[ARM]     [RUS]     [ENG]

Անդրանիկ ՄԻՀՐԱՆՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Ներկայացնում ենք ռուսաստանցի հայտնի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի հետ Tert.am-ի  հարցազրույցի 2-րդ մասը, որն առնչվում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հեռանկարներին, բանակցային գործընթացին, ԵԽԽՎ-ի օրակարգում ներառված 2 հայտնի զեկույցների միջազգային արձագանքներին։ 

 - Պարո՜ն Միհրանյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԽԽՎ-ում երկու հակահայ բանաձևերի քննարկումից հետո հայտարարել էր, որ Եվրոպան իսլամաֆոբ է, ավելի վաղ խոսում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի դեմ, որ ինչու են դեմ, որ հարցը տեղափոխվի Եվրոպայի խորհուրդ, այլ՝ ոչ մասնագիտացված ձևաչափ։ Սա, ի վերջո, չի՞ կանգնեցնի գործընթացը, քանի որ անցած տարեվերջին հազիվ կայացավ Սարգսյան-Ալիև հանդիպումը։

- Իմ կարծիքն ունեմ Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման մասին ու վաղուց՝ տասնյակ անգամներ ձևակերպել ու ասել եմ այդ մասին. ես բոլորովին չեմ հավատում, որ դիվանագիտական բանակցությունների միջոցով հարցը կարող է լուծվել։ Սա սառած իրավիճակ է, դիվանագիտությունը, բանակցություններն ընթանում են, և պետք է ասեմ, որ վերջին տարիների ընթացքում հայկական դիվանագիտությունը փայլուն է իրեն դրսևորում՝ թույլ չտալու համար որևէ սխալ, որի հետևանքով միջազգային հանրությունը Հայաստանի վրա կարողանա ճնշում գործադրել։ Եվ ներկայումս այդ բանակցությունների իմաստն այն է, որ միջազգային համայնքը չհամարի, որ Հայաստանն է մեղավոր, այլ հնարավորինս հայկական դիվանագիտությունն ի ցույց հանի, որ Ադրբեջանն է մեղավոր, որ հարցը չի լուծվում։

- Դա հայկական կողմին հաջողվո՞ւմ է։

- Դա հաջողվում է, պետք է ասեմ, որ և՜ Սերժ Սարգսյանը՝ որպես նախագահ, և՜ Էդվարդ Նալբանդյանը՝ որպես փայլուն դիվանագետ, փայլուն կերպով ամեն անգամ այդ հարցում շահում են Ադրբեջանի հետ այդ դիվանագիտական հակամարտությունը։ Միշտ Ադրբեջանը խոստանում է, սակայն խոստումը չի կատարում։ Առաջին և ամենամեծ դեպքը Կազանում էր, որտեղ Մեդվեդևը, բոլորն արդեն պատրաստվում էին ստորագրելու պայմանավորվածություն, որ առանց որևէ նախնական պայմանավորվածությունների պետք է ա՜յս, ա՜յս, ա՜յս բաները կատարվեն: Բայց Ալիևը վեր կացավ ու գրեթե տասը նախապայման դրեց։ Ես ռեալ մարդ եմ, գիտեմ համաշխարհային դիվանագիտության ռեալ պատմությունն ու, առհասարակ, պատմությունը, և գիտեմ, որ այս տեսակ հարցերը լուծվում են միմիայն ուժի միջոցով։ Բայց այսօրվա իրականության մեջ որևէ մեկը կողմ չէ, որ ուժային լուծում լինի։ Դրա համար, եթե կա բալանս և ուժերի հավասարություն, դիվանագիտական գործընթաց է ընթանում, և այդ դիվանագիտական գործընթացում միակ կարևոր բանը, իմաստն այն է, որ միջազգային հանրության առաջ Հայաստանը պետք է ցույց տա, որ մեղավորը, որ հարցը չի լուծվում, ոչ թե մենք ենք, այլ մյուս կողմն է։ Համենայն դեպս, մինչ օրս հաջողվում է դա անել։ Իսկապես, դիվանագիտական բոլոր կտրվածքներով ու խողովակներով Հայաստանը միշտ հաղթում է Ադրբեջանին։

- Սակայն երբ լինում են սահմանային միջադեպեր, մարդիկ են զոհվում՝ զինվորներ ու քաղաքացիական անձինք, ՄԽ-ն մշտապես նշում է, որ պետք է սահմանային միջադեպերի հետաքննություն անցկացնել և այլն։ Այսինքն՝ մեզ մոտ միշտ դժգոհում են, որ ՄԽ-ն հավասարության նշան է դնում կողմերի միջև՝ լավ իմանալով նախահարձակ կողմին։

- Միանշանակ, հաղթում է դիվանագիտորեն։ Ինչ վերաբերում է սահմանային բախումներին, իմ կարծիքը միանշանակ է. իհարկե, մեծամասշտաբ պատերազմ պետք չէ, բայց Հայաստանը պետք է միշտ ուժեղ հակահարված տա, որ այդ սրիկաները չփորձեն մասշտաբային ինչ-որ բախումներ, կրակոցներ և սադրանքներ կատարել։ Պատժիչ միջոցառումներ։ Իսրայելը միշտ նույն բանն անում է իրեն շրջակա երկրների նկատմամբ, որոնց հետ գտնվում է պատերազմի մեջ։ Այսինքն՝ սադրանքը պետք է խստագույն պատժիչ հակազդեցություն ունենա։

- Հայաստանում քաղաքագիտական շրջանակները խոսում են այն մասին, թե ինչու Ադրբեջանը չի գնա պատերազմի։ Բայց Ադրբեջանն անընդհատ հայտարարում է, որ իրեն ձեռնտու չէ ստատուս քվոն, և այդ մասին ամեն կերպ հասկացնում է միջազգային հանրությանը։ Ձեր կարծիքով՝ նա կսկսի՞, թե ոչ, լայնամասշտաբ պատերազմ։

- Տասնյակ անգամ պատասխանել եմ այդ հարցին։ Գիտեք՝ Իլհամ Ալիևի ամպագոռգոռ հայտարարությունների 99 տոկոսը ուղղված է ներքին ադրբեջանական լսարանին, որովհետև նրանք են կորցրել տարածքները, նրանք են պարտված կողմ և նրանք փորձում են այդ հարցի շուրջ իշխանական փոփոխություններ իրականացնել։ Դրա համար Ալիևը պետք է ցույց տա իրեն ուժեղ, ռազմատենչ և այլն։ Բայց մյուս կողմից՝ կա հարցերի մի շրջանակ, որը շատ պարզ է Իլհամ Ալիևի համար։ Նա գիտի, որ ի տարբերություն հոր, որը պատերազմը տանուլ տվեց, բայց պահեց իշխանությունը, ինքը պարտության դեպքում իշխանությունը չի կարող պահել։ Եվ այդ միլիարդները, որ ինքը, իր քույրը, իր կլանը դնում են իրենց գրպանները, կկորչեն, իրենք էլ երկրից կփախչեն և կունենան շատ ողորմելի ճակատագիր։ Այնպես որ, դա էլ է հասկանալի, մանավանդ՝ հիմա, երբ ընկել են նավթի գները, պարտքերը մեծացել են, վարկերը՝ վերցված են, ողորմելի վիճակը ավելի ողորմելի կդառնա։ Այնպես որ, ռիսկն ավելի մեծ է, քան դրա արդյունքը։

-Տարբեր ժամանակներում խոսվել է այն մասին, որ Ադրբեջանը, հնարավոր է, կարող է ԵԱՏՄ անդամ դառնալ։ Վերջին անգամ այդ մասին խոսել է արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։ Եթե ինչ-որ մի անորոշ ժամանակ անց դա հանկարծ իրականություն դառնա, ըստ Ձեզ, այն հանգամանքը, որ ԵԱՏՄ-ում լինեն Հայաստանն ու Ադրբեջանը, ինչպե՞ս կանդրադառնա Ղարաբաղյան հակամարտության վրա։

- Նույնիսկ չլինելով ԵԱՏՄ անդամ, Ադրբեջանը Ղազախստանի նախագահ Նազարբաևի միջոցով փորձում էր ազդել, որպեսզի կասեցվեր Հայաստանի անդամակցությունը, բարձրացնելով Ղարաբաղի հարցը։ Այն է՝ Հայաստանը մտնում է ԵԱՏՄ միայն ՀՀ տարածքո՞վ, թե Ղարաբաղի հետ միասին։ Նախ, կասկածում եմ, որ Ադրբեջանը երբևէ կմտնի այդ կառույց, և երկրորդ՝ եթե նույնիսկ ապագայում նման հնարավորություն լինի, չեմ կարծում, որ դա ունենա ինչ-որ վճռական նշանակություն Հայաստանի ապագայի համար։