[ARM]     [RUS]     [ENG]

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՆԱԽԱՊԵՍ

Մարտի 1-ը Քաղաքացիական պաշտպանության  միջազգային օրն է:

ԽՍՀՄ-ում երկար ժամանակ անտեսում էին այդ օրը: 1961 թվականին ընդունվեց ԽՍՀՄ քաղաքացիական պաշտպանության մասին օրենքը: Երկրի քաղպաշտպանության ընդհանուր ղեկավարությունը վերապահվեց ԽՍՀՄ Նախարարների խորհրդին, մտցվեց նաև ԽՍՀՄ քաղաքացիական պաշտպանության ղեկավարի պաշտոն: 1986 թվականից Խորհրդային Միությունում քաղաքացիական պաշտպանության համար սկսվեց նոր փուլ, որին վճռական ազդեցություն գործեցին ներքին հանգամանքները և առաջին հերթին այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք էին Չեռնոբիլի ատոմակայանի վթարը (1986թ.)և Սպիտակի ահեղ երկրաշարժը (1988թ.): Սկսած 1994 թվականի ապրիլից Հայաստանը Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության անդամ է: Արցախյան պատերազմն ի հայտ բերեց նախկին ԽՍՀՄ-ի ՔՊ համակարգի թերությունները, մասնավորապես՝ Արցախի ողբերգական դեպքերը, երբ խաղաղ բնակչությանը ժամանակին կազմակերպված չտարահանելը պատճառ հանդիսացավ զգալի մարդկային զոհերի: Քաղաքացիական պաշտպանությունն Արցախի Հանրապետության համար կարևոր ոլորտ է հանդիսանում, բնագավառ, որն ավելի մեծ ուշադրություն, հստակ քայլեր, շարունակական ու սկզբունքային աշխատանք է պահանջում: ԼՂՀ-ում քաղաքացիական պաշտպանության ոլորտը կարգավորվում է ՙՔաղաքացիական պաշտպանության մասին՚, ՙԱրտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին՚, ՙՌազմական դրության մասին՚ ԼՂՀ օրենքներով և այլ ենթաօրենսդրական ակտերով: Քաղաքացիական պաշտպանության համակարգում իր ուրույն տեղն ու դերն ունի ԼՂՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԼՂՀ ԿԱ ԱԻՊԾ): Կառույցի իրավասությունների ոլորտն ընդգրկում է փրկարար ծառայությունը, քաղաքացիական պաշտպանությունը, հրդեհային անվտանգությունը, տեխնիկական անվտանգությունը, պետական նյութական պահուստը, հիդրոօդերևութաբանական գործունեությունը և սեյսմիկ պաշտպանության համակարգումը: Քաղաքացիական պաշտպանությունը միջոցառումների համակարգ է` ուղղված բնակչության և նյութական արժեքների պաշտպանությանը կամ պաշտպանության նախապատրաստմանը` ԼՂՀ վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության դեպքում: Պետությունը քաղաքացիական պաշտպանության խնդրիներին պատրաստվում է նախապես` խաղաղ պայմաններում: ԼՂՀ վարչապետը հանդիսանում է Արցախի քաղաքացիական պաշտպանության պետը, իսկ պետի տեղակալը` ԼՂՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը: Մարտի 1-ի՝ Քաղպաշտպանության միջազգային օրը, արցախցիները նշում են որպես ՔՊ ուժերի և միջոցների մասին գիտելիքների տարածման քարոզչության օր: Այն նշանավորվում է որպես ազգային փրկարարական ծառայությունների հեղինակության բարձրացման օր, անհրաժեշտ է միշտ հիշել, որ Քաղաքացիական պաշտպանությունը հանդիսանում է պետության անվտանգության համակարգի բաղկացուցիչ մասը: Քաղպաշտպանության համաշխարհային օրվան էին նվիրված Արցախի հանրակրթական դպրոցներում մարտի 1-ին անցկացված միջոցառումները։ ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանի խոսքով՝ նպատակն է բարձրացնել ղեկավար կազմի տեսական գիտելիքները օբյեկտային վարժանքների պլանավորման և անցկացման գործում, կատարելագործել աշակերտների գործնական հմտություններն արտակարգ իրավիճակներում գործելու ժամանակ։ Հարկ է նշել, որ կրթօջախների տնօրինությունն ու աշակերտները ըմբռնումով և մեծ պատասխանատվությամբ են մոտեցել անցկացված նմանատիպ միջոցառումներին՝ կարևորելով դրանց դերը բնակչության համար։ Նրանցից շատերը, ինչպես հավաստեցին կազմակերպիչները, բավական բարձր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերեցին արտակարգ իրավիճակներում հայտնվելու դեպքում ճիշտ վարվելակերպի վերաբերյալ։ Ամեն միջոցառման ավարտին կրթօջախների ղեկավար կազմի հետ քննարկվեցին դրա ընթացքը, տեղ գտած թերությունները, հանձնարարականներ տրվեցին դրանք հետագայում շտկելու համար։ 

ՙԱԱ՚