[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՊԵՏՔ Է ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԼԻՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՆԵՐՈՒՄ ԾԱՎԱԼՎՈՂ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ

Ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում փետրվարի 11-ին տեղի ունեցավ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի և աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի համատեղ մամլո ասուլիսը։

Նախքան ասուլիսը՝ երկու հայկական պետությունների խորհրդարանների ղեկավարներն առանձնազրույց են ունեցել, տեղի է ունեցել նաև Արցախի և Հայաստանի խորհրդարանականների՝ ընդլայնված կազմով հանդիպումը։ Ա. Ղուլյանն ու Գ. Սահակյանը նախ ամփոփեցին ստեփանակերտյան հանդիպումների արդյունքները։ Առաջին անգամ չէ նման հանդիպում տեղի ունենում, ընդգծեց Արցախի խորհրդարանի խոսնակը, բայց 2015թ. մայիսյան ընտրություններից հետո՝ ԼՂՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի ձևավորման պահից առ այսօր, ՀՀ ԱԺ նախագահի հետ հանդիպում չի եղել։ Ա. Ղուլյանի խոսքով՝ ընդունելի էր Գ. Սահակյանի առաջարկն այս աշխատանքային այցի շրջանակներում մտքերի փոխանակությամբ հաջորդ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի օրակարգը ճշտելու մասին։ Այն շատ չի ուշանա և կլինի համատեղ քննարկումների արդյունքում համաձայնեցված՝ երկուստեք ընդունելի օրակարգ։ ՀՀ Ազգային Ժողովի նախագահի այցելության առաջին օրը հանդիպումներ են անցկացվել թե՜ նեղ և թե՜ ընդլայնված կազմով, իրազեկեց Ա. Ղուլյանը՝ հավելելով, որ ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում մտքերի փոխանակությունը հնարավորություն ընձեռեց առանձնացնել միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ նիստի քննարկմանը ներկայացվելիք հարցերի շարքը։ Նա շնորհակալություն հայտնեց Գ. Սահակյանին՝ նախաձեռնած աշխատանքային այցի և այստեղ տեղի ունեցած համատեղ քննարկումների համար։ ՀՀ ԱԺ նախագահը նախևառաջ կարևորեց վերջին տարիներին երկու հայկական պետությունների խորհրդարանների միջև կատարված լուրջ աշխատանքը՝ ոչ միայն միջխորհրդարանական հանձնաժողովի առումով։ Մենք հանգեցինք այն եզրակացության, շարունակեց Գ. Սահակյանը, որ քննարկումներ պիտի լինեն երկու խորհրդարանների մշտական հանձնաժողովների միջև, ինչը ենթադրում է բազմաթիվ հանդիպումների կազմակերպում։ Նրա խոսքով՝ բավականին լուրջ աշխատանք է կատարվել նաև միջազգային հարթակներում, առավել ևս այժմ երկու կողմերը փորձում են որոշակիորեն համատեղել ուժերը, որպեսզի Արցախի խորհրդարանը և՜ ՀՀ Ազգային ժողովի միջոցով, և՜ հենց իր ակտիվ մասնակցությամբ ներգրավված լինի միջազգային հարթակներում տեղի ունեցող գործընթացներում։ Նրա համոզմամբ՝ Արցախը պետք է մասնակցի Երևանում կազմակերպվող բոլոր ֆորումներին։ ՀՀ խորհրդարանի խոսնակն այնուհետև բացատրեց, թե ինչու չշտապեցին միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ գումարել. ԼՂՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի ընտրություններից հետո ձևավորվել է նոր կազմ, և բոլորի հետ խորհրդակցելու անհրաժեշտություն էր ինքը տեսնում։ Ի դեպ, ասաց նա, մեր քննարկումների ընթացքում բավականին լուրջ գաղափարներ հնչեցին, որոնք արձանագրվեցին երկու խորհրդարանների կողմից։ Մինչև փետրվարի վերջը հայաստանյան կողմն իր նկատառումները կհանձնի թղթին, նույնը կանի նաև արցախյան կողմը։ Կփորձեն համատեղել այդ երկու փաստաթղթերը և արդյունքում կունենան համապատասխան ծրագիր, որը միտված կլինի կոնկրետ աշխատանքների իրականացմանը։ Դա վերաբերում է հայտարարություններին, առաջիկա ծրագրերին և այլն, ի վերջո, հնարավոր կլինի ունենալ համապարփակ օրակարգ-ծրագիր, որն էլ կներկայացվի քննարկման։ Միջխորհրդարանական հանձնաժողովի նիստերը կարող են հրավիրվել 2-3 ամիսը մեկ անգամ, բայց համատեղ մշակված ծրագիրը կնպաստի, որ կողմերի միջև ամենօրյա կապ լինի՝ լուծելու այն խնդիրները, որոնք կձևավորվեն առաջին նիստի ընթացքում։ Երկու հայկական պետությունների խորհրդարանների ղեկավարներն այնուհետև պատասխանեցին լրագրողների հարցերին։ Աշխատանքային այցի առաջին օրվա ընթացքում կայացած հանդիպումների ժամանակ արդյո՞ք քննարկվել է Արցախում սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու խնդիրը։ Պատասխանելով հարցին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ ինքը չի կարծում, թե նման քննարկում կարող է լինել. Արցախում կորոշեն սահմանադրական փոփոխությունների հարցը։ Հայաստանի Հանրապետությունն էլ, բնականաբար, կօժանդակի դրան՝ ելնելով իր փորձից, կմասնակցի այդ քննարկումներին՝ ավելի համապարփակ փաստաթուղթ ստեղծելու նպատակով։ Շարունակելով գործընկերոջը՝ Ա. Ղուլյանը հավելեց, որ այդ թեման չի քննարկվել ասուլիսին նախորդած հանդիպման ընթացքում, այն պատճառով, որ սահմանադրական բարեփոխումները երկու հայկական պետությունների համար առանձին քաղաքական գործընթացներ են։ Մենք շատ լրջորեն հետևում էինք ՀՀ սահմանադրական բարեփոխումներին, ասաց ԼՂՀ ԱԺ նախագահը, մեր հանրապետությունում որոշակի քաղաքական գործընթացներ՝ առայժմ նախնական խորհրդատվությունների ձևով, արդեն սկսվել են, սակայն դա չի առանձնացվել քաղաքական կարծիքների ներկապնակում։ Առաջիկայում հայաստանյան գործընկերների հետ թեման քննարկելու առիթներ կլինեն՝ մեր հանրապետությունում ակնկալվելիք զարգացումների հետ կապված։ ՙԱԱ՚-ի հարցը վերաբերում էր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում քննարկման դրված հակահայկական երկու բանաձևերին, որոնցից մեկը՝ Սարսանգի ջրամբարին վերաբերողը, ընդունվեց։ Ակնառու էր այդ հարցում Արցախի և ՀՀ խորհրդարանականների համատեղ աշխատանքում տեղ գտած թերացումը, հակառակ դեպքում ՀՀ պատվիրակությունն իր ձեռքի տակ կունենար ավելի խոսուն ու հիմնավորված փաստարկներ, և խոսակցությունն էլ ավելի գործնական կլիներ։ ՀՀ ԱԺ նախագահը տեսնո՞ւմ է, արդյոք, միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներում նորամուծությունների կամ սրբագրումների անհրաժեշտություն։ Հարցին ի պատասխան Գ. Սահակյանն ասաց, որ խնդիրն իր առաջադրմամբ քննարկվել է, համաձայնություն կա նախևառաջ ամբողջական տեղեկատվություն ունենալու շուրջ։ Անշուշտ, պետք է աշխատել համատեղ տեղեկատվություն կազմելու վրա, որից հետո հարկ կլինի մտածել, թե ինչ փաստաթուղթ հակադրել դրան։ Ոչ միայն ԵԽԽՎ-ում, այլ, ընդհանրապես, միջազգային հարթակներում նման փաստաթղթի անհրաժեշտություն կա, համոզված է ՀՀ ԱԺ նախագահը, որովհետև ադրբեջանական կողմի ներկայացրածն ամբողջովին կեղծիք էր, միակողմանի զեկույց։ Միաժամանակ, շարունակեց նա, պետք է մտածենք ոչ թե արդարանալու, այլ մի նոր փաստաթուղթ ստեղծելու շուրջ։ Այդ խնդիրն էլ քննարկվեց, քանի որ բխում է իրականությունը ներկայացնելու անհրաժեշտությունից։ Եվրոպական այդ կառույցում կարելի է որևէ նախագիծ ներկայացնել, որը կունենա համապատասխան զեկուցողը, վերջինս էլ կժամանի Արցախ։ Մի խոսքով, դա մեզ համար մտահոգիչ խնդիր է, ընդհանրացրեց Գ. Սահակյանը՝ հավելելով, որ ՀՀ միջխորհրդարանական պատվիրակությունների հիմնական խնդիրը Արցախի հիմնախնդիրն է, ինչը պահանջում է մեր բոլոր ուժերի համատեղում։ Հարցի առնչությամբ ԼՂՀ ԱԺ նախագահը նշեց, որ, իր համոզմամբ, տեղեկատվության պակասի խնդիր չկար, որովհետև Սարսանգի ջրամբարին վերաբերող զեկույցն ի սկզբանե մտահղացվել ու ներկայացվել էր քաղաքական նկատառումներով, և եթե նույնիսկ բազմահատոր տեղեկատվություն հաղորդեին բոսնիացի զեկուցող Մ. Մարկովիչին, միևնույն է, դա նրան պետք չէր։ Նրան պետք էր համապատասխան քաղաքական ֆոն՝ Եվրոպայի հեղինակավոր կազմակերպության ամբիոնից ապատեղեկատվություն տարածելու համար։ Ա. Ղուլյանի խոսքով՝ այդ թեմայի շուրջ հանգամանալից են խոսել, և պարոն Սահակյանի առաջարկությունը Սարսանգի ջրամբարի, ինչպես նաև միջազգային հարթակներում Ղարաբաղի խնդրին առնչվող թեմաների վերաբերյալ նախապես որոշակի տեղեկատվություն հավաքագրելու և դրանք ճիշտ օգտագործելու մասին միանգամայն տեղին է, ինչը մեզ թույլ կտա առաջիկայում ավելի դիպուկ և ավելի թիրախային աշխատել այդ կարգի հարցերը լուծելու համար։ 

 Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ