեր կողքին և հանդես գալ մեր դեմ). լինելով շրջանային թերթի խմբագիր, բնականաբար, շրջկոմի բուրոյի անդամ էի: Ստորև ներկայացնում եմ իմ ելույթը որոշ կրճատումներով. 

 

     ՙԱյս ժողովի մասնակիցները, ինչպես և մարզի բոլոր չափահաս հայ բնակիչները, իրենց խոսքը վաղուց ասել են, իրենց  ցանկությունն ու կամքն արդեն արտահայտել են աշխատանքային կոլեկտիվներում կայացած  ընդհանուր ժողովներում, Մոսկվա ուղարկած նամակների և հեռագրերի միջոցով, և ոչ ոք որևէ մեկի կողմից շանտաժի չի ենթարկվել, որևէ մեկին ոչ ոք իր կամքը չի պարտադրել: Ու եթե այսօր փորձենք մեր կամքը թելադրել նրանց, կնշանակի ճնշել դեմոկրատիան, հրապարակայնությունը, կնշանակի դեմ գնալ կուսակցության արդի քաղաքականությանը, վերակառուցմանը: Ես ևս իմ ստորագրությունն եմ դրել մի քանի փաստաթղթերի տակ, և գտնում եմ, որ միանգամայն օրինավոր ու արդարացի է մեր ժողովրդի ցանկությունը, և անվերապահորեն պաշտպանում եմ այն` ավելի քան համոզված, որ այստեղ խոսք լինել չի կարող ոչ մի նացիոնալիզմի մասին: Այսօրվա երեխան անգամ գիտի, որ նացիոնալիզմն այն է, երբ մի ժողովուրդ ճնշում, բռնություն է գործադրում մի ուրիշ ժողովրդի վրա: Մի՞թե նման բան կարելի է փնտրել Լեռնային Ղարաբաղի հայության ցանկության մեջ, այն է` ուղղել տասնամյակներ առաջ թույլ տված սխալը. պատմական Հայաստանի մի մասը կազմող մարզը վերադարձնել մայր հայրենիքին: Ծիծաղելի չէ՞, արդյոք, երբ երկու հայ կամենում են միասին, կողք կողքի ապրել, և դա մենք ուզում ենք ազգայնամոլություն համարել: Չմոռանաք, որ հիմա այլ ժամանակներ են, և չի կարելի հարցին մոտենալ 37 թվականի մեթոդով… 

Այստեղ ասվեց, թե իբր Մոսկվայում չի նայվում ու չի նայվելու ղարաբաղցիների խնդրանքը: Անձամբ ես չեմ հավատում այդ հայտարարությանը: Դուք գիտեք, որ Մոսկվայում է գտնվում Արցախի հերթական պատվիրակությունը՝ սոցաշխատանքի հերոս Գոհարիկ Սարինյանի գլխավորությամբ: Անցած գիշեր, ժամը 3-ին, Վաչե Սարուխանյանը և Գուրգեն Գաբրիելյանը զանգել են ինձ, տեղեկացնելով, որ ԽՄԿԿ Կենտկոմում իրենց ընդունել են պատշաճորեն, և որ մեր բարձրացրած հարցը ուսումնասիրվում է: Միաժամանակ խնդրել  են այդ մասին հաղորդել ձեզ, ինչը և սիրով կատարում եմ: Ափսոսում եմ միայն, որ ես նրանց հետ չեմ… Մոսկվայում մեր պատվիրակներին բացատրել են, որ ղարաբաղցիների պահանջի մեջ ոչ մի ազգայնամոլական, առավել ևս` հակապետական բան չկա, այնպես որ, հարկ չկա անպատասխանատու հայտարարություններով փորձել մոլորեցնել մարդկանց: 

 Վերջում ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ մեր շրջանի մի խումբ ճանաչված անձինք հատուկ կոչով դիմել են Հայաստանի  ղեկավարությանը, պահանջելով սատար կանգնել իրենց հայրենակիցների մարդկային ու ազգային արժանապատվության անձեռնմխելիությանը, ինչպես նաև` աջակցել մարզի հայ բնակչությանը` մինչև վերջ հասցնելու Լեռնային Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու համար ծավալած շարժումը… Բացի այդ, մի քանի ժամ առաջ հեռագիր ենք հղել ԽՍՀՄ ՊԱԿ-ի նախագահ Վ. Չեբրիկովին` հայտնելով մեր դեմոկրատական շարժումը բռնությամբ ճնշելու փորձերի մասին, ինչի ցայտուն վկայությունն է այս ժողովը՚:

Այդ հեռագիրը, որ տողերիս գրողի հետ ստորագրել են շրջկոմի աշխատակից Սլավիկ Առուշանյանը, ՙԿարմիր դրոշ՚ թերթի բաժնի վարիչ Սլավիկ Միրզոյանը, Ավետարանոցի միջնակարգ դպրոցի տնօրեն, ԽՍՀՄ ժողովրդական ուսուցիչ Իվան Աթայանը, միջկոլտնտեսային շինվարչության պետ Սուրեն Ղազարյանը և ՙԱնասնարդ՚ միավորման տնօրեն Մուրադ Խաչատրյանը, Մոսկվա է ուղարկվել` ի հիշեցում Կրեմլում մեր պատվիրականներին արված այն հավաստիացմանը, թե ՙնախկինում հարցը բարձրացնող մարդիկ ենթարկվել են հալածանքների, այժմ Կենտկոմը ուշի ուշով հետևում է, որպեսզի նման բան թույլ չտրվի, հակառակը` արժանի պատիժ ստանան այն վարչարարները, որոնք կփորձեն արգելել արդարության ձայնը՚ 

Մթնոլորտը ծայրաստիճան շիկացած էր, և բոլորս չափազանց լարված էինք, կարծես ասեղների վրա լինեինք. չէ՞ որ ոչ միայն  առաջին անգամ էինք ականատես լինում նման բացահայտ  առճակատման, այլև` մասնակից դառնում, ավելին` ինքներս էինք ստեղծում այն: Մեր արտասանած նախադասություններից, մեր արտահայտած մտքերի համարձակությունից, մանավանդ դրանց թողած  ազդեցությունից ուղղակի փշաքաղվում էին մեր մարմինները, ինչպես սառը ցնցուղի ժամանակ: Պահ էր լինում, թե գտնվում ենք այլ մոլորակի վրա կամ` ինչ-որ ներկայացման մեջ: Մի անբացատրելի դող էր պարուրել մեր մարմինները։ Ոչ, վախ չէր այդ, այլ ինչ-որ անըմբռնելի սարսուռ` առնչված մեր ուսերին կամովին դրված ծանրագույն պարտականության հետ, իսկ եթե նաև վախ էր, թող վերամբարձ չհնչի, ապա` ձեռնարկված գործի ճակատագրի համար. հանկարծ ոչինչ չստացվի, ինչպե՞ս պիտի նայենք մարդկանց աչքերին… Հիմա՜ կարող է տարօրինակ հնչել այս խոստովանությունը, բայց այն ժամանակ այլ կերպ չէր կարող լինել, և ինձ կհասկանան միայն նրանք, ովքեր ապրել են այդ անօրինակ պահերը:

Ժողովն ընթանում էր շրջկոմի շենքի մոտ խմբված բազմանդամ ցուցարարների ՙՀա-յաս-տան՚, ՙՄի-ա-ցում՚ վանկարկումերի տարափի տակ, որն անգթորեն խարտում էր մեր ՙհյուրերի՚ փափուկ լսելիքները:  

Ժողովում մեկ-երկուսը ևս հանդես եկան, բայց նրանց խոսքը, ընդհանուր առմամբ, անվտանգ էր և հիմնականում ուղղված էր Կևորկովի դեմ. իբր թե նա էր ստեղծված իրավիճակի ամենամեծ մեղավորը, և եթե փոխվի մարզկոմի առաջին քարտուղարը, ամեն ինչ լավ կլինի և այլն: Ընդ որում, դա ասվեց ռուսերեն: Այդուհանդերձ, Կոնովալովը նպատակահարմար գտավ իր թիմի հետ ցուցադրաբար լքել գվվացող դահլիճը: Ժողովը, սակայն, շարունակվեց և միաձայն (չհաշված նախագահության հետ դահլիճը լքած ադրբեջանցիներին) ընդունեց որոշում` ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու մասին հռչակագրի, որը նախապես քննարկվել ու պաշտպանության է արժանացել շրջանի աշխատավորական կոլեկտիվների ու հասարակայնության ներկայացուցիչների ժողովներում, ինչպես նաև ընդունվել են համապատասխան որոշումներ: Իսկ մինչ այդ այն քննարկվել ու հավանության է արժանացել հունվարի սկզբին Նորագյուղում կայացած գաղտնի հավաքում, որին մասնակցում էին շրջանի տնտեսությունների և հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարները, գյուղական խորհուրդների նախագահները, և որի մասին Իգոր Մուրադյանը հետագայում պիտի գրեր. ՙԱյս ժողովը մեծ նշանակություն ունեցավ ինչպես հենց Շարժման, այնպես էլ իրենց` կազմակերպիչների համար, քանի որ հասկացվեց` Ղարաբաղը պատրաստ է կազմակերպված ելույթի՚ (ՙՀայոց աշխարհ՚, 24.01.98թ.):

Հավելեմ, որ Կոնովալովի բրիգադը նույն առաքելությամբ պիտի նաև Մարտունի մեկներ, բայց Ստեփանակերտում ու Ասկերանում ցույց տրված ՙհյուրասիրությունը՚ ստիպեց ավելորդ ճանապարհ չկտրել: Օրվա վերջում տեղեկացանք, որ մարտակերտցիներն ու հադրութցիները ևս սառը ջուր են լցրել Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքներին:

Այսպիսով, փետրվարի 12-ին արվեց ևս մեկ կարևոր քայլ արցախահայության սահմանադրական պայքարի ճանապարհին: Այդ օրը փաստորեն կանխարգելակվեց Ադրբեջանի ղեկավարության նենգ նպատակադրությունը, այն էր` հասնել նրան, որպեսզի կուսակցական-տնտեսական ակտիվի ժողովներում ընդունվեն Շարժումը դատապարտող որոշումներ, որից հետո առանձին դժվարություն չէր լինի ՙմի խումբ ծայրահեղականների՚ հախիցը գալով խեղդել պայքարը, ինչպես եղավ 1960-ականներին:   

Կոմիտաս ԴԱՆԻԵԼՅԱՆ